Հա

Մարզական

10/03/2019 - 11:00

Ջորկաէֆի դպրոցական շարադրութիւնը կամ ինչո՞ւ Թուրքիան չսիրեց տաղանդաւոր ֆուտբոլիստին

Ֆուտբոլից բացի, Իւրի Ջորկաէֆի կեանքում կարեւոր տեղ ունի Հայաստանը։ Մարտի 9-ին համաշխարհային եւ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, «Պատւաւոր լեգեոնի» շքանշանի ասպետ, Հայաստանի պատւաւոր քաղաքացի Իւրի Ջորկաէֆը դարձաւ 51 տարեկան։

«alikonline.ir» - Ֆուտբոլից բացի, Իւրի Ջորկաէֆի կեանքում կարեւոր տեղ ունի Հայաստանը։ Մարտի 9-ին համաշխարհային եւ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, «Պատւաւոր լեգեոնի» շքանշանի ասպետ, Հայաստանի պատւաւոր քաղաքացի Իւրի Ջորկաէֆը դարձաւ 51 տարեկան։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Իւրին ծագումով կալմիկցի Ժան Ջորկաէֆի (Ջորկաեւ) եւ հայուհի Մարի Օհանեանի որդին է։ Մարիի նախնիները փախել են Բուրսա քաղաքից` փրկւելով Հայոց Ցեղասպանութիւնից, եւ հաստատւել Ֆրանսիայում։ Ժանն ու Մարին որդուն Իւրի են անւանել, որովհետեւ տպաւորւած են եղել Դեւիդ Լինի «Բժիշկ Ժիւագօն» ֆիլմից, որն այդ տարիներին մէկը միւսի հետեւից «Օսկար» էր նւաճում։

Ժանը ե՛ւ անձամբ էր ֆուտբոլ խաղում, ե՛ւ, բնականաբար, չէր կարող կաշւէ գնդակի հանդէպ սէր չսերմանել նաեւ որդու մօտ։ Սակայն, իհարկէ, նոյնիսկ իր ամենահամարձակ երազանքներում չէր կարող ենթադրել, որ Իւրին աշխարհի չեմպիոն կը դառնայ. Ֆրանսիայի ազգային թիմը Ժանի երիտասարդ տարիներին ոչնչով չէր փայլում, եւ նման յաջողութիւններ այն ժամանակ կարող էր միայն երազում տեսնել։

Բայց եղաւ այն, ինչ եղաւ, այն էլ բարեբախտաբար։ Իւրի Ջորկաէֆի ձեռքբերումները թւարկւում են ցանկացած մարզական ռեսուրսում, այդ պատճառով էլ դրա վրայ ժամանակ չենք վատնի։ Մեծ ֆուտբոլիստների համար ֆուտբոլը իրականացած երազանք է, իսկ Իւրիի դէպքում` լիարժէք իրականացած։

Մայրը մի օր գտաւ Իւրիի դպրոցական շարադրութիւնը, որը տղան գրել էր տասը տարեկանում 1978 թւականին. «Երբ մեծանամ, ֆուտբոլիստ եմ դառնալու։ Կուզէի մեծ ակումբում խաղալ («Լիւերպուլ»-ի նման), կենտրոնական յարձակւող լինել, շատ գոլեր խփել, եւ որ յետոյ ինձ վերցնի «Նիւ Եօրք Կոսմոսը» եւ սկսեմ խաղալ Կրուիֆի, Պելէի եւ Բեկենբաուէրի հետ։ Իսկ 20 տարեկանում ես կը ցանկանայի յաղթել աշխարհի առաջնութիւնում եւ եզրափակիչում միակ գոլը խփել»։

Գրեթէ այդպէս էլ եղաւ` ճակատագրի որոշ շտկումներով։

Իւրին ամուսնացաւ իսպանուհի Սոֆիի հետ, նրանց պսակադրութիւնը տեղի ունեցաւ հայկական եկեղեցում։ Սոֆին զոհաբերեց կարիերան, որպէսզի Իւրին մի ակումբից միւսը տեղափոխւելու հնարաւորութիւն ունենայ, բայց դժւար թէ զղջաց դրա համար։

Ջորկաէֆն արդէն խաղացել էր Ֆրանսիայի բարձրագոյն դիւիզիոնի ակումբներից կէսում, երբ նրան «Բարսելոնա» կանչեց հանրայայտ Եոհան Կրուիֆը։ Իւրին հրաժարւեց, նրան «խելագար» անւանեցին, բայց Ջորկաէֆը գերադասեց այդ տարի նախապատրաստւել Եւրօ-1996-ին։

Ֆրանսիայի հաւաքականն այն ժամանակ մարզում էր Էմէ Ժակէն, նա եզրափակիչ խաղերին չվերցրեց Էրիկ Կանտոնին, որը նրան ձանձրացրել էր իր քմահաճութեամբ։ Ֆրանսիացիների յարձակումը գլխաւորեց Զիդանը Ջորկաէֆի հետ, ընդ որում Զինեդինը առաջնութիւնից անմիջապէս առաջ վթարի էր ենթարկւել եւ ուղեղի ցնցում ստացել։ Այդ պատճառով էլ եզրափակիչում նա չկարողացաւ խաղալ ամբողջ ուժով, իսկ Ջորկաէֆը դա արեց երկուսի փոխարէն։

Խմբային մրցաշարի երկրորդ փուլում գնդակն ուղարկեց իսպանացիների դարպաս եւ վազեց գոլը տօնելու տրիբունաների մօտ, որտեղ նրա բազմաթիւ բարեկամներն ու ընկերները հայկական դրօշ էին ծածանում։ Այդ մրցաշարի ժամանակ նա Լորան Բլանի եւ Քրիստիան Կարամբէի օգնականն էր, իսկ բուլղարացի Լիւբոսլավ Պենեւին ստիպեց ինքնագոլ խփել եւ «Բարսելոնա»-ի փոխարէն աշնանը «Ինտեր» մեկնեց։

Հիանալի ժամանակներ էին. իտալական ակումբը նրան շատ էր գնահատում, իսկ գոլերից մէկից յետոյ որոշւեց նրա բրոնզաձոյլ արձանը կանգնեցնել «Սան Սիրօ»-ի մուտքի մօտ, բայց Միլանի քաղաքապետարանը հակառակւեց։

Բանն այն է, որ 1997 թւականի յունւարի 5-ին Ջորկաէֆն այնպիսի գոլ խփեց «Ռոմա»-ի հետ խաղում, որը նկարագրելն անհնար է. այդ գլուխգործոցը տեսնել էր պէտք։ Մարզադաշտը մօտ 5 րոպէ յոտընկայս ծափահարում էր, իսկ խաղից յետոյ անհաւանական մի բան տեղի ունեցաւ. հանդիպման մրցավար Չեզարին խնդրեց Իւրիի մարզաշապիկը` անմոռանալի խաղից յիշատակ ունենալու համար։

Այնուհետեւ նա աշխարհի չեմպիոն դարձաւ. ճիշտ է` եզրափակիչում գոլ չխփեց, ինչպէս երազում էր փոքր տարիքում, բայց գոլային փոխանցում կատարեց Զիդանին։ Եւ հետագայում դեռ բազմիցս խաղաց Ֆրանսիայի հաւաքականի կազմում։

Ջորկաէֆին սիրում էին եւ սիրում են ամենուր, միայն Թուրքիայում տանել չեն կարողանում, Թուրքիայի իշխանութիւնները նոյնիսկ պաշտօնապէս յայտարարել են, որ ֆուտբոլիստն առանձնապէս ցանկալի հիւր չէ իրենց երկրում։ 1993-94 ՈՒԵՖԱ գաւաթի ժամանակ Ջորկաէֆը, որը «Մոնակօ»-ի կազմում էր խաղում, գոլ խփեց «Գալաթասարա»-ին։ Գոլը ոչ ոք չէր յիշի եւ մի ամբողջ պատմութիւն չէր դառնայ, եթէ անդադրում Ջորկաէֆը խաղից յետոյ չասէր, որ սա իր պատասխանն է դարասկզբին տեղի ունեցած թուրքական վայրագութիւններին։

Անկարայում նման բանը երբեք չեն մոռանայ եւ չեն ների։ 1998 թւականին թուրքերը յայտարարեցին, որ Թուրքիայի հանրապետութեան կազմաւորման 75-ամեակին նւիրւած` թուրքական հաւաքականի հետ խաղի համար աշխարհի հաւաքականի կազմում նրա ժամանումը ցանկալի չէ։ Ջորկաէֆը յայտարարեց, որ նման թեմային նւիրւած ցուցադրական խաղին մասնակցելու մտադրութիւն չունի, բայց աշխարհի հաւաքականի կազմում նրան ամէն դէպքում ընդգրկեցին, զուտ սիմւոլիկ ձեւով` թուրքերի տրամադրութիւնը փչացնելու համար։

Կարիերայի վերջին խաղաշրջանները, ինչպէս իւրին երազում էր մանուկ հասակում, անցկացրեց Նիւ Եօրքում։ Եւրոպայի եւ աշխարհի չեմպիոն, ամենատարբեր պարգեւների, մրցանակների եւ տիտղոսների արժանացած Իւրի Ջորկաէֆը կրկնում է, որ արմատները մոռանալը դաւաճանութիւն է։ Իսկ մոռանալ եւ դաւաճանել, բարեբախտաբար, կարողանում են ոչ բոլորը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։