Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Reddit»-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:
«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Reddit»-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Հայ ֆուտբոլիստն իր օնլայն հարցազրոյցի մասին նշել է նաեւ թւիթերեան իր միկրոբլոգում: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:
- «Խաղի ընթացքում միշտ առաջնորդւում էք նախապէս մշակած մարտավարութեա՞մբ, թէ՞ փորձում էք ձեւաւորել սեփականը»,- հարցրել են Մխիթարեանին:
- «Խաղից առաջ գլխում ունեմ նախապէս ծրագրած նախագիծ, սակայն միշտ չէ, որ դրանք աշխատում են այնպէս, ինչպէս նախատեսել էի: Դրա համար պէտք է շատ արագ մտածել եւ հնարաւորինս շուտ որոշում կայացնել: Եթէ միայնակ ես եւ կանգնած է մրցակցի պաշտպանը, մտածելու շատ ժամանակ չունես: Աշխատել եմ 10 մարզիչների գլխաւորութեամբ: Բոլորը տարբեր էին: Շատ բան եմ սովորել նրանցից: Շնորհակալութիւն իւրաքանչիւրին: Սա մեծ փորձ էր»,- ասել է Մխիթարեանը:
- Խաղացել էք տարբեր դիրքերում: Որ դիրքում էք խնդիրներ ունեցել եւ որ դիրքն է Ձեզ աւելի հոգեհարազատ,- շարունակւել է օնլայն հարցազրոյցը:
- Ինձ աւելի շատ դուր է գալիս հանդէս գալ կենտրոնում, սակայն եզրերում խաղալիս շարժւում եմ այլ մարտավարութեամբ: Կարեւորն այն է, որ խաղում ես ու կարեւոր չէ, թէ որ դիրքում: Պարզապէս, ցանկանում եմ որքան հնարաւոր է շատ օգնել թիմին, որպէսզի հայրենակիցներս հպարտանան ինձնով:
- Ինչպիսին էր Ձեր արձագանգը, երբ իմացաք, որ Օբամէյանգը միանալու է «Արսենալ»-ին: Պատմէք, խնդրում եմ, «Yo Pierre!» տեսանիւթի ամբողջ պատմութիւնը:
- Երբ ես նկարահանեցի այդ տեսանիւթը, նա դեռ 100 տոկոսով չէր տեղափոխւել «Արսենալ»: Պարզապէս տեղափոխւելու դէպքում ցանկանում էինք նմանատիպ տեսանիւթ ունենալ: Երբ լսեցի, որ նա տեղափոխւում է, պարզապէս ասացի` հէյ, Պիէր, դու ուզո՞ւմ ես տեղափոխւել:
- Ըստ Ձեզ` 7 լեզւի տիրապետելն օգնո՞ւմ է հանդերձարանում, թէ՞ բոլորի հետ շփւում էք անգլերէնով:
- Լաւ է, որ տիրապետում ես տարբեր լեզուների, սակայն դա երբեմն շփոթեցնում է: Երբ դու ցանկանում ես տւեալ լեզւով համապատասխան բառ գտնել` խճճւում ես: Դժւար է իմանալ տարբեր լեզուներ:
- Որքա՞ն ժամանակ էք տրամադրում ֆուտբոլին:
- Ես շատ եմ մտածում ֆուտբոլի մասին: Մտածում եմ, թէ ինչ եմ արել մարզումների ժամանակ: Ինչն էր վատ եւ ինչն էր լաւ: Մտածում եմ, թէ ինչպէս կարող եմ աւելի լաւ անել: Ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ դիտում: Չեմ կարծում, որ մարզման ժամանակ կարող եմ դա անել, այդ պատճառով յետոյ եմ մտածում: Մարզման եւ հանդիպումների ժամանակ ամէն ինչ շատ արագ է կատարւում:
Վերադառնալով իր մի քանի լեզուներ իմանալուն` Մխիթարեանը նշել է, որ ամենաբարդն իր համար գերմաներէնն է, քանի որ այն սովորել է ինքնուրոյն: «Արել եմ դա թիմակիցներիս եւ մարդկանց հետ աւելի հեշտ շփւելու համար: Ամենահեշտը հայերէնն է, քանի որ իմ մայրենի լեզուն է: Դպրոցում ուշադրութիւն չեմ դարձրել անգլերէնի վրայ, քանի որ սովորել եմ ֆրանսերէն: Եւրոպական ակումբ տեղափոխւելու երազանքի հետ մէկտեղ սկսել եմ անգլերէն սովորել»,- ասել է Մխիթարեանը: