Հա

Մարզական

22/01/2019 - 08:20

Ասիայի ազգերի գաւաթ. «Սամուրայներ»-ն ու «Կենգուրուներ»-ը շարունակելու են պայքարը

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում է 1/8-րդ եզրափակիչ փուլը: Երէկ՝ յունւարի 21-ին տեղի ունեցաւ 3 հանդիպում, որոնց արդիւնքում Ճապոնիան, Աւստարլիան եւ ԱՄԷ-ն պայքարը շարունակելու հնարաւորութիւն ստացան:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում շարունակւում է 1/8-րդ եզրափակիչ փուլը: Երէկ՝ յունւարի 21-ին տեղի ունեցաւ 3 հանդիպում, որոնց արդիւնքում Ճապոնիան, Աւստարլիան եւ ԱՄԷ-ն պայքարը շարունակելու հնարաւորութիւն ստացան:

1/8-րդ եզրափակիչ փուլի կենտրոնական հանդիպումն անշուշտ մրցաշարի ֆաւորիտներից երկուսի՝ Ճապոնիայի եւ Սաուդական Արաբիայի դիմակայութիւնն էր, որն էլ կայացաւ Շարջայի «Շարջա» ստադիոնում: Շտապենք ասել, որ այս հանդիպումն այնքան էլ չարդարացրեց ֆուտբոլասէրների ակնկալիքը: Խաղի սկզբնամասում ճապոնացիներն ունէին որոշակի առաւելութիւն, որն էլ նիւթականի վերածել յաջողւեց 20-րդ րոպէին. Անկիւնայինի խաղարկումից յետոյ, Տակեհիրօ Տոմիասուն գլխի դիպուկ հարւածով գրաւեց մրցակցի դարպասը: Գոլից յետոյ «Սամուրայներ»-ը նախընտրեցին վերահսկել հանդիպման ընթացքն ու ռիսկի չդիմել, իսկ սաուդացիների գրոհներն էլ չունէին անհրաժեշտ սրութիւնը՝ խաղի ընթացքում բեկում մտցնելու համար: Արդիւնքում, Ճապոնիան յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով եւ նւաճեց 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր, ուր հանդիպելու է Վիետնամի ընտրանու հետ:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Ալ Էյնի «Խալիֆա բին Զայէդ» ստադիոնում: Խաղադաշտ դուրս եկան գործող չեմպիոնը՝ Աւստրալիան եւ Ուզբեկստանը: Օրւայ առաջին հանդիպման պէս, այս դիմակայութիւնը եւս անցաւ ոչ այնքան դիտարժան պայքարում: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում, երկու թիմերին չյաջողւեց հասնել յաջողութեան, որի արդիւնքում էլ խաղի ելքը որոշւեց յետխաղային 11 մետրանոց հարւածների միջոցով: Աւելի դիպուկ գտնւեցին «Կենգուրուներ»-ը, որոնք էլ յաղթեցին 4:2 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր, որտեղ էլ նրանց սպասում է ԱՄԷ-ն:

Օրւայ վերջին հանդիպումը կայացաւ Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում: Խաղադաշտ դուրս եկան ԱՄԷ-ի եւ Ղրղզստանի հաւաքականները: Այս դիմակայութիւնը, օրւայ նախորդ երկու հանդիպումների հակապատկերն էր. Այն անցաւ յամառ եւ դիտարժան պայքարում: ԱՄԷ-ի ֆուտբոլիստներին յաջողւեց երկու անգամ հաշւում առաջ անցնել, սակայն ղրղիզները ցուցաբերելով կամային բարձր յատկանիշներ, երկու անգամ հաշւում վերականգնեցին հաւասարութիւնը: Հանդիպման ելքը որոշեց լրացացուցիչ ժամանակում ԱՄԷ-ի խփած գնադկը: 3:2՝ եւ ԱՄԷ-ն նոյնպէս պայքարը շարունակելու հնարաւորութիւն ստացաւ: ԱՄԷ-ի կազմում գոլի հեղինակ դարձան Խամիս Իսմայիլը (14-րդ րոպէ), Ալի Մաբխութը (64-րդ րոպէ) եւ Ահմեդ Խալիլը (103-րդ րոպէ-11 մետրանոց): Ղրղզստանի գնդակները խփեցին Միրլան Մուրզաեւը (26-րդ րոպէ) եւ Թուրսունալի Ռուստամովը (90+1-րդ րոպէ):

Այսօր 1/4-րդ եզրափակիչ փուլի վերջին օրն է. կը հանդիպեն Հարաւային Կորէան եւ Բահրէյնը, Կատարն ու Իրաքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։