Հա

Մարզական

30/01/2019 - 08:30

Ասիայի ազգերի գաւաթ. Այս աչք շոյող եւ հիասքանչ Կատարը

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի եզրափակչում յանձինս Կատարի, Ճապոնիային լրջագոյն փորձութիւն է սպասւում:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթի եզրափակչում յանձինս Կատարի, Ճապոնիային լրջագոյն փորձութիւն է սպասւում:

Երէկ՝ յունւարի 29-ին Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում ԱՄԷ-ի եւ Կատարի հաւաքականները վիճարկեցին եզրափակիչ հանդիպման երկրորդ ուղեգիրը: Ֆուտբոլային ընկալեալ ինտրիգներից բացի, այս հանդիպմանը յաւելեալ ինտրիգ էր հաղորդել երկու երկրների միջեւ առկայ չափազանց լարւած քաղաքական յարաբերութիւնները: Արաբական աշխարհի մերժւածը, այսպէս կոչւած «անճոռնի ճուտիկ»-ը՝ Կատարը խմբային փուլում վստահ յաղթանակ էր տարել Սաուդական Արաբիայի նկատմամբ, իսկ սաուդացիների դաշնակիցները՝ էմիրեթցիները չէին ցանկանում արժանանալ դաշնակիցների ճակատագրին:

Հանդիպման հէնց մեկնարկից, սակայն, պարզ դարձաւ, որ ԱՄԷ-ի հաւաքականն իր կարգով մի քանի անգամ աւելի ցածր է Կատարի ընտրանուց, եւ բարդ առաջադրանքն իրականացնել նրանց չի յաջողւելու: Այս մրցաշարի գլխաւոր անակնկալը՝ Կատարի հաւաքականը, որն արդէն հասցրել է իր հաշւին գրանցել մրցաշարի բոլոր ռեկորդային ցուցանիշերը, հէնց սկզբից տիրեց նախաձեռնութեանը, եւ ունենալով խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն մրցակցին ինքնադրսեւորւելու որեւէ շանս չտւեց: Վերջնահաշիւն առաւել քան խօսուն է՝ 4:0: Կատարի կազմում գոլի հեղինակ դարձան Բուալեմ Խոխին (22-րդ րոպէ), Ալմուէզ Ալին (37-րդ րոպէ), Հասան ալ Հայդոսը (80-րդ րոպէ) եւ Համիդ Իսմայիլը (90+3-րդ րոպէ):

Այսպիսով փետրւարի 1-ին Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում չեմպիոնի տիտղոսը կը վիճարկեն Ճապոնիայի եւ Կատարի հաւաքականները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։