Հա

Մարզական

07/09/2019 - 08:30

Եւրօ-2020-ի ընտրական փուլ. Հոլանդացիները ջախջախեցին Գերմանիային. Գերմանիա-Հոլանդիա՝ 2:4

Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին տեղի ունեցան Ֆուտբոլի 2020 թւականի Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցաշարում 5-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին տեղի ունեցան Ֆուտբոլի 2020 թւականի Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցաշարում 5-րդ տուրի հանդիպումները:

Կենտրոնականը հանդիպումն, իհարկէ,  ֆուտբոլային աշխարհի ամենադասական դիմակայութիւններից մէկը՝ C խմբի Գերմանիա-Հոլանդիա հանդիպումն էր, որը կայացաւ երէկ՝ ուշ երեկոյեան, Համբուրգում:

Նշենք, որ Ամստերդամում կայացած երկու թիմերի առաջին հանդիպումն աւարտւել էր գերմանացիների յաղթանակով՝ 3:2 հաշւով: Այս խաղի առաջին խաղակէսն էլ յուսադրող էր գերմանացիների համար: 9-րդ րոպէին Սերժ Գնարբի խփած գնդակի շնորհիւ գերմանացիներն առջեւում էին 1:0 հաշւով:

Երկրորդ խաղակէսում, սակայն ամբողջովին կերպարանափոխւած հոլանդացիները որեւէ շանս չտւեցին Գերմանիային: Ֆրենկի Դէ Եոնգի (59-րդ րոպէ), Ժոնաթան Տահի (66-րդ րոպէ, ինքնագոլ), Դոնիէլ Մալէնի (79-րդ րոպէ) եւ Ժորժինիօ Վէյնալդում (90+4-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ նրանք յաղթեցին խոշոր՝ 2:4 հաշւով: Գերմանիայի կազմում երկրորդ գոլի հեղինակ դարձաւ Տոնի Կրոսը (73-րդ րոպէ, 11մետրանոց):

Սեպտեմբերի 5-ին Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում, Հայաստանի հաւաքականը հիւրընկալել էր Իտալիայի ընտարնուն:

Հանդիպման 10-րդ րոպէին անակնկալ գոլի հեղինակ դարձաւ Ալեքսանդր Կարապետեանը՝ գրաւելով Իտալիայի դարպասը: Գոլից յետոյ, սկայան, նախաձեռնութիւնն աստիճանաբար անցաւ իտալացիների կողմը, եւ 28-րդ րոպէին Անդրէա Բելոտին հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:

Իրավիճակը Հայաստանի ընտրանու համար աւելի բարդացաւ, երբ 45+1-րդ րոպէին Ալեքսանդր Կարապետեանը ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացւեց խաղադաշտից:

Երկրորդ խաղակէսին 10 հոգով մնացած Հայաստանի հաւաքականը չդիմացաւ ճնշմանը: 77-րդ րոպէին Լորենցօ Պելեգրինին խփեց իտալացիների երկրորդ գնդակը, իսկ 80-րդ րոպէին Անդրէա Բելոտին ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը՝  դառնալով դուբլի հեղինակ: 1:3՝ եւ Հայաստանի հաւաքականը 6 միաւորով նահանջեց J խմբի մրցաշարային աղիւսակի 4-րդ հորիզոնականը:

Այս խմբում 100 տոկոսանոց արդիւնք է ցոյց տւել Իտալիայի հաւաքականը, որը 15 միաւորով վստահօրէն գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Ֆինլանդիան 12 միաւորով 2-րդն է: Ֆինները սեպտեմբերի 5-ին 1:0 հաշւով պարտութեան մատնեցին Յունաստանի ընտրանուն:

Երրորդ հորիզոնականում վաստակած 7 միաւորով, Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանին է, որը խոշոր՝ 5:0 հաշւով պարտութեան մատնեց Լիխտենշտէյնի հաւաքականին: Հայաստանը 6 միաւորով 4-րդն է, Յունաստանը 4 միաւորով 5-րդն է, իսկ Լիխտենշտէյնն առանց միաւորների եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Վաղը՝ սեպտեմբերի 8-ին Հայաստանի հաւաքականը Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում կը հիւրընկալի Բոսնիա եւ Հերցեգովինայի հաւաքականին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։