Հա

Մարզական

18/05/2019 - 11:30

Հայկական 6000 դրօշ Բաքւում. տեսարժան կը լինի, բայց ինչո՞ւ է լռում ՀՖՖ-ն

Բաքւում մայիսի 29-ին կայանալիք Եւրոպայի Լիգայի եզրափակչի մասին ով չի ալարել գրել է։ Իհարկէ, եզրափակչի մասին չէ, այլ դրա հետ կապւած խնդրի։ Բանն այն է, որ ծագմամբ հայերի, այդ թւում` «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարեանի մուտքն Ադրբեջան արգելւած է։

«alikonline.ir» - Բաքւում մայիսի 29-ին կայանալիք Եւրոպայի Լիգայի եզրափակչի մասին ով չի ալարել գրել է։ Իհարկէ, եզրափակչի մասին չէ, այլ դրա հետ կապւած խնդրի։ Բանն այն է, որ ծագմամբ հայերի, այդ թւում` «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարեանի մուտքն Ադրբեջան արգելւած է։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Լաւ, երբ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացնում իր հովանու ներքոյ անցկացւող եզրափակիչ գաւաթային խաղերի անցկացման մասին, այն իր նկատառումներով է առաջնորդւում։ Հնարաւոր է` այդ նկատառումների մէջ է մտնում լրիւ հիմնաւոր ենթադրութիւն այդ մասին, որ երբ եզրափակիչ խաղերը նշանակւում են Բաքւում կամ Կիեւում (կամ օրինակ Պրիշտինայում) այնտեղ չեն կարող մեկնել համապատասխանաբար հայկական, ռուսական (կամ օրինակ սերբական) թիմերը։

Ակումբները ակումբներով, թէեւ քաղաքականութեան ու սպորտի միաձուլումն ակնյայտ է։ Բայց չէ որ նշւած քաղաքներում անցկացւելիք եզրափակիչ անցած ակումբներում կարող են հայ կամ ռուս խաղացողներ լինել, կամ, օրինակ, սերբեր. ինչպէ՞ս իրենք այն տեղ իրենց կը զգան՝ նոյնիսկ, եթէ լինեն ընդունող կողմի երաշխիքները։

Դա հռետորական հարց է։ Ներկայիս իրավիճակը, երբ լոնդոնեան «Արսենալ»-ը ստիպւած է մեկնել Բաքու՝ Եւրոպայի Լիգայի եզրափակիչ, առանց Հենրիխ Մխիթարեանի, այդ հռետորական հարցի պատասխանն է։ Այդ թեմայով երեւի միայն ամենաալարկոտ երկրպագուն չի խօսել։ Էլ չենք ասում շահագրգիռ կողմերի մասին։

Թէեւ արդէն երկար տարիներ է Իւրգէն Կլոպին չի կարելի շահագրգիռ կողմ համարել։ Նրա ու Մխիթարեանի ճանապարհները բաժանւել են դեռ Դորտմունդի «Բորուսիա»-ի ժանակներից։ Նա ասել է, որ Եւրոպայի Լիգայի եզրափակիչը Բաքւում անցկացնելը «զւարճալի է»։

«Չգիտեմ` ինչ են նախաճաշին մատուցել այն մարդկանց, որոնք այդպէս են որոշել։ Նախորդ անգամ Լիգայի եզրափակիչը Կիեւում էր։ Դա հիանալի քաղաք է, բայց հաւանականութիւնը, որ ռուսական թիմը եզրափակիչ դուրս կը գայ, շատ քիչ էր։ Գաղափար չունեմ` ինչպէս են Բաքու հասնում ու արդեօք դէպի այդ քաղաք կանոնաւոր չւերթեր կան։ Նման որոշումները պէտք է լինեն շատ աւելի կշռադատւած, խելքին մօտ։ Դա որպէս անպատասխանատւութիւն է դիտւում»,- ասել էր Կլոպը։

«Արսենալ»-ն իր հերթին մտադիր են տանը թողնել հայ կիսապաշտպան հենրիխ Մխիթարեանին` բացառելով նրա մասնակցութիւնը Բաքւում կայանալիք Եւրոպայի Լիգայի եզրափակչին։ Երկրպագուները, խաղացողներն ու ակումբի պատասխանատուները դժգոհութիւն են յայտնում, որ առաջատար խաղացողներից մէկը ստիպւած է անվտանգութեան ու ազգութեան պատճառով նման լուրջ խաղ բաց թողնել։

Ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հերթին օրերս նոյնպէս արտայայտւել է։

«Եթէ Ադրբեջանը պայքարում է նման մակարդակի միջոցառումների համար, ապա այնտեղ պէտք է գիտակցեն, որ պարտաւոր են ապահովել դրանց նորմալ անցկացումը, էլ չենք խօսում անվտանգութեան մասին։ Իսկ եթէ, ենթադրենք, խաղի կոմիսար նշանակւի մի հա՞յ, կամ օրինակ ֆրանսահա՞յ։ Եթէ նրանք պատրաստ չեն միջոցառումն անցկացնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերն ապահովել, այդ դէպքում չի կարելի յաւակնել։ Դա ժամանցի ոլորտ է, չէք կարող` մի արէք»,- ասել է Ուտկինը «Էխօ Մոսկւի» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» ծրագրի եթերում։

Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ լռում է, չնայած Հենրիխ Մխիթարեանը երկրի ազգային հաւաքականի աւագն է։ Հնարաւոր է` հայկական ֆեդերացիան այս փուլում չի ուզում բարձրացնի այդ հարցը, հասկանալով, որ ցանկացած արձագանգ միանգամից քաղաքականացւելու է, ինքներդ էլ գիտէք` որտեղ։

Միւս կողմից էլ, կարծես ընդհանարապէս լռել չի լինի, դա լուրջ չէ։ Սպասենք ՀՖՖ-ի պատասխանին, այն ժամանակ աւելի հասկանալի կը լինի։ Ամենայն հաւանականութեամբ` նրանք հնարաւորինս մարտավարական արձագանգ են պատրաստում։ Այնպիսի արձագանգ, որ ինքներդ գիտէք` որտեղ չկարողանան անուն կպցնել։

... Իսկ ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ «Արսենալ»-ը դեռ եզրափակիչ խաղից առաջ «Չելսի»-ի հետ անհաւասար պայմանների մէջ է դրւել. անկախ այն բանից` կը խաղայ Մխիթարեանը, թէ ոչ։ Ամենայն հաւանականութեամբ, չի խաղայ, բայց դա չի ազատի «զինագործներին» ադրբեջանական ֆուտբոլասէրների՝ իրենց դէմ ուղղւած վերաբերմունքից։

Ճիշտ է` «Արսենալ»-ի անգլիացի երկրպագուները, որոնք թւով 6 հազարն են լինելու, դատելով սոցցանցերում նրանց արձագանգից, կարող են խաղին գալ Հենրիխ Մխիթարեանի լուսանկարներով շապիկներով ու հայկական դրօշներով։

Վեց հազար հայկական դրօշը Բաքւում տեսարժան կը լինի, հնարաւոր է` եզրափակչից էլ աւելի հետաքրքիր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։