Հա

Մարզական

14/02/2019 - 08:23

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմ»-ը շանս չտւեց «Բորուսիա»-ին, իսկ «Ռէալ»-ը յաղթեց VAR-ի օգնութեամբ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղարկային երկրորդ օրւայ հանդիպումները չափազանց դիտարժան ստացւեցին:

«alikonline.ir»- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղարկային երկրորդ օրւայ հանդիպումները չափազանց դիտարժան ստացւեցին:

Ամստերդամաի «Ամստերդամ Արենա» ստադիոնում «Այաքս»-ը հիւրընկալել էր գործող չեմպիոնին՝ «Ռէալ Մադրիդ»-ին: Հանդիպման հէնց մեկնարկից հոլանդական ակումբը ստացաւ խաղային եւ տարածքային նկատելի առաւելութիւն: «Այաքս»-ի ֆուտբոլիստների ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլն ու գործադրած ճնշումն ինքնադրսեւորւելու որեւէ առիթ չէր տալիս «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներին: Սակայն, «Ռէալ»-ի ֆուտբոլիստներին աստիճանաբար յաջողւեց թոթափել հոլանդացիների մեկնարկային ճնշումն ու հաւասարեցնել խաղի ընթացքը: Այդուհանդերձ, «Այաքս»-ը դեռեւս պահպանում էր ոչ մեծ տարածքային առաւելութիւն, որի արդիւնքում էլ հանդիպման 37-րդ րոպէին գրաւեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գլխաւոր մրցաւարը VAR համակարգի օգնութեամբ, «Այաքս»-ի ֆուտբոլիստների մօտ գրանցեց խաղից դուրս վիճակ ու չընդունեց գոլը:

Երկրորդ խաղակէսն անցաւ հաւասար պայքարում. թիմերը փոխանակւում էին գրոհներով, սակայն, աւելի դիպուկ գտնւեցին «Ռէալ»-ի ֆուտբոլիստները: 60-րդ րոպէին Քարիմ Բենզեման բացեց հանդիպման հաշիւը: 15 րոպէ անց՝ 75-րդ րոպէին «Այաքս»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց հաշւում վերկանգնել հաւասարութիւնը. գոլի հեղինակ դարձաւ Հակիմ Չիէխը: Սա, սակայն, հանդիպման վերջին գոլը չէր: 87-րդ րոպէին Մարկօ Ասենսիօն խփեց «Ռէալ»-ի երկրոդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը: 1:2՝ եւ այսպիսով «Արքայական ակումբ»-ը մրցակցի դաշտում տարաւ կարեւոր յաղթանակ, կտրուկ մեծացնելով յաջորդ փուլ դուրս գալու իր շանսերը:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: «Տոտենհեմ»-ը որեւէ շանս չտւեց գերմանական Բունդեսլիգայի այս մրցաշրջանի առաջատարին՝ «Բորուսիա Դորտմունդ»-ին: Լոնդոնեան ակումբը յաղթեց խոշոր՝ 3:0 հաշւով, գրեթէ լուծելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: «Տոտենհեմ»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Սոն Հէոն-Մինը (47-րդ րոպէ), Եան Վերտոնգէնը (83-րդ րոպէ) եւ Ֆերնանդո Լեորենտէն (86-րդ րոպէ):

Այս փուլի միւս հանդիպումները կայանալու են գալիք շաբաթ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։