Հա

Մարզական

09/01/2019 - 09:00

Ասիայի ազգերի գաւաթ. Սաուդական Արաբիա. Եւս մէկ ֆաւորիտ

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում են խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում են խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները:

Երէկ՝ յունւարի 8-ին Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում խաղադաշտ դուրս եկան D խմբում ներառւած Իրաքի եւ Վիետնամի հաւաքականները: Հանդիպումն անցաւ չափազանց դիտարժան եւ համառ պայքարում: Երկու խմբերն էլ ջանք չխնայեցին յաղթանակի նժարն իրենց կողմը թեքելու համար: Ու թէեւ վիետնամցիներին յաջողւեց երկու անգամ հաշւի մէջ առաջ անցնել, այդուհանդերձ, յաղթանակը ժպտաց իրաքցիներին, որոնք դրսեւորելով կամային բարձր յատկութիւններ, ոչ միայն կարողացան երկու անգամ հաշւում վերականգնել հաւասարութիւնը, այլ, նաեւ խփել որոշիչ գնդակն ու յաղթել 3:2 հաշւով:

Իրաքի կազմում գոլի հեղինակ դարձան Մոհանադ Ալին (35-րդ րոպէ), Հոմամ Թարիկը (60-րդ րոպէ) եւ Ալի Ադնանը (90-րդ րոպէ): Վիետնամի առաջին գնդակն իրաքի պաշտպան Ալի Ֆաէզի ինքնագոլի արդիւնքն էր (24-րդ րոպէ), իսկ երկրոդ գոլի հեղինակը Նգոյէն Սոնգ Փոնգն էր (42-րդ րոպէ):

Ինչեւ է, թէ՛ Իրաքի, թէ՛ Վիետնամի ընտրանիներն ապացուցեցին, որ պատրաստւած եւ դժւարին մրցակիցներ են: Այնպէս որ, յաջորդ երկու խաղերում լուրջ փորձութիւն է սպասւում Իրանի ազգային հաւաքականին:

Երէկ, Դուբայի «Մաքթում բին Ռաշիդ ալ Մաքթում» ստադիոնում ուժերը չափեցին E խմբում ներռւած Սաուդական Արաբիայի եւ Հիւսիսային Կորէայի հաւաքականները: Հանդիպումն անցաւ սաուդացի ֆուտբոլիստների խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Նրանք յաղթեցին խոշոր՝ 4:0 հաշւով, ապացուցելով, որ այս մրցաշարի ընդգծւած ֆաւորիտներից են:

Սաուդական Արաբիայի կազմում գոլի հեղինակ դարձան Հաթթան Բահեբրին  (28-րդ րոպէ), Մուհամմեդ ալ Ֆաթիլը (37-րդ րոպէ), Սալէմ ալ Դոսարին (70-րդ րոպէ) եւ Ֆահադ ալ Մաւալիդը (87-րդ րոպէ):

Այսօր՝ յունւարի 9-ին Ալ Էյնի «ՄաքթՀազա բին Զայէդ» ստադիոնում խաղադաշտ դուրս կը գան E խմբի միւս երկու թիմերը՝ Կատարի եւ Լիբանանի հաւաքականները: F խմբում եւս կը կայանայ երկու հանդիպում. Աբու Դաբիի «Ալ Նահեան» ստադիոնում կը մրցեն Ճապոնիայի եւ Թուրքմենստանի հաւաքականները, իսկ Շարջայի «Շարջա» ստադիոնում՝ Ուզբեկստանի եւ Օմանի ընտրանիները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։