Հա

Մարզական

22/05/2019 - 10:10

Ի՞նչ կը լինէր, եթէ Մխիթարեանը մեկնէր Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը չի մասնակցի Եւրոպայի լիգայի գաւաթի խաղարկութեան եզրափակիչին: Սա փաստ է, որի հետ արդէն պէտք է համակերպւել:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը չի մասնակցի Եւրոպայի լիգայի գաւաթի խաղարկութեան եզրափակիչին: Սա փաստ է, որի հետ արդէն պէտք է համակերպւել: «Sputnik» Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյեանը գրում է այն մասին, թէ ինչ կը լինէր, եթէ Մխիթարեանը մեկնէր Բաքու:

Այն, որ ֆուտբոլային Եւրոպայի մեծամասնութիւնը իր բացասական կարծիքն է արտայայտել Բաքւում անցկացւելիք Եւրոպայի լիգայի եզրափակիչին, արդէն իրականութիւն է: Բաքւում եզրափակիչի անցկացումը հարցականի տակ դնելը առաջացաւ հէնց Հենրիխ Մխիթարեանի պատճառով:

Մխիթարյանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցը քննարկւում էր այն օրւանից, երբ պարզ դարձաւ, որ «Արսենալ»-ը խաղալու է Եւրոպայի լիգայի եզրափակիչում:

Եթէ Մխիթարեանը մեկնէր Բաքու, անկասկած, հայ ֆուտբոլիստի վրայ մեծ ճնշում էր լինելու:

Բաքւի մարզադաշտը տեղաւորում է մօտ 70 հազար մարդու: Նախ կազմակերպիչները որոշել էին 6-հազարական տոմս յատկացնել մրցող թիմերին, յետոյ այդ քւոտան աւելացւեց երեք հազարով: Այսինքն Հենրիխին աջակցելու էին «Արսենալ»-ի 9 հազար երկրպագուներ, սուլելու էին «Չելսի»-ի նոյնքան ֆուտբոլասէրներ, իսկ մնացած 52 հազարը չեմ էլ կարող ասել, թէ ինչպէս էին իրենց պահելու կամ ինչ արտայայտութիւններ էին հնչեցնելու հայ ֆուտբոլիստի հասցէին։

Բաքու մեկնելու փորձ մենք ունեցել ենք ու համոզւել, թէ որքան թշնամաբար են տրամադրւած տեղացիները: 2015-ին Եւրոպական առաջին խաղերի ժամանակ մեր մարզիկներն ու պատւիրակութիւնն անցել են այդ ոչ սպորտային փորձութեան միջով, եւ մենք բազմաթիւ օրինակներ ունենք, թէ ինչպէս են իրենց անվտանգութեան պահպանութեան խոստումներն իրականացնում ադրբեջանցիները։

«Արսենալ»-ն ու Մխիթարեանը ճիշտ որոշում են կայացրել: Ամէն մարդ չէ, որ կարող է ճնշմանը դիմանալ: Իմաստ էլ չկայ: Կասկած չի հարուցում այն փաստը, որ Մխիթարեանն ամէն ինչ արել է, որպէսզի «Արսենալ»-ը հասնի եզրափակիչ: Հիմա էլ անգլիական թիմի ղեկավարները թող մի պահ մտածեն, որ Հենրիխը (Աստւած մի արասցէ) հիւանդ է, ու նա պարզապէս չի կարող մասնակցել այս մի խաղին:

Բաքւի երաշխիքներին հաւատալ պէտք չէ, ու գառանն էլ գայլին պահ տալ պէտք չէ: Մխիթարեանը վաղուց արդէն ազգային արժէք է, ու նրան պէտք չէ վտանգի տակ դնել։

Հայ ֆուտբոլիստն արդէն խօսել է իր չմեկնելու մասին ու ցաւով նշել, որ խաղին չի մասնակցելու: Դէ թող «Արսենալ»-ի ֆուտբոլիստներն էլ խաղան նաեւ իրենց խաղընկերոջ համար ու հասնեն յաղթանակի, ինչը մեր ֆուտբոլիստի համար կը համարւի երկրորդը Եւրոպական մրցասպարէզում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։