Հա

Մարզական

06/03/2019 - 08:40

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական ակումբների անյաջող մեկնարկը

Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2019 թւականի մրցաշրջանը:

«alikonline.ir» - Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2019 թւականի մրցաշրջանը:

Խմբային փուլի մեկնարկն անյաջող ստացւեց իրանական ակումբների համար: A խմբում «Զոբահան»-ը սեփական դաշտում հիւրընկալել էր Իրաքի «Ալ Զաւրա»-ին: Ոչ այնքան դիտարժան հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի` 0:0 հաշւով:

C խմբում Կատարի «Ալ Դուհայլ»-ը սեփական դաշտում ինքնադրսեւորման որեւէ հնարաւորութիւն չտւեց «Էսթեղլալ»-ին: Հանդիպման ողջ ընթացքում կատարական ակումբն ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն, որն էլ յաջողւեց նիւթականի վերածել: Հաշիւն առաւել քան խօսուն էր՝ 3:0:

D խմբում «Փերսփոլիս»-ը Թեհրանի «Ազադի» ստադիոնում հիւրընկալել էր ուզբեկական «Պախտակոր»-ին: Հանդիպման մեկնարկն անյաջող ստացւեց մայրաքաղաքի «Կարմիրներ»-ի համար: 5-րդ րոպէին օգտւելով պաշտպանների թոյլ տւած կոպիտ սխալից Մարատ Բիկմաեւը բացեց հանդիպման հաշիւը: Արդար լինելու համար, պէտք է նշենք, որ հարւածի պահին նա գտնւում էր ակնյայտ խաղից դուրս վիճակում, ինչն էլ վրիպեց մրցավարի աչքից:

Գոլից յետոյ «Փերսփոլիս»-ը նախաձեռնութիւնը վերցրեց իր ձեռքում՝ աւելացնելով ճնշումը: Արդիւնքում էլ 25-րդ րոպէին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Գոլի հեղինակ դարձաւ խորւաթ յարձակւող Մարիօ Բուդիմիրը:

Երկրորդ խաղակէսում, սակայն, Իրանի գործող չեմպիոններին չյաջողւեց պահպանել նոյն տեմպը: Ուզբեկական ակումբի ֆուտբոլիստները ֆիզիքական խաղի շնորհիւ «Փերսփոլիս»-ից խլեցին գոլային պահեր ստեղծելու հնարաւորութիւնը: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։