Հա

Մարզական

09/05/2019 - 08:00

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմ»-ը հետեւեց «Լիւերպուլ»-ի օրինակին. անգլիական եզրափակիչին սպասելից

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանը միանշանակօրէն կը յիշւի կիսաեզրափակիչ փուլում անգլիական ակումբների՝ «Լիւերպուլ»-ի եւ «Տոտենհեմ»-ի ֆանտաստիկ «Come back»-ով:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանը միանշանակօրէն կը յիշւի կիսաեզրափակիչ փուլում անգլիական ակումբների՝ «Լիւերպուլ»-ի եւ «Տոտենհեմ»-ի ֆանտաստիկ «Come back»-ով:

Այն բանից յետոյ, երբ «Լիւերպուլ»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց «Բարսելոնա»-ի դէմ պայքարում, առաջին խաղում կրած 0:3 հաշւով պարտութիւնը փոխարինել տան տարած 4:0 հաշւով յաղթանակով, եւ դուրս գալ եզրափակիչ, երէկ՝ երեկոյեան ոչ պակաս բարդ պայմաններում նմանատիպ եւս մէկ ֆանտաստիկ «Come back»-ի հեղինակ դարձաւ նաեւ «Տոտենհեմ»-ը:

Հոլանդական «Այաքս»-ի դէմ տանը 0:1 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, թւում էր, թէ չափազանց բարդ առաջադրանք է առաջադրւած լոնդոնեան ակումբի ֆուտբոլիստներին: Իրավիճակն առաւել բարդ եւ անյուսալի դարձաւ պատասխան հանդիպման առաջին խաղակէսի աւարտին, երբ «Այաքս»-ը Մատէյս Դէ Լիխտի(5-րդ րոպէ) եւ Հաքիմ Զիեշի (35-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ, առջեւում էր 2:0 հաշւով:

Երկրորդ խաղակէսում, սակայն, «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստները կերպարանափոխւեցին, դարձան անճանաչելի, եւ ցուցաբերելով կամային աննկարագրելի յատկանիշեր, անմոռանալի եւ խելայեղ յուզական պահեր պարգեւեցին իրենց երկրպագուներին, որոնք ակումբի պատմութեան էջերում կը գրւեն ոսկէ տառերով:

Օրւայ հերոս անկասկած բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան էր, որի հեթ-տրիկի (55-րդ, 59-րդ եւ 90+6-րդ րոպէներ)շնորհիւ, «Տոտենհեմ»-ը յաղթեց 3:2 հաշւով, եւ պատմութեան մէջ առաջին անգամ դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Այսպիսով յունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանօ» ստադիոնում չեմպիոնի կոչումը կը վիճարկեն «Լիւերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը:

Սա, ի դէպ, ՉԼ-ի պատմութեան երկրորդ 100 տոկոսանոց անգլիական եզրափակիչն է: Առաջինը, 2007/08 մրցաշրջանի «Մանչեսթեր Իւնայթեդ»-«Չելսի» հանդիպումն էր, որն աւարտւեց մանչեսթերեան ակումբի յաղթանակով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։