Հա

Մարզական

16/07/2019 - 13:00

Հենրիխ Մխիթարեանը հանդիպեց համայնքի մարզական ներկայացուցիչներին

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, իր թիմի հետ միասին Լոս Անջելէսում է, որտեղ ընկերական խաղեր կ՛անցկացնի մի քանի ֆուտբոլային թիմերի, այդ թւում՝ «Բաւարիա»-ի եւ Մադրիդի «Ռէալ»-ի հետ: Մարզիկը, օգտուելով առիթից, ցանկութիւն էր յայտնել հայ համայնքի մարզական ներկայացուցիչների հետ հանդիպելու, ինչն իրականացրել էր Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը:

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, իր թիմի հետ միասին Լոս Անջելէսում է, որտեղ ընկերական խաղեր կ՛անցկացնի մի քանի ֆուտբոլային թիմերի, այդ թւում՝ «Բաւարիա»-ի եւ Մադրիդի «Ռէալ»-ի հետ: Մարզիկը, օգտուելով առիթից, ցանկութիւն էր յայտնել հայ համայնքի մարզական ներկայացուցիչների հետ հանդիպելու, ինչն իրականացրել էր Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը:

«Մարինա Դել Ռէյ» հիւրանոցում, որտեղ հանգրուանել է «Արսենալ»-ը, Մխիթարեանի հետ կազմակերպուած հանդիպմանը ներկայ էին աւագ սերնդի յայտնի հայ ֆուտբոլիստներ, Հարաւային Կալիֆորնիայում գործող ֆուտբոլի դպրոցների մարզիչներ ու սաներ:

«Ինձ համար պատիւ է Լոս Անջելէսում հանդիպել հայ ազգի ներկայացուցիչներին: Հաճոյք է այլ երկրներում հանդիպել հայրենակիցներիս, որովհետեւ դա աւելի է ուժեղացնում ու միասնական դարձնում մեզ: Այս նախաձեռնութիւնն այդ նպատակով է, որ տեսնենք իրար, մէջք մէջքի տանք, եւ կարողանանք մեր նոր սերնդին տրամադրել նոր յաջողութիւններ: Ողջունում եմ բոլոր ամերիկահայերին, հպարտանում եմ նրանց ձեռքբերումներով եւ յոյս ունեմ, որ բոլորը յաջողութեան կը հասնեն իրենց գործունէութեան ասպարէզներում: Հայը հային պէտք է ճանաչի եւ մէկս միւսին օգնենք»: Հենրիխ Մխիթարեանն, այնուհետեւ իր ստորագրութեամբ մարզաշապիկ նուիրեց համայնքին՝ այն յանձնելով գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանին, ով բարի գալուստ մաղթելով մարզիկին նաեւ համայնքի անունից՝ նշեց, որ «առանձնայատուկ առիթ է ընձեռուել հանդիպելու մեր ազգի պարծանքին, մեր հերոսին, ով նաեւ շարունակում է հայկական ֆուտբոլի յաջողութեան աւանդոյթները»:

Հանդիպմանը ներկայ լրագրողներն առիթ ունեցան հարցեր ուղղելու ֆուտբոլիստին: Խօսելով Հայաստանի հաւաքականի մասին, Մխիթարեանը մասնաւորապէս նշեց. «Հաւաքականը դեռ շատ աշխատանք ունի առաջիկայում, եւ թող արձանագրած վերջին արդիւնքները մարդկանց համար ցուցիչ չլինեն, որ քայլ առաջ ենք կատարել՝ պէտք չէ մտածել, որ յաղթել ենք Յունաստանի եւ Լիխտէյնշտէյնի հաւաքականներին, եւ դա մեծ ուրախութիւն է: Ո՛չ, որովհետեւ մենք կարող ենք աւելին անել, ու անհրաժեշտ է աւելի շատ աշխատանք՝ ոչ միայն ֆուտբոլիստների, այլ ամբողջ ազգի, հաւաքականին մօտ կանգնած մարդկանց կողմից: Սա մի աշխատանք է, որ պէտք է միասնական լինենք, եւ արդիւնք ակնկալենք ոչ թէ մէկ երկու հոգուց, այլ նաեւ կողքիններից»:

Անդրադառնալով «Արսենալ»-ից հեռանալու մասին տարածուած լուրերին՝ Մխիթարեանն ասաց. «Ներկայ պահին «Արսենալ»-ի խաղացող եմ, եւ շատ ուրախ եմ: Կը փորձեմ անել առաւելագոյնը եւ լինել աւելի արդիւնաւէտ: Կան լրագրողներ, ովքեր փորձում են խնդիրներ ստեղծել՝ սխալ տեղեկատուութիւն տարածելով, որովհետեւ գուցէ կայ մէկը, ով ցանկանում է, որ ես լքեմ «Արենալ»-ը, բայց ես այստեղ եմ»:

Մխիթարեանը նշեց, որ ծանր է տարել Բաքւում կայացած Եւրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելու փաստը: «Շատ ցաւալի էր բաց թողնել նման հանդիպում, որ հնարաւոր է միայն մէկ անգամ կարող լինել ողջ գործունէութեան ընթացքում, թէեւ իմ դէպքում երկրորդն էր: Ակումբի եւ իմ համար առաւել նպատակայարմար էր, որ չգնայի, որովհետեւ թիմը պէտք է մեկնէր խաղից հինգ օր առաջ, եւ այդ օրերի ընթացքում դժուար կը լինէր ապահովել անվտանգութիւնս»:

«Ասպարէզ»-ի հարցին, թէ ինչպէ՛ս են արձագանգել խաղին չմասնակցելու որոշման պատճառներին երկրպագուներն ու խաղընկերները՝ նկատի ունենալով, որ շատերի համար առիթ է եղել ծանօթանալու Արցախեան հակամարտութեանն ու Ադրբեջանի կողմից իրականացուող ռազմատենչ քաղաքականութեանը, Մխիթարեանը դիմելով լրագրողին նկատեց, «հարցը քաղաքականացւում է, ինչը լաւ չի», բայց այդուհանդերձ պատասխանեց. «Շատ հարցեր եղան թիմակիցներիս եւ ակումբի աշխատակիցների կողմից, թէ ի՛նչն է խնդիրը, ինչո՛ւ չեմ մեկնում: Փորձում ես բացատրել, բայց այն մարդիկ, ովքեր չեն եղել այդ դրութեան մէջ, ում երկրները նման դրութեան մէջ չեն եղել, նրանք շատ բան հնարաւոր է որ չհասկանան: Փորձեցի ինչ որ բան բացատրել, եւ նրանց ասացի, որ կարդան կայքերում: Փորձել եմ չբարդացնել իրավիճակը, փորձել եմ ամէն կերպ հասկացնել նրանց, որ դա մի պատմութիւն է, որ երկար տարիներից է գալիս եւ ոչինչ անել չենք կարող»:

Մխիթարեանի հետ զրուցելու առիթ ունեցան նաեւ աւագ եւ կրտսեր սերնդի մարզիկները: Դիմելով Գլենդէլում գործող ֆուտբոլային ակումբներից մէկի պատանի սաներին՝ Մխիթարեանը խորհուրդ տուեց. «Ցանկացած ֆուտբոլիստ, ով իրեն հայ է համարում՝ պէտք է ձգտի խաղալ ՀՀ ազգային հաւաքականում»: ՀՄԸՄ-ի ներկայացուցիչն էլ ոսկէ մեդալներ նուիրեց Հենրիխ Մխիթարեանին:

Հայազգի յայտնի ֆուտբոլիստը յոյս յայտնեց, որ յաջորդ այցի ընթացքում աւելի շատ ազատ ժամանակ կ՛ունենայ այցելելու հայկական մարզադպրոցներ եւ հանդիպելու համայնքի տարբեր ներկայացուցիչների: Իր հայ երկրպագուներին էլ յոյս յայտնեց տեսնելու «Արսենալ»-ի առաջիկայ խաղերի ժամանակ:

 

«Ասպարէզ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։