Հա

Մարզական

19/03/2019 - 10:40

Մեկնարկում է Եւրօ-2020-ի ընտրական փուլը. ի՞նչ ակնկալել Հայաստանի հաւաքականից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը մարտի 23-ին սկսում է Եւրոպայի 2020 թ. առաջնութեան ընտրական փուլի հանդիպումները: «Sputnik» Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյեանը վերլուծում է հաւաքականի մարզավիճակը եւ մատնանշում անելիքները:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը մարտի 23-ին սկսում է Եւրոպայի 2020 թ. առաջնութեան ընտրական փուլի հանդիպումները: «Sputnik» Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյեանը վերլուծում է հաւաքականի մարզավիճակը եւ մատնանշում անելիքները:

Մարտի 23-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը կանցկացնի առաջին հանդիպումը Եւրոպայի 2020 թ. առաջնութեան ընտրական փուլում: Մրցակցի յարկի տակ մեր ընտրանին ուժերը կը չափի Բոսնիայի եւ Հերցեգովինայի թիմի հետ: Երեք օր անց՝ մարտի 26-ին, արդէն Երեւանում, մեր հաւաքականի մրցակիցն է լինելու Ֆինլանդիայի հաւաքականը:

Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը հրապարակել է հաւաքական հրաւիրւած ֆուտբոլիստների լայն ցուցակը, որում տեղ են գտել հինգ դարպասապահներ: Սա նշանակո՞ւմ է, որ մեր մարզչական կազմը կոնկրետ ինչ-որ մի դարպասապահի հետ յոյս չի կապո՞ւմ: Դժւար է միանշանակ պատասխանել այս հարցին: Պարզ է, որ վերջնական ցուցակում տեղ են գտնելու երեք դարպասապահներ: Բայց այդ երեքին ընտրելու համար հարկաւոր է տեսնել բոլորին գոնէ մարզումների ընթացքում:

Հրաւիրւած հինգ դարպասապահներն էլ խաղային պրակտիկայի պակաս ունեն եւ իրենց ակումբներում ոչ բոլոր խաղերում են պաշտպանել իրենց թիմի դարպասը: Կարծում եմ, որ խնդիրը հէնց այստեղից է գալիս: Բոլոր դէպքերում մեր մարզչական կազմը հրաւիրել է հնարաւոր բոլոր թեկնածուներին ու քանակի մէջ որակ փնտրելու իսկական ժամանակն է:

Պաշտպանութիւնում նոյնպէս որոշակի խնդիրներ կան եւ՛ խաղային պրակտիկայի բացակայութեան հետ կապւած, եւ՛ առանձին ֆուտբոլիստների մարզավիճակի հետ կապւած: Բայց տեղին է նշել, որ մեր մարզչական կազմը ընտրութեան մեծ հնարաւորութիւն չունի, չնայած ներքին առաջնութիւնում կան հաւաքականի նախկին ֆուտբոլիստներ, որոնք բաւականին լաւ մարզավիճակ են ձեռք բերել: Յամենայն դէպս կարծում եմ, որ այստեղ էլ ընտրութիւն կատարելիս մարզիչները առաջնութիւն տւել են կարեւոր հանդիպումների փորձ ունեցող ֆուտբոլիստներին:

Կիսապաշտպանութեան գծում պարզ է, որ ամէն ինչ կառուցւելու է Հենրիխ Մխիթարեանի շուրջ: Ընդ որում` դա առաջին անգամը չէ: Մեր առաջատարը ներկայումս լաւ մարզավիճակում է, բայց շատ կարեւոր է, թէ ո՞վ կը խաղայ նրա կողքին: Այդ առումով, իհարկէ, ցաւալի է Մարկոս Պիզզելլիի կորուստը, որը խաղը բաց է թողնելու վնասւածքի պատճառով: Իսկ թէ ի՞նչ վիճակում են հաւաքական հրաւիրւած ֆուտբոլիստները, դա այն հարցն է, որի պատասխանը մարզիչները կը ստանան խաղերից առաջ կարճատեւ հաւաքի ընթացքում:

Յարձակման գծում մենք երկար ժամանակ է ինչ ռմբարկու չունենք: Իհարկէ հաշւի առնելով եզրային յարձակւողներին, որոնք կատարում են ոչ միայն յարձակւողի պարտականութիւններ, այլ նաեւ մասնակցում են պաշտպանութեանը, տարբերակներ գրոհը զարգացնելու ու աւարտին հասցնելու համար մենք կունենանք: Բայց խնդիրը մաքուր յարձակւողի հարցն է: Իւրա Մովսիսեանը երկար ժամանակ է ոչ մի հանդիպում չի անցկացրել: Հասկանալի է, որ մարզւել է, բայց արդեօք առանց պաշտօնական խաղերի Իւրան կարող է գրոհի աւարտական փուլը հանդիսանալ մնում է սպասել:

Ալեքսանդր Կարապետեանի եւ Նորբերտօ Բրիասկօ Բալեկեանի պարագայում էլ միանշանակ ու վստահ ասել, որ յարձակւողի հարցը լուծւած է, չի կարելի: Կարճ ասած՝ հաւաքականը պաշտօնական խաղերին մօտենում է որոշակի խնդիրներով: Մարզչի աշխատանքը անկասկած կարեւորելով՝ պէտք է հասկանանք, որ ամէն ինչ չէ, որ նրանից է կախւած: Մարզչական մտայաղացումները խաղադաշտում ցուցադրելու համար հարկաւոր են կատարողներ: Մնում է տեսնել, թէ ինչ վիճակում են մեր կատարողները:

Հայաստանի հաւաքական հրաւիրւած ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ

Արսէն Բեգլարեան, «Լուչ» (Բելառուս)

Արամ Հայրապետեան, «Բանանց»

Անատոլի Այւազով, «Բանանց»

Հենրի Աւագեան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսէթեան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյեան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրէ Չալըշըր, «Գեոթեբորգ» (Շւեդիա)

Կամօ Յովհաննիսեան, «Ժետիսու» (Ղազախստան)

Յովհաննէս Համբարձումեան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Հայկ Իշխանեան, «Լոռի»

Արտեօմ Խաչատուրով, «Լոռի»

Գագիկ Դաղբաշեան, «Ալաշկերտ»

Արմէն Մանուչարեան, «Փիւնիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարեան, «Արսենալ» (Անգլիա)

Գէորգ Ղազարեան, «Շաւիշ» (Պորտուգալիա)

Սարգիս Ադամեան, «Եան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)

Տիգրան Բարսեղեան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայեան, «Հոբրօ» (Դանիա)

Արտակ Գրիգորեան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարեան, «Ալաշկերտ»

Կառլէն Մկրտչեան, «Փիւնիկ»

Ալիկ Առաքելեան, «Փիւնիկ»

Պետրոս Աւետիսեան, «Արարատ-Արմենիա»

Յարձակւողներ

Ալեքսանդր Կարապետեան, «Պրոգրես Նիդերկորն» (Լիւքսեմբուրգ)

Նորբերտօ Բրիասկօ Բալեկեան, «Ատլետիկօ Ուռական» (Արգենտինա)

Իւրա Մովսիսեան - առանց ակումբի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։