Հա

Մարզական

23/04/2019 - 08:30

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս». Ամէն ինչ կախւած է ճակատագրի քմահաճոյքից

Ասիայի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ապրիլի 22-ին մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրը:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ապրիլի 22-ին մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրը:

Իրանական թիմերից առաջին խաղադաշտ դուրս եկաւ D խմբում ներառւած, Իրանի գործող չեմպիոն, Ասիայի Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակչի մասնակից, «Փերսփոլիս»-ը, որը չէզոք դաշտում, Դուբայի «Ալ Մաքթում» ստադիոնում, հիւրընկալւել էր Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին: Յիշեցնենք, որ երկու թիմերի առաջին դիմակայութիւնն աւարտւել էր «Փերսփոլիս»-ի յաղթանակով՝ 2:0 հաշւով:

Նախորդ հանդիպման պէս, այս անգամ եւս «Փերսփոլիս»-ն աւելի ակտիւ սկսեց խաղը: Նրանք ունէին գոլային մի քանի ռէալ պահեր, որոնք, սակայն, նիւթականի վերածել չյաջողեցին: Փոխարէնը հանդիպման 31-րդ րոպէին, «Ալ Ահլի»-ն իր հակագրոհներից մէկի ժամանակ կարողացաւ ճեղքել «Փերսփոլիս»-ի պաշտպանութիւնը, ինչն էլ դարպասապահ Բէյրանւանդին ստիպեց խախտել խաղի կանոնները մրցակցի յարձակւողի դէմ պայքարում: Մրցաւարի նշանակած 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց սաուդական թիմի սիրիացի յարձակւող Օմար Սուման:

Երկրորդ խաղակէսը հիմնականում անցաւ հաւասար պայքարում: Երկու թիմերն էլ փոխանակւեցին մի քանի գոլային պահերով, սակայն, կրկին «Ալ Ահլի»-ի ֆուտբոլիստներն էին, որ աւելի արդիւնաւէտ օգտագործեցին այդ պահերը: 63-րդ րոպէին Օմար Սուման տուգանային հարւածով գրաւեց «Փերսփոլիս»-ի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Գոլից յետոյ կորցնելու ոչինչ չունեցող «Փերսփոլիս»-ի ֆուտբոլիստները նետւեցին գրոհի: Մրցավարի աւելացրած 3-րդ րոպէին Շոջա Խալիլզադէն գլխի հարւածով գրաւեց «Ալ Ահլի»-ի դարպասը: Այս գոլը, սակայն, չբաւարարեց պարտութիւնից խուսափելու համար: 1:2՝ եւ «Փերսփոլիս»-ը կտրուկ բարդացրեց յաջորդ փուլ դուրս գալու իր խնդիրը:

Այս խմբի միւս հանդիպումը ուզբեկական «Պախտակոր»-ի եւ կատարական «Ալ Սաադ»-ի դիմակայութիւնն էր, որն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով:

Այսպիսով 4 տուրից յետոյ D խմբում առաջատարը «Ալ Սաադ»-ն է, որը վաստակել է 7 միաւոր: «Պախտակոր»-ը 6 միաւորով երկրորդն է, «Ալ Ահլի»-ին 5 միաւորով 3-րդն է, իսկ «Փերսփոլիս»-ը 4 միաւորով՝ 4-րդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։