Հա

Մարզական

16/01/2019 - 08:20

Ասիայի ազգերի գաւաթ. «Կենգուրուներ»-ը ճողոպրեցին

2019 թւական ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում է խմբային փուլի վերջին տուրը: Երէկ՝ յունւարի 15-ին պարզ դարձաւ B խմբի ճակատագիրը:

«alikonline.ir» - 2019 թւական ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում է խմբային փուլի վերջին տուրը: Երէկ՝ յունւարի 15-ին պարզ դարձաւ B խմբի ճակատագիրը:

Ալ էյնի «Խալիֆա բին Զայէդ» եւ Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոններում միաժամանակ խաղադաշտ դուրս եկան Աւստալիա-Սիրիա եւ Յորդանան-Պաղեստին զոյգերը: Յորդանանից բացի, որն արդէն լուծել էր խմբից առաջին տեղով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, այս հանդիպումները կենսական նշանակութիւն ունէին միւս երեք թիմերի համար, որոնք տեսականօրէն պահպանում էին յաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

Ուշադրութեան կենտրոնում էր յատկապէս Աւստրալիա-Սիրիա դիմակայութիւնը, որն իդէպ, չափազանց դիտարժան ու լարւած ստացւեց: «Կենգուրուներ»-ին միայն հանդիպման վերջին րոպէին յաջողւեծ կորզել յաղթանակն ու նւաճել 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր: Վերջնհաշաիւը 3:2 էր: Աւստրալիայի կազմում գոլի հեղինակ դարձան Աւէր Մաբիլը (41-րդ րոպէ), Քրիս Իկոնոմիդիսը (54-րդ րոպէ) եւ Թոմ Ռոջիչը (490+3-րդ րոպէ): Սիրիայի երկու գնդակները խփեցին Օմար Խարբինը (43-րդ րոպէ) եւ Օմար Սոմահը (80-րդ րոպէ/11 մետրանոց):

Յորդանան-Պաղեստին հանդիպումը Աւստրիա-Սիրիա հանդիպման հակապատկերն էր: Այն անհետաքրքիր ու յոգնացուցիչ ստացւեց: Յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը լուծած Յորդանանի ֆուտբոլիստները որեւէ մոտիւացիա չունէին այս հանդիպման համար, իսկ պաղեստինցիների մօտ էլ պակասում էր յաղթանակ կորզելու համար անհրաժեշտ մակարդակը: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով:

Այսպիսով Յորդանանի հաւաքականը վաստակելով 7 միաւոր, գլխաւորեց B խմբի մրցաշարային աղիւսակը: Աւստրալիան 6 միաւորով երկրորդն է: Հէնց այս երկու թիմերն էլ նւաճեցին յաջորդ փուլի ուղեգիր: Պաղեստինի հաւաքականը վաստակած 2 միաւորով երրորդն է, եւ յաջորդ փուլ դուրս գալու համար, պէտք է սպասի միւս խմբերի երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերի արդիւնքներին: Սիրիան էլ 1 միաւորով եզրափակեց  B խմբի մրցաշարային աղիւսակը:

Այսօր՝ յունւարի 16-ին չափազանց հետաքրքիր եւ ինտրիգային հանդիպում է սպասւում ֆուտբոլասէրներին: Դուբայի «Ալ Մաքթում» ստադիոնում կը կայանայ այսպէս կոչւած Արեւմտեան Ասիայի դերբին: Խաղադաշտ դուրս կը գան Իրանի եւ Իրաքի հաւաքականները: Երկու թիմերն էլ գործնականում լուծել են յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Հանդիպման արդիւնքը կը պարզի, թէ որ թիմն է D խմբից առաջին տեղով դուրս գալու յաջորդ փուլ: Այս խմբում կայանալիք միւս հանդիպումը՝ Վիետնամ-Եմէն դիմակայութիւնը կը ճշտի միայն երրորդ տեղի ճակատագիրը:

Այսօր պարզ կը դառնայ նաեւ C խմբի մրցաշարային աղիւսակի վերջնական պատկերը: Կը հանդիպեն Չինաստան-Հարաւային Կորէա եւ Ղրղզստան-Ֆիլիպիններ զոյգերը: Չինաստանն ու Հարաւային Կորէան արդէն լուծել են յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։