Հա

Մարզական

13/04/2019 - 14:20

Սիմոն Մարտիրոսեանը Եւրոպայի առաջնութեան կրկնակի չեմպիոն է

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ Եւրոպայի առաջնութեան կրկնակի չեմպիոն:

«alikonline.ir» - Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ Եւրոպայի առաջնութեան կրկնակի չեմպիոն:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ`վրացական Բաթում քաղաքում ընթացող Եւրոպայի առաջնութեան 109 կգ. քաշային կարգի պոկում վարժութիւնում Սիմոն Մարտիրոսեանը նախ բարձրացրեց 187 կգ., այնուհետ` 192 կգ.` դառնալով փոքր ոսկէ մեդալակիր:

Հրում վարժութիւնում առաջին մօտեցման ժամանակ բարձրացրեց 225 կգ.: Երկրորդ մօտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ.: Այս ձեւում եւս Մարտիրոսեանը նւաճեց փոքր ոսկէ մեդալ:

Երկամարտի 427 կգ. արդիւնքով Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ 2019 թւականի Եւրոպայի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսեանը 2014 թւականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն է: 2016 թւականի Եւրոպայի առաջնության բրոնզէ, 2017 թւականի Եւրոպայի առաջնութեան ոսկէ, 2018 թւականի աշխարհի առաջնութեան ոսկէ եւ 2016 թւականի Ռիո դէ Ժանէյրոյի Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալակիր է:

Այսօր մրցասպարէզ դուրս եկաւ նաեւ 102  կգ. քաշայիններ Սամուէլ Գասպարեանն ու Արսէն Մարտիրոսեանը:

Պոկում վարժութիւնում Գասպարեանը գլխավերեւում պահեց 168 կգ. (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսեանը՝ նախ բարձրացրեց 160 կգ., այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժութիւնում Մարտիրոսեանը բարձրացրեց միայն 200 կգ. արդիւնք եւ երկամարտի 368 կգ. արդիւնքով 6-րդն է: Գասպարեանը հրեց նախ 209 կգ., յետոյ չբարձրացրեց 216 կգ. եւ 217 կգ.: Գիւմրեցի ծանրորդը  հրում նւաճեց փոքր արծաթէ մեդալ եւ երկարմարտի 377 կգ. արդիւնքով դարձաւ Եւրոպայի առաջնութեան փոխչեմպիոն:

Նշենք, որ աւելի վաղ Եւրոպայի չեմպիոնը կոչումը նւաճել էր նաեւ 89 կգ. քաշային յակոբ Մկրտչեանը (164+207): Նոյն քաշային կարգում բրոնզէ մեդալակիր էր դարձել Դաւիթ Յովհաննիսեանը (165+195):

Կանանց մրցապայքարում 81 կգ. քաշային Լիանա Գիւրջեանը հրում վարժութիւնում նւաճեց փոքր արծաթէ մեդալ: Նա գլխավերեւում պահեց 120 կգ.-անոց ծանրաձողը: Երկամարտում նա չորրորդն էր (97+120):

87 կգ. քաշային Տաթեւ Յակոբեանն էլ պոկում վարժութեան ժամանակ գլխավերեւում պահեց 105 կգ. եւ դարձաւ փոքր բրոնզէ մեդալակիր: Երկամարտի 230 կգ. (105+125) արդիւնքով նա 4-րդն էր:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։