Հա

Մարզական

13/03/2019 - 08:40

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմեր vs մրցավարներ

Ասիայի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

A խմբում Սպահանի «Զոբահան»-ը հիւրընկալւել էր Սաուդական Արաբիայի «Ալ Նասր»-ին: Հնադիպումը, որը կայացաւ չէզոք՝ Դուբայի «Ալ Մաքթում» ստադիոնում, անցաւ չափազան լարւած եւ դիտարժան խաղում: «Զոբահան»-ի ֆուտբոլիստները դրսեւորելով կամային բարձր յատկանիշեր, յաղթեցին 3:2 հաշւով՝ վաստակելով չափազանց կարեւոր 3 միաւոր: Սպահանեան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Մոհամմադ Նեժադմեհդին (30-րդ րոպէ), Վահիդ Մոհամմադզադէն (39-րդ րոպէ) եւ Ամիր Ասլան Մոթահարին (90+1-րդ րոպէ): «Ալ Նասր»-ի գնդակները խփեցին Ջուլիանօ դէ Փաուլօն (5-րդ րոպէ) եւ Աբդերռազաղ Համդալլահը (58-րդ րոպէ/11 մետրանոց):

Այս յաղթանակի շնորհիւ «Զոբահան»-ը վաստակեց 4 միաւոր՝ հանգրւանելով A խմբի մրցաշարային աղիւսակի 2-րդ հորիզոնականում:

C խմբում «Էսթեղլալ»-ը Թեհրանի «Ազադի» ստադիոնում հիւրընկալել էր ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ին: Առաջին տուրում կատարական «Ալ Դուհայլ»-ից կրած ծանր պարտութիւնից յետոյ, մայրաքաղաքի «Կապոյտներ»-ին օդի ու ջրի պէս անհրաժեշտ էր յաղթանակը: Հանդիպման հէնց մեկնարկից «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստները նետւեցին գրոհի: Նրանց գրոհներն արդիւնաւորւեցին 53-րդ րոպէին, երբ Պատոսիի գեղեցիկ փոխանցումից յետոյ Ֆարշիդ Բաղերին բացեց հանդիպման հաշիւը: Թւում էր, թէ ամէն ինչ ընթանում է տան տէրերի նախընտրած սցենարով, սակայն, հանդիպման 85-րդ րոպէին մրցակցին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Գոլի հեղինակ դարձաւ «Ալ Էյն»-ի ճապոնացի կիսապաշտպան Ցուկազա Շիոտանին:

Նշենք, որ հանդիպման հաշիւը կարող էր այլ կերպ ստացւէր, եթէ, իհարկէ, 23-րդ րոպէին մրցավարն աչքից բաց չթողնէր սեփական տուգանային հրապարակում «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստի նկատմամբ մրցակցի պաշտպանի կոպիտ խախտումը, որը միանշանակ պէտք է պատժւէր 11 մետրանոց հարւածով:

Գրանցւած 1:1՝ ոչ-ոքի արդիւնքը «Էսթեղլալ»-ի համար չափազանց բարդացրեց իրավիճակը խմբում: Այժմ նրանք վաստակած 1 միաւորով եզրափակում են C խմբի մրցաշարային աղիւսակը:

D խմբում Կատարի «Ալ Սաադ»-ը սեփական դաշտում հիւրընկալել էր «Փերսփոլիս»-ին: Թէեւ հանդիպման առաջին կէսում «Փերսփոլիս»-ն ունէր յարաբերական առաւելութիւն, այդուհանդերձ, նրանց չյաջողւեց գրաւել մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակէսում «Ալ Սաադ»-ի ֆուտբոլիստներն աւելացրեցին ճնշումը: Նրանց գրոհները, սակայն, հանդիպում էին Իրանի գործող չեպմպիոնի ֆուտբոլիստների յուսալի պաշտպանութեանն ու մնում էին ապարդիւն: «Փերսփոլիս»-ն իր հերթին, փորձում էր հակագրոհներով հասնել արդիւնքի, որը նոյնպէս չէր ստացւում:

Այն պահին, երբ թւում էր, թէ ամէն ինչ աւարտւած է, եւ թիմերը խաղաղ դաշն են կնքելու իրավիճակը կտրուկ փոխւեց: Մրցավարի աւելացրած ժամանակի 5-րդ րոպէին, տուգանայինի խաղարկումից յետոյ, «Ալ Սաադ»-ի ալժիրցի յարձակւող Բաղդադ Բունեդջահն ակնյայտ խաղից դուրս վիճակում, գլխի հարւածով խփեց հանդիպման միակ գնդակը՝ ձեւակերպելով վերջնահաշիւը՝ 1:0: Փաստօրէն հանդիպման հաշիւը մրցավարական կոպիտ սխալի արդիւնքն էր: Շտապենք նշել, որ չպէտք է աչքաթող անենք նաեւ հանդիպման 9-րդ րոպէի չափազանց կասկածելի դրւագը, երբ Մեհդի Թորաբիի հարւածից յետոյ, գնդակը տուգանային հրապարակում դիպչաւ «Ալ Սաադ»-ի մրցակցի ձեռքին, որին չարձագանգեց մրցավարը:

Այս պարտութիւնը չափազանց բարդացրեց «Փերսփոլիս»-ի մրցաշարային գործերը: Իր վաղեմի մրցակցի՝ «Էսթեղլալ»-ի պէս, «Փերսփոլիս»-ը եւս վաստակած մէկ միաւորով եզրափակում է D խմբի մրցաշարային աղիւսակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։