Հա

Մարզական

13/01/2019 - 08:50

Ասիայի ազգերի գաւաթ. Իրանը եւ Իրաքը եւս նւաճեցին յաջորդ փուլի ուղեգիր

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում է խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում է խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

Երէկ՝ յունւարի 12-ին Աբու Դաբիի «Ալ Նահեան» ստադիոնում առաջինը խաղադաշտ դուրս եկան D խմբում ներառւած Իրանի եւ Վիետնամի հաւաքականները: Առաջին հանդիպման պէս, այս խաղում եւս Իրանի ընտրանին ցուցադրեց յարաձակողական ոճի, գեղեցիկ ու կոմբինացիոն ֆուտբոլ, եւ ունէր խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն: Առաջին խաղակէսում Իրանի՝ մէկը միւսին յաջորդող գրոհներն արդիւնաւորւեցին 38-րդ րոպէին, երբ Սաման Ղոդուսի փոխանցումից յետոյ, Սարդար Ազմունը գլխի հարւածով գրաւեց վիետնամցիների դարպասը:

Երկրորդ խաղակէսի սկզբնամասում թէեւ Վիետնամի ֆուտբոլիստները ցուցաբերեցին որոշակի ակտիւութիւն եւ արագ փոխանցումների եւ գրոհների միջոցով փորձեցին բեկում մտցնել խաղի ընթացքում, այդուհանդերձ, մեր ֆուտբոլիստներին յաջողւեց շատ արագ կրկին տիրել նախաձեռնութեանն ու մրցակցին ստիպել մտածել միայն սեփական դարպասն անառիկ պահելու մասին: 69-րդ րոպէին, Իրանի ֆուտբոլիստների գեղեցիկ կոմբինացիայի արդիւնքում, Սարդար Ազմունը մրցակցի տուգանային հրապարակում ստացաւ Մեհդի Թորաբիի փոխանցումն ու ձախ ոտքի հարւածով երկրորդ անգամ գրաւեց մրցակցի դարպասը՝ իր հաշւին գրանցելով դուբլ: Սա, ի դէպ, այս մրցաշարում Ազմունի խփած երրորդ գնդակն էր, ինչի շնորհիւ էլ նա գլխաւորում է ռմբարկուների ցուցակը: 2:0՝ եւ Իրանի հաւաքականը տարաւ իր երկրորդ յաղթանակը, գործնականում լուծելով 1/8-րդ եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը:

Օրւայ երկրորդ հանդիպումը նոյնպէս D խմբից էր: Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում խաղադաշտ դուրս եկան Իրաքի եւ Եմէնի հաւաքականները: Հանդիպման ողջ ընթացքն անցաւ Իրաքի հաւաքականի խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Նրանք յաղթեցին 3:0 հաշւով եւ, նոյնպէս, լուծեցին յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Իրաքի կազմում գոլի հեղինակ դարձան Մոհանադ Ալին (11-րդ րոպէ), Բաշշար ռասանը (19-րդ րոպէ) եւ Ալաա Աբբասը (90+1-րդ րոպէ):

Օրւայ վերջին հանդիպումը E խմբից էր: Դուբայի «Ալ Մաքթում» ստադիոնում ուժերը չափեցին Սաուդական Արաբիայի եւ Լիբանանի ֆուտբոլիստները: Սաուդացի ֆուտբոլիստներից մեծ ջանքեր չպահանջւեց լիբանանեան արգելքը յաղթահարելու համար: Նրանք յաղթեցին 2:0 հաշւով: Սաուդական Արաբիայի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆահադ ալ Մաւալիդը (12-րդ րոպէ) եւ Հուսէյն ալ Մողաւին (67-րդ րոպէ):

Այսօր՝ յունւարի 13-ին կը կայանայ եւս երեք հանդիպում: Առաջինը խաղադաշտ դուրս կը գան E խմբում ներառւած Կատարի եւ Հիւսիսային Կորէայի ընտրանիները: Միւս երկու հանդիպուները F խմբից են. Ճապոնիա-Օման եւ Թուրքմենստան-Ուզբեկստան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։