Հա

Մարզական

09/06/2019 - 11:30

«Պէտք է կարողանանք շուտ վերականգնւել». Արմէն Գիւլբուդաղեանց

Յունիսի 8-ին` Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում, ԵՒՐՕ 2020-ի որակաւորման փուլի Հայաստան-Լիխտենշտէյն խաղից յետոյ տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցի յետխաղային մամուլի ասուլիսը։

«alikonline.ir» - Յունիսի 8-ին` Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում, ԵՒՐՕ 2020-ի որակաւորման փուլի Հայաստան-Լիխտենշտէյն խաղից յետոյ տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցի յետխաղային մամուլի ասուլիսը։ Գրում է «Yerkir.am»-ը:

 

- Խաղը լաւ դասաւորւեց մեզ համար։ Արագ գոլ կարողացանք խփել, բարձր պրեսինգով խաղացինք եւ հէնց իրենց տուգանային հրապարակում պատասխան գրոհներ սկսեցինք։ Ցաւօք, նորից կոպիտ սխալներ էինք թոյլ տալիս: Բարեբախտաբար, մրցակիցն այս անգամ չպատժեց, բայց յաջորդ խաղերին պէտք է շատ ուշադիր լինենք, որպէսզի նոյն սխալները չկրկնենք։

 

- Պարոն Գիւլբուդաղեանց, այսօր ամբողջութեամբ այլ հաւաքական տեսանք. ոչ միայն խաղի որակն էր ուրիշ, այլ նաեւ` տղաների տրամադրւածութիւնն ու նւիրւածութիւնը։ Ի՞նչը յաջողւեց փոխել։

- Հիւսիսային Մակեդոնիայի դէմ խաղից յետոյ էլ այս տրամադրւածութիւնը կար թիմում։ Այս շրջափուլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ հանդիպմանն էլ մենք մեծ նւիրւածութեամբ խաղացինք, ուղղակի դրանից յետոյ չկարողացանք վերականգնւել։ Եթէ յիշում էք, այդ ժամանակ մենք յենակէտայինի դիրքում խնդիրներ ունէինք։ Ճիշտ է, տրամադրւածութիւնը եւ ցանկութիւնը շատ կարեւոր են, բայց պէտք է նաեւ կարողանալ շուտ վերականգնւվել։

 

- Շնորհաւորում ենք յաղթանակի կապակցութեամբ։ Ի՞նչ կասէք Պետրոս Աւետիսեանի խաղի մասին։ Կը խնդրենք նաեւ մեկնաբանէք Էրիկ Վարդանեանի բացակայութիւնը։

- Էրիկ Վարդանեանը մեկնել է Լեհաստան, քանի որ ոտքի վնասւածք ունէր։ Նա իր ակումբի վերջին հանդիպմանը նոյնպէս բացակայում էր։ Էրիկ Վարդանեանը մեր տաղանդաւոր ֆուտբոլիստներից մէկն է, եւ մեծ ապագայ ունի։ Պետրոս Աւետիսեանի խաղից էլ գոհ եմ, բայց պէտք է նշեմ, որ նա կարող է աւելի լաւ խաղալ։

 

- Այսօր մեր խմբի զուգահեռ խաղում Ֆինլանդիան յաղթեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանուն։ Արդեօք դա նոր հորիզո՞ն է բացում մեր հաւաքականի համար։

- Վիճակահանութիւնից յետոյ մենք նշել էինք, որ պէտք է փորձենք խաղից խաղ տրամադրւել եւ կենտրոնանալ կոնկրետ այդ խաղի վրայ։

 

- Մեր հաւաքականը առաջին կէսում իր պատմութեան լաւագոյն խաղերից մէկը ցոյց տւեց, սակայն արդէն երկրորդ խաղակէսում պաշտպանութիւնում պարզունակ խնդիրներ ունեցանք։ Յունաստանի ընտրանու հետ խաղից առաջ դա Ձեզ չի՞ մտահոգում։

- Երկրորդ խաղակէսում էլ պահեր ունեցանք, մրցակցին երկու անգամ դարպասաձողը փրկեց։ Այո, մենք կոպիտ սխալներ թոյլ տւեցինք, եւ պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի դրանք այլեւս չլինեն։

 

- Խնդրում ենք մեկնաբանել Արամ Հայրապետեանի եւ պաշտպանների խաղը։ Արդեօք Յունաստանի հաւաքականի դէմ խաղում այդ դիրքում եւ պաշտպանութիւնում փոփոխութիւններ կը լինե՞ն։

- Դեռ երկու օր ժամանակ ունենք, իրավիճակը կը քննարկենք, եւ ըստ դրա արդէն կորոշենք կազմը։ Այս մասին կան նախնական մտքեր մարտավարութեան մասին, բայց վերջնական որոշումը կայացնելու ենք Յունաստանում։ Մինչեւ այսօրւայ խաղը բոլորս կրկնում էինք, որ Արամ Հայրապետեանը լաւագոյնն է, եւ պէտք է նշել, որ նա այսօր էլ է փայլել։ Մենք էմոցիոնալ ենք, մէկ խաղով ֆուտբոլիստին դատել պէտք չէ։ Մանաւանդ որ, վերջին մի քանի խաղում Արամը դաշտում լաւագոյններից մէկն էր։

 

- Արդեօ՞ք Կամօ Յովհաննիսեան-Յովհաննէս Համբարձումեան եզրային զոյգը այս պահին լաւագոյնն է։

- Կամօ Յովհաննիսեանը իր թիմի վերջին խաղում խաղացել է ձախ պաշտպանի դիրքում եւ գոլի հեղինակ է դարձել։ Հաւատացէք` նրա համար քիչ տարբերութիւն կայ խաղալ աջ, թէ ձախ եզրում։ Այո, այսօր մենք ձախ եզրում խնդիրներ ունեցանք, սակայն Կամօն չէզոքացրեց դրանք։ Յովհաննէս Համբարձումեանն էլ այսօր շատ լաւ խաղաց երկրորդ յարկում։ Նա թոյլ չտւեց, որ մրցակիցը արագ հակագրոհներ ստեղծէր։

 

- Համաձայն չէ՞ք, որ մարզչի գործն է, որ մեր ֆուտբոլիստների անհատական առաւելութիւնը դաշտում օգտագործւի։

- Այո, համաձայն եմ։ Մեր խմբի, կրկնում եմ, ընտրական մեր ամբողջ խմբի լաւագոյն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարեանն է։ Մենք բարձր որակներով այլ ֆուտբոլիստներ էլ ունենք։ Եթէ ունենանք 33 բարձակարգ ֆուտբոլիստ, ապա միանշանակ փորձարկումները շատ քիչ կը լինեն, իսկ մեզ մօտ անընդհատ փորձելով պէտք է գաս ճիշտ ռոտացիայի, խաղի յուսալիութեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։