Հա

Մարզական

12/01/2019 - 14:20

Աւելի քան 600 աշակերտների մասնակցութեամբ՝ բոցավառւեց 43-րդ Համադպրոցական խաղերի ջահը

Հինգշաբթի, յունւարի 10-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում բացումը կատարւեց 43-րդ Համադպրոցական խաղերի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հինգշաբթի, յունւարի 10-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում բացումը կատարւեց 43-րդ Համադպրոցական խաղերի:

Խաղերի կրակը Իրանի ժայռամագլցման եւ թենիսի ազգային հաւաքականների կազմում հանդէս եկող ջահակիրներ՝ Շանթ Իսաղուլեանի եւ Մինէ Մարտիրոսեանի ձեռամբ մուտք գործեց բացման հանդիսութեան դահլիճ, որտեղ Սրբազան Հօր ձեռամբ օրհնւելուց յետոյ, բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

17 դպրոցներից (12-ը հայկական, իսկ մէկը ոչ-հայկական դպրոցներ յաճախող աշակերտների), ինչպէս նաեւ 4 մանկապարտէզներից մասնակցող 415 տղայ եւ 197 աղջիկ աշակերտների մասնակցութեամբ խաղերը ընթացք են առնելու ֆուտբոլ, բասկետբոլ, թեթեւ ատլետ (տասնամարտ), շախմատ, թենիս, պինգ-պոնգ, ժայռամագլցում, հեծանւավազք մարձազեւերում:

Բացումը զուգորդւած էր գեղարւեստական, մարզական կատարումներով եւ խօսքերով:

Մարզական միութեան վարչութեան խօսքը փոխանցեց փոխնախագահ Հարմիկ Սարգսեանը, իսկ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան խօսքը՝ փոխնախագահ Ժանետ Թարվերդեանը:

Կատարւեց աշակերտների տողանցքը, որին յաջորդեց երդման արարողութիւնը: Մարզիկների եւ մրցավարների երդումը կատարեցին՝ Դայանա Յակոբեանը եւ Գեղարդ Թահմասեանը:

Օրհնանքի խօսքով ելոյթ ունեցաւ Սրբազան Հայրը, աշակերտութեանը մաղթելով առողջ մրցակցութիւն եւ մտքի պայծառութիւն:

Հանդիսութիւնը շարունակւեց գեղարւեստական ելոյթներով ու ասմունքային, ինչպէս նաեւ աշակերտական «Նարեկ» երգչախմբի կատարումներով:

Յատկանշական է, որ խաղերը շարունակւելու են հինգշաբթի եւ ուրբաթ օրերը: Իսկ 43-րդ շրջանի ջահը մարելու է իրանական գարնանային արձակուրդներից առաջ:

Հանդիսաւոր բացման ծրագիրը եզրափակւեց միասնական քոչարիով, որին մասնակցեցին Հ.Մ.Ա.Կ.-ի, «Ակունք», «Զարթօնք», «Սիփան», «Կակաչ», «Նայիրի» եւ «Նռանի» պարախմբերը:

Բացման հանդիսաւոր արարողութեան մանրամասնութիւնների մասին տես «Ալիք» օրաթերթի վաղւայ համարում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։