Հա

Մարզական

01/08/2019 - 08:30

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 37-րդ Միջմասնաճիւղային խաղերը` Գեարդաբադի մասնաճիւղում

Հ.Մ.Ա.Կ.-ի 37-րդ Միջմասնաճիւղային խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Գեարդաբադի «Արարատ»-ի կենտրոնատեղիում՝ երկուշաբթի, յուլիսի 8-ի ժամը 20:00-ին:

Հ.Մ.Ա.Կ.-ի 37-րդ Միջմասնաճիւղային խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Գեարդաբադի «Արարատ»-ի կենտրոնատեղիում՝ երկուշաբթի, յուլիսի 8-ի ժամը 20:00-ին:

Խաղերին մասնակից էին՝ Թեհրանի, Թաւրիզի, Ուրմիայի եւ Գեարդաբադի մարզիկ-մարզկուհիները:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամները, Թեմական խորհրդի կազմը, Ուրմիայի Գործխորհուրդը, Ատրպատականի ազգային բարերարներ՝ տէր եւ տկն. Մեջլումեանները, Իրանի Իսլ. խորհրդարանում ասորիների պատգամաւոր՝ պրն. Բեթքոլիան, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները, Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան ներկայացուցիչը, Հ.Մ.Ա.Կ.-ի Իրանի Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի ներկայացուցիչները, Հայ օգնութեան միութեան ներկայացուցիչները (ՀՕՄ), Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը, Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցու հոգաբարձութիւնը, մարզիկները, պատասխանատուները, ծնողները եւ հիւրերը:

37-րդ Միջմասնաճիւղային խաղերը նւիրւել էին կազմակերպութեան հիմնադրման 75-ամեակին:

Այսպիսով մէկ անգամ եւս շեշտւեց իրանահայ համայնքում Հ.Մ.Ա.Կ.-ի մեծ եւ խոնարհ ծառայութեան հանգամանքը, որը արդէն 75-ամեայ գոյութեամբ հանդիսանում է իրանահայ սերունդների հայեցի դաստիարակութեան մեծագոյն կենտրոններից մէկը, հայ պատանիներին եւ երիտասարդներին համախմբող եւ համայնքին ծառայելու գաղափարը նրանց սովորեցնող։

Թաւրիզի սկաուտների միջոցով ծածանւեց Կազմակերպութեան եւ Իրանի դրօշները, ապա հնչեցին Իրանի եւ «Արարատ» կազմակերպութեան հիմները:

Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ ընկեր Զեփիւռ Բաբափուռը Գեարդաբադի մասնաճիւղի անունից, ապա բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր Գայիանէ Անտոնեանը ողջունելով ներկաներին, մաղթեց բարի վայելում, իր խօսքերում նշեց՝ «Արարատ»-ը առաջին օրւանից եղել է ու առ այսօր մնում է հայակերտումի ու մարդակերտումի կենտրոն, որ «Արարատ»-ին անդամակցող ամէն մի հայ անհատ գիտակցելով իր արարատականութիւնը ամբողջական նւիրում է ցուցաբերում համայնքին մարզական, մշակութային ու հասարակական գործունէութեամբ, բոլորը նպատակաւորւած Հայ Դատի լուծման ի խնդիր:

«Արարատ»-ի պատմութեան մէջ Միջմասնաճիւղային խաղերը եւս այն կարեւոր միջոցառումներից մէկն է, որի շուրջ մարզիկները հաւաքւելով ե՛ւ չափում են իրենց ուժն ու կարողութիւնները ե՛ւ վեր հանում հաւաքական կեանքի կարեւորութիւնն աշխուժութիւն եւ կենսունակութիւն սերմանելով շրջապատին:

Նա ասաց՝ ուրախ ենք, որ Ատրպատականի հինաւուրց թեմի՝ Գեարդաբադն է հիւրընկալում Ձեզ եւ յոյս յայտնեց, որ յառաջիկայ 5 օրերը արդիւնաւէտ կը լինեն ու խաղերը լիովին կը ծառայեն նպատակին:

Ապա 107 մարզիկներ եւ պատասխանատուներ տողանցքով մուտք գործեցին մարզադաշտ:

Այնուհետեւ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ ընկեր Անահիտ Աբրահամեանը Կ.Վ. խօսքը արտայայտելու համար:

Նա «Արարատ»-ի մեծ ընտանիքի անունից ողջունեց Գեարդաբադ մասնաճիւղի 37-րդ Միջմասնաճիւղային խաղերը, յիշեց 1981 թ. օգոստոսի 15-ը, երբ օրւայ Կենտրոնական վարչութիւնն ընթացք տալով Գեարդաբադից ստացած դիմումնագրին, հիմնեց մասնաճիւղը ու այդպիսով Գեարդաբադի սիրելի համայնքը միանալով «Արարատ»-ի մեծ ընտանիքին քայլեց ու քայլում է հայապահպանման ճամբով:

Նա նշեց, որ Կազմակերպութիւնը օրեր առաջ թեւակոխել է իր 75-ամեակը, ալեհեր թէպէտ հասակով, բայց պատանու եւ երիտասարդի աւիւնով ու եռանդով լեցուն մի կազմակերպութիւն, որն իր չորս կազմակերպւած մասնաճիւղերով ուս-ուսի տւած քայլում է հաստատակամ միայն ծառայելու սերնդի դաստիարակութեանը, ժողովրդին եւ իրանահայութեանը:

Նա մաղթեց անցկացւի առողջ եւ ընկերական մրցակցութիւն, քանզի յաղթանակը մասնակցին է: Իսկ վերջում այսպէս աւարտեց իր խօսքը՝

Փառք ու պատիւ մեր անցեալի ընկերներին,

Ուժ ու կորով ներկայի աշխատող ընկերներին,

Վարդագոյն ապագայ մեր ժառանգներին:

Ապա հաղորդավարը հրաւիրեց արտայայտւելու Իրանի Իսլ.  խորհրդարանում ասորիների պատգամաւոր՝ պրն. Բեթքոլիային, որը ողջունելով խաղերը նշեց դրանց կարեւորութիւնը համայնքում եւ մարզիկների առողջ միտք ու մարմին ունենալու անհրաժեշտութիւնը նաեւ ցանկացաւ ընկերական մթնոլորտ մրցումների ընթացքին:

Ապա հրաւիրւեց Սրբազան Հայրը օրւայ առիթով իր պատգամը փոխանցելու եւ 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը կատարելու համար:

Գեարդաբադի մասնաճիւղի ջահակիրներն էին՝ Արբակ Արշակեանը, Վահէ Ազիզեանը եւ Մարգար Բաղդասարեանը, որոնք մուտք գործելով դաշտ արժանացան ներկաների ծափողջիւններին:

Սրբազան Հօր ձեռամբ բոցավառւեց եւ օրհնւեց ջահը, ապա ջահակիրները շրջելով դաշտը, ջահը յանձնեցին Կենտրոնական վարչութեան եւ գործադիր յանձնախմբի ներկայացուցիչներին: Նշելի է, որ Համահայկական խաղերի ջահը Միջմասնաճիւղային խաղերի բացման հանդիսութիւնից առաջ մեծ շուքով օրհնւեց Ուրմիայի մասնաճիւղում՝ Ս. Ստեփանոս եկեղեցում, իսկ մէկ օր առաջ Թաւրիզի մասնաճիւղում՝ Ս. Սարգիս եկեղեցում: Երկու մասնաճիւղերում եւս ներկայ էին վարչութիւնները, անդամները եւ համայնքը:

Սրբազան Հայրը նախ իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, որը այնքան ուշադիր եւ հետամուտ է մեր մատաղատի սերնդի հայեցի ոգով եւ հայրենասիրական շնչով կազմաւորման. «75 տարիներ առաջ Իրանում գտնւեցին անձեր, որոնք այս հրաշալի կազմակերպութիւնը հիմնադրեցին: Մեզ նման մահկանացու մարդիկ էին նրանք էլ, սակայն մեծ տեսիլքով, մեծ հեռանկարներով քայլեցին յառաջ եւ մենք այսօր իրենց նւիրեալ ու ջանադիր աշխատանքի պտուղն ենք վայելում»: Ապա, Սրբազան Հայրը անդրադարձաւ 21-րդ դարի դժւարին պայմաններին, յատկապէս երիտասարդութեան համար վատառողջ ճանապարհներին, որոնցից հեռու պահելու եւ մեր ազգային դիմագծով եւ ինքնութեամբ նրանց դաստիարակելու միջոցներին. «Արարատ» կազմակերպութիւնը Իրանում, մեզ համար 21-րդ դարում հրաշքի համազօր երեւոյթ է: Մեր երիտասարդութեան դիմաց բացւած բազմաթիւ մոլորեցուցիչ ճանապարհներ կան այսօր, սակայն այս կազմակերպութիւնը հայ երիտասարդութեան դիմաց բացւած ապահով ճանապարհներից մէկն է, որտեղ առողջ կազմաւորում է ստանում հայ երիտասարդը»,- շեշտեց Սրբազան Հայրը, փառք տալով Աստծուն որ 75 տարիներից ի վեր անընդմէջ գործում է այս կազմակերպութիւնը, իր հրաշալի արդիւնքները բաշխելով մեր ազգի կեանքում:

Վերջապէս, Սրբազան Հայրը անդրադարձաւ Ատրպատականի հայոց թեմում Հ.Մ.Ա.Կ.-ի երեք մասնաճիւղերին՝ Թաւրիզի, որը իր հիմնադրութեան 65-ամեակն է տօնում այս տարի, Ուրմիայի մասնաճիւղին եւ մանաւանդ Գեարդաբադին, որ ընդամենը 25 տուն հայաբնակչութեամբ, կարողացել էր Միջմասնաճիւղային խաղերը հիւրընկալել այսքան թւով մարզիկներով եւ հիւրերով, Թեհրանից, Թաւրիզից եւ Ուրմիայից: Նա իր խօսքում յիշեց բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին, որոնք միշտ զօրավիգ են կանգնում Հ.Մ.Ա.Կ.-ի Գեարդաբադի մասնաճիւղի աշխատանքներին: Նաեւ յիշեց թեմի ազգային բոլոր մարմիններին, որոնց միասնական ջանքերով իրականութիւն դարձաւ խաղերի կայացումը Գեարդաբադում:

Տեղի ունեցաւ մարզիկների ելքը:

Գեղարւեստական բաժնում հանդէս եկաւ ընկեր Նարէ Անտոնեանը «Երազ իմ երկիր հայրենի» երգով ապա ընկերներ՝ Զեփիւռ Բաբափուռը եւ Մարիաննա Յովհաննիսեանը պարեցին «Մախմուր աղջիկ»-ը իսկ վերջում հաղորդավարը հրաւիրեց. որպէսզի Սրբազան Հայրը գնդակը դաշտ նետելու վաղեմի աւանդոյթով բացւած համարի խաղերը:

Բացման հանդիսութիւնը աւարտւեց ժամը 23:00-ին :

Հանդիսատեսը մեծ գոհունակութեամբ դեռ երկար վայելեց կենտրոնատեղիի ջերմութիւնը դիտելով Գեարդաբադ-Ուրմիա բասկետբոլի ընկերական խաղը:

Հինգշաբթի յուլիսի 11-ին կազմակերպւել էր ուրախ ժամանց մարզիկների եւ տեղի բնակիչների համար:

Խաղերը անթացան եւ աւարտին հասան ուրբաթ, յուլիսի 12-ին, փակման արարողութեամբ:

Մեդալների եւ գաւաթների բաշխումը կատարւեց Վարչութեան նախագահ՝ Մարգար Բաղդասարեանի եւ ընկերներ՝ Լալա Ֆարհադեանի ու Արբակ Արշակեանի միջոցով:

Վարքի գաւաթը յանձնւեց Թեհրանի ֆուտբոլի խմբին։

Այսպիսով աւարտւեց Միջմասնաճիւղային հերթական՝ 37-րդ խաղերը Հ.Մ.Ա.Կ.-ի Գեարդաբադի մասնաճիւղում թողնելով անմոռաց պահեր եւ յուշեր բոլոր ներկաների եւ մասնակիցների համար։

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն.՝ Հարմիկ Զովէլեանին եւ նոյն վարչութեան փոխնախագահ՝ պրն. Ալեքս Կարապետեանին:

  • Իր աշխատանքներն սկսեց Հ.Մ.Ա.Կ.-ի 28-րդ Պատգամաւորական ժողովը
    Իր աշխատանքներն սկսեց Հ.Մ.Ա.Կ.-ի 28-րդ Պատգամաւորական ժողովը

    Երէկ երեկոյեան փետրւարի 19-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպութեան հիմնով կատարւեց Պատգամաւորական ժողովի պաշտօնական բացումը, որի ժամանակաւոր դիւանի ընտրութիւնից յետոյ, գործող Կենտրոնական վարչութեան նախագահ ճրտգ. Գէորգ Վարդանը համապարփակ զեկոյց ներկայացրեց կազմակերպութեան զանազան միութիւնների եւ մասնաճիւղերի ներքին եւ արտաքին մասշտաբով ծաւալած երկամեայ աշխատանքների մասին, ընդգծելով որ բոլոր աշխատանքների նպատակը մէկն է՝ հայեցի, ազգային ոգով դաստիարակել հայ նոր սերնդին, եւ միշտ վեր դասել ազգային շահերը:

  • Աւելի քան 600 աշակերտների մասնակցութեամբ՝ բոցավառւեց 43-րդ Համադպրոցական խաղերի ջահը
    Աւելի քան 600 աշակերտների մասնակցութեամբ՝ բոցավառւեց 43-րդ Համադպրոցական խաղերի ջահը

    Հինգշաբթի, յունւարի 10-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում բացումը կատարւեց 43-րդ Համադպրոցական խաղերի:

  • Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի
    Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

    Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

  • 49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...
    49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

    Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։