Հա

Մարզական

07/03/2019 - 08:20

Չեմպիոնների լիգա. Փարիզը նւաճւած է. «ՊՍԺ»-«Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 1:3

Մարտի 6-ը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում պատասխան հանդիպումների խաղային երկրորդ օրն էր:

«alikonline.ir» - Մարտի 6-ը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում պատասխան հանդիպումների խաղային երկրորդ օրն էր:

Փարիզի «Պարկ դէ Պրենս» ստադիոնում «Պարի Սէն-Ժերմէն»-ը հիւրընկալել էր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին: Մրցակցի դաշտում 2:0 հաշւով տարած յաղթանակից յետոյ, թւում էր, թէ փարիզաբնակ միլիոնատէրերին յաջորդ փուլ դուրս գալու համար այնքան էլ բարդ առաջադրանք չի առաջադրւած:

Հանդիպման մեկնարկը, սակայն, այլ բան էր յուշում: 2-րդ րոպէին «Կարմիր սատանաներ»-ի բելգիացի յարձակւող Ռոմելու Լուկակուն օգտւելով մրցակցի գերմանացի պաշտպան Տիլօ Կերէրի անյաջող յետփոխանցումից գրաւեց դարպասը: Գոլից յետոյ նախաձեռնութիւնն անցաւ «ՊՍԺ»-ի կողմը, որի արդիւնքում էլ ընդամէենը 10 րոպէ անց՝ հանդիպման 12-րդ րոպէին իսպանացի պաշտպան Խուան Բերնատը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը: Գոլից յետոյ, հանդիպումն ընթանում էր փարիզեան ակումբի խաղայաին եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: 30-րդ րոպէին, խաղի ընթացքին հակառակ, դարպասապահ Բուֆոնի թոյլ տւած կոպիտ սխալից յետոյ, որը բաց թողեց որսած գնդակը, Լուկակուն դարձաւ գոլի հեղինակ՝ իր հաշւին ձեւակերպելով դուբլ:

Երկրորդ խաղակէսում եւս «ՊՍԺ»-ն ունէր խաղայաին եւ տարածքային որոշակի առաւելութիւն: Նրանց գրոհներում, սակայն, պակասում էր սրութիւնը, որն էլ մրցակցին յուսալի պաշտպանւելու հնարաւորութիւն էր տալիս: Հանդիպման վերջնամասում կորցնելու ոչինչ չունեցող «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆուտբոլիստները նետւեցին գրոհի: Մրցավարի աւելացրած ժամանակի 4-րդ րոպէին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «ՊՍԺ»-ի պաշտպանը, որի արդիւնքում էլ մրցավարը 11 մետրանոց հարւած նշանակեց, որն էլ անվրէպ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը: 1:3՝ եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը դարձաւ Չեմպիոնների լիգայի պատմութեան մէջ առաջին թիմը, որը փլէյ-օֆֆում տանը 0:2 հաշւով պարտութիւն կրելուց յետոյ կարողացաւ մրցակցի խաղադաշտում յաղթել եւ դուրս գալ յաջորդ փուլ:

Օրւայ միւս խաղը կայացաւ Պորտուի «Էստադիօ դէ Դրագաու» ստադիոնում: «Պորտու»-ն հիրընկալել էր «Ռոմա»-ին: Թիմերի առաջին դիմակայութիւնն աւարտւել էր իտալական ակումբի յաղթանակով՝ 2:1 հաշւով: Այս անգամ, սակայն, աւելի ուժեղ էին Պորտուգալիայի գործող չեմպիոնները: Նրանք լրացուցիչ ժամանակի 117-րդ րոպէում խփւած գնդակի շնորհիւ յաղթեցին 3:1 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր:

«Պորտու»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Տիկինիօն (27-րդ րոպէ), Մուսա Մարեգան (52-րդ րոպէ) եւ Ալեքս Տելեսը (117-րդ րոպէ/11 մետրանոց): «Ռոմա»-ի միակ գնդակը 37-րդ րոպէին, 11 մետրանոց հարւածով խփեց Դանիէլէ Դէ Ռոսին:

1/8-րդ եզրափակիչ փուլի միւս հանդիպումները կը կայանան գալիք շաբաթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։