Հա

Մարզական

25/02/2019 - 09:30

Կախարդական. Մեսսին «կրկնել» է Պելէի հիանալի լուսանկարը

«Սեւիլիա»-«Բարսելոնա» խաղում կատալոնացիների արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին հեթ-տրիկի եւ գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ դարձաւ:

«alikonline.ir» - «Սեւիլիա»-«Բարսելոնա» խաղում կատալոնացիների արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին հեթ-տրիկի եւ գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ դարձաւ:

Իսկ խփած երկրորդ գոլից յետոյ այն ահա այսպէս տօնեց Ուսման Դեմբելէի հետ: Գրում է «Armsport.am»-ը:

Սա շատերին յիշեցրեց Պելէի ամենայայտնի լուսանկարներից մէկը:

Ի դէպ, Պելէի այս լուսանկարն արւել է աշխարհի 1970 թւականի առաջնութեան եզրափակչի ժամանակ, երբ Բրազիլիայի հաւաքականը 4:1 հաշւով յաղթեց Իտալիայի ընտրանուն: Պելէն առաջին գոլը հեղինակեց 18-րդ րոպէին` գլխի հարւածով: Հասկանալի է, որ ԱԱ-ի եզրափակչում խփած ցանկացած գոլը գերէմոցիանալ իրադարձութիւն է, բայց Պելէն անձնական պատմութիւն եւս ունէր:

Սրանից 12 տարի առաջ Պելէն հիանալի աշխարհի առաջնութիւն էր անցկացրել՝ 1958 թւականին: 17-ամեայ յարձակւողը փլէյ-օֆֆում «տանջում էր» բոլոր մրցակիցներին՝ 6 գնդակ ուղարկելով նրանց դարպասները (մէկը՝ քառորդ եզրափակչում, 3-ը՝ կիսաեզրափակչում, եւս 2-ը՝ եզրափակչում), իսկ յաջորդ մրցաշարերը Չիլիում եւ Անգլիայում (1962 եւ 1966 թթ.) կարելի է ասել՝ նա բաց թողեց: Վնասւածքի պատճառով նա այնտեղ երկուական հանդիպում անցկացրեց՝ դառնալով մէկական գոլի հեղինակ:

Եւահա, ԱԱ-1970-ը: Պելէն նորից գոլ է խփում եզրափակչում եւ այն տօնում Ժաիրզինիոյի հետ: Նա 29 տարեկան է, սուպերաստղ, եւ վերջապէս նորից կարողանում է երջանկացնել Բրազիլիային: Պելէի՝ այն ժամանակւայ հաւաքականի վրայ ունեցած ազդեցութեան մասին խօսել է Ռիւելինոն.

«Ես երբեք նման լաւատես եւ դրական տրամադրւածութեամբ ֆուտբոլիստի չէի տեսել: Նրա վերաբերմունքը գործին պարզապէս բացառիկ էր: Նա ամէն օր մեզ վստահութեամբ էր ներշնչում: Չէ՞ որ, եթէ անկեղծ, մեզանից ոչ-ոք չէր մտածում, որ նորից աշխարհի չեմպիոն դառնալու հնարաւորութիւն ունենք: Անյաջող ԱԱ-1966 էինք անցկացրել, շատ բարդ խմբում էինք յայտնւել գործող չեմպիոնի (Անգլիա),  Չեխոսլովակիայի եւ Ռումինիայի հետ: Բայց մենք ունէինք Պելէ եւ եւս մի քանի հիանալի ֆուտբոլիստ»:

Ի դէպ, այն մարզաշապիկը, որով Պելէն անցկացրեց այդ եզրափակիչը, 2002 թւականին վաճառւեց «Christie's» աճուրդի ժամանակ ռեկորդային 158 հազար ֆունտով: Սպասւում էր, որ դրա համար 30-50 հազար կը վճարեն:

Աճուրդից յետոյ Բրազիլիայում սկանդալ հասունացաւ. մարզիչ Մարիօ Զագալոն յանկարծ յայտարարեց, որ այն մարզաշապիկը, որով Պելէն անցկացրել էր առաջին կէսը, իր մօտ է, իսկ երկրորդ կէսի չեմպիոնականը մնացել է ֆիզպատրաստութեան մարզչի մօտ:

«Christie's»-ը, ստիպւած եղաւ ապացոյցներ ներկայացնել: Նախ, դեռ տեսանիւթում երեւում է, որ խաղից յետոյ Պելէին է մօտենում իտալացի պաշտպան Ռոբերտօ Ռոզատոն: Նա որպէս յիշատակ մարզաշապիկ է խնդրում Պելէից, իսկ 2002 թւականին այն փոխանցում է «Christie's»-ին մի շար փաստաթղթերով: Ամէն ինչ այդպէս էլ աւարտւել է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։