Հա

Մարզական

20/07/2019 - 12:00

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

Ֆուտբոլասէրների համար առանձնացրել ենք այն հայ ֆուտբոլիստների վեցնեակը, որոնք տարբեր տարիներին մասնակցել են աշխարհի առաջնութիւնների եզրափակիչ փուլերին: Նրանք կարեւոր դերակատարում են ունեցել ֆուտբոլի պատմութեան մէջ:

«alikonline.ir» - Ֆուտբոլասէրների համար առանձնացրել ենք այն հայ ֆուտբոլիստների վեցնեակը, որոնք տարբեր տարիներին մասնակցել են աշխարհի առաջնութիւնների եզրափակիչ փուլերին: Նրանք կարեւոր դերակատարում են ունեցել ֆուտբոլի պատմութեան մէջ:

Հայաստանում ֆուտբոլասէրները դեռ մի քանի օր շարունակ կը վայելեն երիտասարդ ֆուտբոլիստների ու նրանց հաւաքականների խաղը, ու մինչ նրանք զբաղւած են սիրելի զբաղմունքով, «Sputnik» Արմենիան մէկտեղել է յայտնի վեց հայ ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել են աշխարհի առաջնութիւնների եզրափակիչ փուլերին:

 

Նիկիտա Սիմոնեան

ԽՍՀՄ ընտրանու կազմում հանդէս է եկել 1958 թ. շւեդական ստուգատեսում՝ մասնակցելով Անգլիայի, Աւստրիայի, Բրազիլիայի եւ Շւեդիայի հաւաքականների հետ խաղերին: Նիկիտա Սիմոնեանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որ մասնակցեց աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլին: Նա Խորհրդային Միութեան ընտրանու առանցքային խաղացողներից մէկն էր, հաւաքականի անզուգական աւագն ու ոգին, եւ պատահական չէ, որ դարձաւ «Կարմրասպիտակների» առաջին գոլի հեղինակը միջազգային ամենամեծ ու պատկառելի ստուգատեսում:

Դա տեղի ունեցաւ անգլիացիների հետ հանդիպման 13-րդ րոպէին: Սիմոնեանը ֆուտբոլում հասաւ մեծ նւաճումների ե՛ւ որպէս խաղացող, ե՛ւ որպէս մարզիչ: Մոսկւայի «Սպարտակ»-ի կազմում դարձաւ Խորհրդային Միութեան քառակի չեմպիոն եւ կրկնակի գաւաթակիր: Նա երեք անգամ ճանաչւել է ԽՍՀՄ առաջնութեան ռմբարկու: Անցկացրած 285 խաղերում խփել է 145 գոլ: Երկու անգամ հռչակւել է երկրի լաւագոյն յարձակւող, եւս ութ անգամ ընդգրկւել լաւագոյն ֆուտբոլիստների ցուցակում: Ազգային հաւաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ խփելով 10 գոլ: 1956 թւականին դարձել է օլիմպիական խաղերի ոսկէ մեդալակիր:

Սիմոնեանն արժանացել է ՄՕԿ-ի եւ ՖԻՖԱ-ի Պատւոյ շքանշանների: Մոսկւայի «Սպարտակ»-ը նրա գլխաւորութեամբ երկու անգամ յաղթել է Խորհրդային Միութեան առաջնութիւնում, երեք անգամ նւաճել է բիւրեղապակեայ գաւաթը: Իսկ Երեւանի «Արարատ»-ը՝ Սիմոնեանի ղեկավարութեամբ 1973 թւականին դարձաւ ԽՍՀՄ չեմպիոն եւ գաւաթակիր: Մեր հայրենակիցը հետագայ տարիներին ֆուտբոլային կառոյցներում զբաղեցրել է կարեւոր պաշտօններ եւ արգասաբեր աշխատանքի համար արժանացել բազմաթիւ պարգեւների:

 

Էդւարդ Մարգարով

ԽՍՀՄ ընտրանու կազմում հանդէս է եկել 1966 թ. անգլիական ստուգատեսում՝ մասնակցելով Չիլիի հաւաքականի հետ խաղին: Էդւարդ Մարգարովը երկրորդ հայազգի ֆուտբոլիստն էր, ով Նիկիտա Սիմոնեանից յետոյ մասնակցեց աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլին: Երկու մեծանուն անհատների ճանապարհները խաչւելու էին 1973 թւականին, երբ Երեւանի «Արարատ»-ը, որի կազմում փայլում էր Մարգարովը, Սիմոնեանի գլխաւորութեամբ նւաճեց Խորհրդային Միութեան գաւաթը եւ չեմպիոնական կոչումը: Մարգարովը 1975 թւականին եւս մէկ անգամ դարձել է ԽՍՀՄ գաւաթակիր, 1971 թւականին՝ երկրի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 1966-ին՝ բրոնզէ մեդալակիր:

Մարգարովը ԽՍՀՄ եւ միջազգային առաջնութիւններում խփել է 159 գոլ, 1962 թւականին ճանաչւել է միանձնեայ ռմբարկու: Այդ ցուցանիշով աչքի է ընկել նաեւ Եւրոպայի չեմպիոնների գաւաթի խաղարկութիւնում (1975թ.): Երեք անգամ ընդգրկւել է ԽՍՀՄ լաւագոյն ֆուտբոլիստների ցուցակում: Մարգարովը հետագայ տարիներին զբաղւել է մարզչական աշխատանքով:

Նրա գլխաւորած «Արարատ»-ը 1976 թւականի գարնանը դարձել է ԽՍՀՄ առաջնութեան արծաթէ մեդալակիր, իսկ երիտասարդական հաւաքականը յաղթել է 1990 թւականի Եւրոպայի առաջնութիւնում: Մէկ տարի անց նրա սաները դարձել են աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր: Մարգարովը 1992-94 թթ. մարզել է նաեւ Հայաստանի ազգային հաւաքականը:

 

Անդրանիկ Էսկանդարեան

Իրանի ընտրանու կազմում հանդէս է եկել 1978 թ. արգենտինական ստուգատեսում՝ մասնակցելով Հոլանդիայի եւ Շոտլանդիայի հաւաքականների հետ խաղերին: Անդրանիկ Էսկանդարեանն առաջին սփիւռքահայ ֆուտբոլիստն էր, ով մասնակցեց աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլին: Սփիւռքահայ ֆուտբոլիստներից նա թերեւս ամենայայտնին է, մէկն այն հմուտ վարպետներից, որի յայտնւելը խաղադաշտում միշտ առաջացնում էր տօնական մթնոլորտ: Սկզբում հինգ մրցաշրջան խաղաց Թեհրանի «Արարատ» ակումբում: 21 տարեկան էր, երբ պայմանագիր ստորագրեց Իրանի պրոֆեսիոնալ ակումբի՝ «Թաջ»-ի հետ:

Առաջին յաջողութիւնը եկաւ 1975 թւականին, երբ դարձաւ Իրանի չեմպիոն, իսկ երկու տարի անց նւաճեց երկրի գաւաթը: Էսկանդարեանը 1976 թւականին Իրանի ազգային ընտրանու կազմում դարձաւ Ասիայի չեմպիոն, մասնակցեց Մոնրէալի Օլիմպիադային: Սակայն Անդրանիկ Էսկանդարեանն առաւել մեծ ճանաչման հասաւ 1978 թւականին, երբ Արգենտինայում մասնակցեց աշխարհի հերթական առաջնութեան եզրափակիչ փուլին:

Հետագայ տարիներին դարձաւ հանրայայտ ու լեգենդար 18 ֆուտբոլիստներից մէկը, ովքեր հանդէս են եկել Նիւ Եօրքի «Կոսմոս» ակումբում, որի կազմում հինգ անգամ անընդմէջ դարձաւ Հիւսիսային Ամերիկայի առաջնութեան չեմպիոն ու եռակի գաւաթակիր: Էսկանդարեանը կրկին կեանքի կոչեց փայլուն կարիերայի յիշողութիւն դարձած ակնթարթները, երբ «Կոսմոս»-ի կազմում մասնակցեց գրաւիչ մի հանդիպման՝ ընդդէմ Բրազիլիայի «բոլոր աստղերի» խորհրդանշական ընտրանու: Յիշարժան մրցավէճը կայացաւ 1991 թ.՝ Նիւ Ջերսիում: Փորձառու Էսկանդարեանը մեծապէս օգնեց «Կոսմոս»-ին՝ գլխաւորելով թիմի պաշտպանութիւնն ու չէզոքացնելով հմուտ բրազիլացիների սուր գրոհները: Անւանի ֆուտբոլիստը 1984-ին տեղափոխւեց ԱՄՆ եւ հետագայում զբաղւեց մարզական ապրանքների արտադրութեամբ ու վաճառքով:

 

Խորէն Յովհաննիսեան

ԽՍՀՄ ընտրանու կազմում հանդէս է եկել 1982 թ.՝ իսպանական ստուգատեսում՝ մասնակցելով Նոր Զելանդիայի, Բելգիայի ու Լեհաստանի հաւաքականների հետ խաղերին: Խորէն Յովհաննիսեանը 1975 թւականին դարձել է Խորհրդային Միութեան գաւաթակիր, 1976 թւականի առաջնութեան գարնանային շրջափուլի արծաթէ մեդալակիր: ԽՍՀՄ-ի առաջնութիւններում եւ միջազգային մրցաշարերում հեղինակել է 135 գոլ: Երիտասարդական հաւաքականի կազմում 1976 թւականին նւաճել է Եւրոպայի չեմպիոնի կոչումը, 1980 թւականին դարձել մոսկովեան Օլիմպիադայի բրոնզէ մեդալակիր: Երկու անգամ ճանաչւել է Խորհրդային Միութեան լաւագոյն կիսապաշտպան, եւս երկու անգամ ընդգրկւել լաւագոյն ֆուտբոլիստների ցուցակում:

Յովհաննիսեանի կեանքում եղել են բազմաթիւ յիշարժան մրցախաղեր, բայց մենք առանձնացնենք դրանցից երկուսը: Առաջին յիշարժան հանդիպումը կայացաւ 1980 թւականի դեկտեմբերի 4-ին Մար դէլ Պլատայում, որտեղ մրցեցին աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին եւ Խորհրդային Միութեան հաւաքականը: Հռչակաւոր Մարադոնան 19-րդ րոպէին բացեց խաղի հաշիւը, իսկ երկու րոպէ անց Յովհաննիսեանը վերականգնեց հաւասարակշռութիւնը (1:1): Միւս յիշարժան խաղը կայացաւ 1982 թ. աշխարհի առաջնութիւնում, երբ բելգիացիների հետ հանդիպման 48-րդ րոպէին դարձաւ միակ եւ յաղթական գոլի հեղինակը: Հետագայ տարիներին զբաղւել է մարզչական աշխատանքով, 1996-97 թթ. գլխաւորել է Հայաստանի ազգային հաւաքականը:

 

Ալէն Բոգոսեան

Ֆրանսիայի ընտրանու կազմում հանդէս է եկել 1998 թ.՝ ֆրանսիական ստուգատեսում՝ մասնակցելով Հարաւաֆրիկեան հանրապետութեան, Սաուդական Արաբիայի, Դանիայի, Պարագւայի, Բրազիլիայի հաւաքականների հետ խաղերին: ՀՖՖ-ն 1990-ականներին Ալէն Բոգոսեանի հետ վարում էր ակտիւ բանակցութիւններ, որպէսզի ընդգրկէր Հայաստանի հաւաքականի կազմում: Բոգոսեանը պատասխան նամակում գրեց, որ իր համար մեծ պատիւ կը լինէր պապերի հայրենեաց հաւաքականում հանդէս գալը, սակայն յոյս ունէր, որ Էմէ Ժակէն իրեն, այնուամենայնիւ, կընդգրկէր ֆրանսիացիների աստղային ընտրանու յայտացուցակում: Էմէ Ժակէն բնականաբար չէր կարող չնկատել շնորհաշատ կիսապաշտպանին, ով առանձնանում էր միջին օղակի բարձրակարգ ու ճկուն ֆուտբոլիստին բնորոշ յատկանիշներով:

Աշխարհի չեմպիոն դառնալուց յետոյ նա 1999 թւականին «Պարմա»-ի կազմում նւաճեց Իտալիայի, այնուհետեւ ՈՒԵՖԱ-ի գաւաթը: Հանդէս է եկել նաեւ «Նապոլի» ու «Սամպդորիա» ակումբներում: Ապենինեան մամուլը միշտ բարձր է գնահատել նրա խաղային նուրբ արւեստը, ով իր ֆուտբոլային կարիերան աւարտեց իսպանական «Էսպանիոլ»-ում: Հետագայում զբաղւեց մարզչական աշխատանքով: 2014 թւականի աշխարհի առաջնութեան ժամանակ, ինչպէս նաեւ 2016 թւականի եւրոպական ստուգատեսում Բոգոսեանը «Եռագոյնների» գլխաւոր մարզիչ եւ նախկին թիմակից Դիդիէ Դեշամի օգնականն էր: Մեծանուն մարզիկը Հայաստանի պատւաւոր քաղաքացի է: Ի դէպ, երբ Ֆրանսիայի ազգային հաւաքականը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, նախագահ Ժակ Շիրակն առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնեց հայ ժողովրդին՝ նկատի ունենալով Բոգոսեանի անուրանալի ներդրումը մեծ նւաճման մէջ:

 

Անդրանիկ Թէյմուրեան

Իրանի ընտրանու կազմում հանդէս է եկել 2006, 2014 թթ. գերմանական եւ բրազիլական ստուգատեսներում՝ մասնակցելով Մեքսիկայի, Պորտուգալիայի, Անգոլայի, Արգենտինայի, Բոսնիա-Հերցեգովինայի ու Նիգերիայի հաւաքականների հետ խաղերին:

Նա աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլերում հանդէս եկած վեցերորդ հայազգի ֆուտբոլիստն է: Առաջատար «Էսթեղլալ» ակումբի հենակետային կիսապաշտպանն Իրանի ընտրանու միակ քրիստոնեայ խաղացողն էր: Նա արգասաբեր կարիերան սկսեց «Ազադեգան»-ի բարձրագոյն լիգայում ընդգրկւած «Օղաբ» ակումբում եւ շուտով յայտնւեց ֆուտբոլային գործակալների ուշադրութեան կենտրոնում: 2006 թւականին անգլիական «Բոլթոն» ակումբի հետ կնքեց երկամեայ պայմանագիր: «Ռիբոք» մարզադաշտում անցկացրեց բազմաթիւ հրաշալի մրցելոյթներ եւ կարճ ժամանակամիջոցում դարձաւ տեղի երկրպագուների կուռքը:

«Մառախլապատ ալբիոնի» շատ ակումբներ ցանկանում էին Թէյմուրեանին տեսնել իրենց կազմում, եւ մեր հայրենակիցը 2008 թւականին տեղափոխւեց «Ֆուլհեմ»: Թէյմուրեանն իրաւամբ համարւում էր Իրանի ընտրանու առանցքային խաղացողներից մէկը: Նա ժամանակին հանդէս եկաւ այդ երկրի տարբեր տարիքային հաւաքականներում: Մարզիչների աչքից չվրիպեց Թէյմուրեանի արդիւնաւէտ խաղը եւ նրանք միշտ վստահում էին յենակէտային փորձառու կիսապաշտպանին: Թէյմուրեանը «Մելիներ»-ի հետ 2005 թւականին դարձաւ Համաիսլամական խաղերի բրոնզէե մեդալակիր, իսկ 2010 թւականին՝ Արեւմտեան Ասիայի ֆեդերացիաների առաջնութեան արծաթէ մեդալակիր: Թէյմուրեանը վայելում էր թիմակիցների անսահման յարգանքն ու սէրը, հետեւաբար 2011 թւականին նրանց առաջնորդեց աւագի թեւկապով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։