Հա

Մարզական

21/08/2019 - 10:20

Ադրբեջանցի շախմատիստուհիները վերջնագիր են ներկայացրել` հրաժարւելով մասնակցել Թուրքիայում անցկացւող մրցաշարին, եթէ ստուգատեսին մասնակցի նաեւ հայ շախմատիստուհի Մարիա Գէորգեանը

Թուրքիայի Սըւազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A մրցաշարը, որին մասնակցութեան հրաւէր էր ստացել նաեւ Հայաստանի շախմատի կանանց հաւաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գէորգեանը:

«alikonline.ir» - Թուրքիայի Սըւազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A մրցաշարը, որին մասնակցութեան հրաւէր էր ստացել նաեւ Հայաստանի շախմատի կանանց հաւաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գէորգեանը. փոխանցում է Tert.am-ը:

Հայ մարզուհուն, սակայն, բոլոր պայմանաւորւածութիւնների ձեռքբերումից յետոյ՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարւելով մասնակցութիւնից։ Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պէտք է մասնակցէր մրցաշարին։

Արդիւնքում` հայ շախմատիստուհին այլեւս հնարաւորութիւն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցութեան գումարը պիտի հոգար հրաւիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարւել է: Միջադէպից մանրամասներ է յայտնել ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանը` գրառում կատարելով ֆէյսբուքի իր էջում:

«Քիչ առաջ ընդունեցի Հայաստանի շախմատի կանանց հաւաքականի անդամ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գէորգեանին: Քննարկեցինք ադրբեջանցի մարզիկների կողմից դրսեւորւած հերթական հայատեացութեան դէպքը, ինչի զոհն էլ դարձել է Մարիան: Մեր շախմատիստուհուն ներկայացրի իմ նամակը՝ ուղղւած Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԷ-ին, ինչն էլ ստորեւ ներկայացնում եմ ձեզ՝ հայերէն տարբերակով:

Երէկ՝ օգոստոսի 19-ին, ներկայիս Թուրքիայի Սըւազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկում է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցութեան հրաւէր էր ստացել նաեւ Հայաստանի շախմատի կանանց հաւաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գէորգեանը: Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանաւորւածութիւնների ձեռքբերումից յետոյ՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարւելով մասնակցութիւնից։

Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պէտք է մասնակցէր մրցաշարին։ Արդիւնքում հայ շախմատիստուհին այլեւս հնարաւորութիւն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցութեան գումարը պիտի հոգար հրաւիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարւել է:

Այսպիսով, հերթական անգամ առերեսւում ենք սպորտի մէջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսեւորման խիստ դատապարտելի երեւոյթին. ընդամենը երեք ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը չկարողացաւ մասնակցել Բաքւում կայանալիք Եւրոպայի լիգայի եզրափակչին՝ Ադրբեջանի կողմից անվտանգութեան բաւարար երաշխիքներ չտալու ու ենթադրեալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու պատճառով:

Այժմ իրավիճակի բացառիկութիւնն այն է, որ վերոնշեալ շախմատային մրցաշարը ոչ թէ Ադրբեջանում է անցկացւում, այլ երրորդ երկրում՝ Թուրքիայում, եւ, փաստացի, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրել՝ առաջնորդւելով ռասիստական հռետորաբանութեամբ:

Հաշւի առնելով վերոգրեալը՝ դիմում եմ Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԷ-ին, ուսումնասիրելու ստեղծւած իրավիճակը եւ մարզասէր հանրութեանը տրամադրելու պատասխաններ՝ ստեղծւած իրավիճակի վերաբերեալ: Դատապարտող յայտարարութիւնները, աւաղ, այլեւս չեն կարող վերականգնել մեր մարզուհու մասնակցութիւնը մրցաշարին ու արդէն իսկ անդրադարձել են նրա բարոյահոգեբանական վիճակի վրայ, սակայն կարող են թոյլ տալ խուսափել ռասիստական ու այլատյացութեան հետագայ դրսեւորումներից:

Սպորտի առաքելութիւնը դեռեւս անտիկ ժամանակներից եղել է տարբեր ազգերի մարդկանց միաւորելն ու համերաշխութիւն ու խաղաղութիւն քարոզելը: Մինչդեռ 21-րդ դարում, որն իրաւամբ հռչակւած է որպէս մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վերազարթօնքի դարաշրջան, շարունակում ենք բախւել յետադիմական այնպիսի պարսաւելի երեւոյթի, ինչպիսին ռասիզմն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։