Հայաստան - ԱրցախՀարցազրոյցՔաղաքական

Արամ Շահնազարեան. «Հնարաւոր պատերազմի թատերաբեմը դառնալու է Հայաստանը»

Օրերս ԱԺ-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ յայտարարել է, թէ Ադրբեջանն ուզում է ստանալ Մեղրիի փոխանակում: Առհասարակ, Արցախի շուրջ եւ ՀՀ-ի հետ սահմանային հատւածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ֆոնին դարձեալ ակտիւացել են խօսակցութիւնները Սիւնիքը կտրելու թուրք-ադրբեջանական նպատակների վերաբերեալ:

Այսօր որքանո՞վ է հաւանական այդ սցենարի իրագործումը՝ հաշւի առնելով Իրանի դերը: Եւ երբ Իրանն ասում է, որ թոյլ չի տայ սահմանային փոփոխութիւն, դրա տողատակում ի՞նչ կայ՝ չի թողնի Հայաստանը բան կորցնի՞, թէ՞ Ադրբեջանի վերահսկողութեան շրջանակը չի մեծանայ:

Այս եւ այլ հարցերի շուրջ «168.am»-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

– Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշւի առնել մի շատ կարեւոր հանգամանք. Հարաւային Կովկասն Արեւմուտքի համար վերածւել է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դէմ պայքարի հարթակի։ Տարածաշրջանը կանգնած է նոր եւ մեծ պատերազմի նախաշեմին։ Այն, որ պատերազմ է լինելու, ցաւօք, քչերն են կասկածում։ Իրանը՝ որպէս Հարաւկովկասեան տարածաշրջանում ծաւալւող աշխարհաքաղաքական բարդ զարգացումների առանցքային խաղացողներից մէկը, նոյնպէս գիտակցում է դա, եւ, բնականաբար, պատրաստւում է հնարաւոր պատերազմին, որի թատերաբեմը, ցաւօք, դառնալու է Հայաստանը։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանաթուրքական ալեանսի կողմից Սիւնիքը կտրելու եւ, ընդհանրապէս, Հայաստանի հարաւային շրջաններն օկուպացնելու նկրտումներին, ապա պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը շատ յստակ է: Այն Իրանի համար կարմիր գիծ է, որը հատել թոյլ չեն տայ։ Այսինքն, թոյլ չեն տայ Հայաստանը նոր տարածքներ կորցնի։ Սա յստակ է եւ միանշանակ, քանի որ Հայաստանի կողմից ցանկացած տարածքային կորուստ անմիջական ազդեցութիւն է ունենալու Իրանի անվտանգային մթնոլորտի եւ տարածաշրջանային շահերի վրայ։ «Զանգեզուրի միջանցք» կոչւածն ամբողջովին հակասում է Իրանի ազգային անվտանգութեան շահերին։ Դա բացարձակապէս անընդունելի է Իրանի համար:

 

– 2022 թւականին Ադրբեջանի եւ Իրանի կառավարութիւնները փոխըմբռնման յուշագիր ստորագրեցին, այսպէս կոչւած, «Արեւելեան Զանգեզուրի» տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ Իրանի տարածքով հաղորդակցութեան նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթի նպատակը Նախիջեւանի հետ նոր երկաթուղային եւ ճանապարհային կապեր հաստատելն էր, ինչպէս նաեւ կապի եւ էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը, ինչին հասնելու համար Արաքս գետի վրայով պէտք է կառուցեն չորս կամուրջ (երկու ճանապարհային եւ երկու երկաթուղային), ինչպէս նաեւ՝ կապի եւ էներգետիկ ենթակառուցւածքներ։ Իսկ այդ կամուրջները ՀՀ պետական սահմանից 5 կմ. հեռաւորութեան վրայ են լինելու: Կարո՞ղ ենք ասել, որ այս դէպքում ունենում ենք միջանցք՝ առանց Հայաստանի:

– Խօսքն ինչ-որ միջանցքի մասին չէ։ Իրանն ընդամէնը Բաքւին հնարաւորութիւն է ընձեռելու իր տարածքով հաղորդակցութեան հնարաւորութիւն ստանալ Նախիջեւանի հետ։ Աբսուրդի ժանրից կը լինի, եթէ պատկերացնենք անգամ, որ Իրանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ միջանցք կը տրամադրի որեւէ երկրորդ երկրի, այս դէպքում՝ Ադրբեջանին։ Կրկնում եմ, որ խօսքն ընդամէնը Իրանի տրանսպորտային ենթակառուցւածքներից օգտւելու հնարաւորութեան մասին է՝ միջազգային ընդունւած նորմերի եւ կանոնակարգերի շրջանակում։

 

– 2020 թւականին տեղեկութիւններ ստացւեցին, այդ մասին Ձեզ հետ էլ ենք խօսել, որ Իրանում գեներացնում էին տեսակէտ, թէ՝ եթէ պիտի Մեղրիի միջանցք տրւի Ադրբեջան-Նախիջեւան կապի համար, մի միջանցք էլ պիտի տրւի Նախիջեւանի տարածքով, որ Իրանը կարողանայ կապ ունենալ ՀՀ-ի հետ եւ ՀՀ-ի վրայով դէպի հիւսիս:

– Նախ դրանք ընդամէնը տեսական քննարկումներ էին։ Եւ յետոյ յատկապէս վերջին զարգացումները, սահմանների ու Հայաստանի ինքնիշխան տարածքների անձեռնմխելիութեան վերաբերեալ Իրանի յստակ յայտարարութիւններն առոչինչ դարձրեցին Ձեր նշած տարբերակը։

 

– Մօտ 2 տարի առաջ Իրանը Չինաստանի հետ ստորագրեց 25 տարւայ համագործակցութեան համաձայնագիր, որում առկայ էին քաղաքական, ռազմավարական եւ տնտեսական բաղադրիչներ: Խօսքը, սակայն, նախեւառաջ էներգետիկ սեկտորի եւ նոր ենթակառոյցների ստեղծման մասին է: Եւ, ըստ էութեան, այս համաձայնագրում որոշ նպատակների հասնելու համար Իրանին պէտք էր լինելու հարեւաններից մէկի «օգնութիւնը»: Աւելին, ըստ մասնագէտների, այն կարող է մեծ փոփոխութիւններ մտցնել Մերձաւոր Արեւելքի, մասնաւորապէս, Պարսից ծոցի ռազմաքաղաքական եւ տնտեսական հաշւարկներում եւ իրադարձութիւններում:

– Պէտք է ասել, որ նման փոփոխութիւններ միանշանակ հնարաւոր են, եթէ հաշւի առնենք Չինաստանի հեռահար նպատակները Մերձաւոր Արեւելքում, ինչպէս նաեւ Պարսից ծոցի արաբական երկրների, մասնաւորապէս՝ Սաուդական Արաբիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած Իրանի գործնական քայլերը։ Մերձաւոր Արեւելքում՝ ընդհանրապէս, եւ Պարսից ծոցի աւազանում էլ՝ յատկապէս, աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների եւ նոր դիրքաւորումների ուրւագծում է տեղի ունենում։

Շտապեմ նշել, որ դրանք անմիջական ազդեցութիւն են ունենալու նաեւ Հարաւկովկասեան տարածաշրջանի վրայ։ Հայաստանը կարող է մեծապէս շահել այդ իրադարձութիւններից, եթէ, իհարկէ, ճիշտ ճամբարում յայտնւի։ Ցաւով պէտք է նշել, որ ներկայ դրութեամբ ՀՀ գործող իշխանութիւնները միանգամայն այլ ուղղութեամբ են տանում երկիրը, ինչը կարող է աղէտաբեր լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայութեան համար։

 

– Իրանի ճանապարհների ու քաղաքաշինութեան նախարար Մեհրդադ Բազրփաշը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայեւի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն հարեւան երկրների միջոցով, իսկ օտարների ռազմական ներկայութիւնը վտանգաւոր է տարածաշրջանի համար: Եւ, որ Իրանը կօգտագործի իր հարեւանութեան քաղաքականութիւնը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարւածութիւնը վերացնելու համար: Յիշում ենք, որ 44-օրեայ պատերազմի օրերին այդ ժամանակ Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին, ով միաժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի յատուկ բանագնացն էր, ժամանել էր Երեւան՝ ներկայացնելու ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման Թեհրանի առաջարկները, որոնք այնքան էլ հայկական կողմի սրտով չէին, եւ դրանք մնացին թղթի վրայ: Այսօր ինչպէ՞ս էք պատկերացնում Իրանին «միջնորդի» դերում Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, երբ այդ գործին ակտիւ ներգրաււած է Արեւմուտքը:

– Իրանը միշտ էլ փորձել է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ լարւածութիւնը վերացնելու համար։ Տարածաշրջանում (խօսքը մեծ Մերձաւոր Արեւելքի մասին է, կազմում՝ նաեւ Հարաւային Կովկաս) առկայ բոլոր հակամարտութիւնների եւ խնդիրների կարգաւորումն Իրանը տեսնում է բացառապէս տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ՝ բացառելով արտատարածաշրջանային ուժերի ներգրաււածութիւնը։ ԼՂ հակամարտութեան եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկայ խնդիրների կարգաւորման հարցով եւս Իրանի դիրքորոշումը նոյնն է, մանաւանդ, որ խնդրում Արեւմուտքի ներգրաււածութիւնը յստակօրէն հակասում է Իրանի շահերին։ Այդ պատճառով էլ պաշտօնական Թեհրանն ակտիւացրել է ներգրաււածութիւնը հարաւկովկասեան հարցերում։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի նախկին եւ ներկայ կառավարութիւնների դիրքորոշումներին, ապա դրանցում ակնյայտ է տարբերութիւնը։ Իրանի գործող կառավարութեան դիրքորոշումը մեծապէս համընկնում է հայկական կողմի շահերին։

 

– 2021-ին մեզ հետ զրոյցում ասել էիք, որ Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքանով, որքանով դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է Հայաստանը թոյլ տւել, որ Իրանն այդ հարցով զբաղւի պատերազմից յետոյ եւ այսօր, երբ, ինչպէս նշեցինք, Սիւնիքը կտրելու վտանգ կայ:

– Այս հարցին յստակ պատասխանել չեմ կարող։ Դա ինֆորմացիա է, որին տիրապետում են կողմերը՝ ամենաբարձր մակարդակով։ Անձամբ ես չեմ տիրապետում ինֆորմացիային։ Սակայն, կարող եմ նշել մի բան. եթէ Իրանի անվտանգութեանը եւ ազգային շահերին սպառնացող վտանգը յստակ ու վերահաս լինի, ապա Իրանը հաստատ դիտորդի կարգավիճակում չի մնալու։

 

– Իրանի պաշտպանութեան նախարարը յայտարարել է, որ պատերազմ չի լինի տարածաշրջանում: Ի՞նչ է անելու Իրանը դրա համար, ինչպէ՞ս էք գնահատում Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները ներկայ պահին:

– Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների ներկայ վիճակի մասին՝ կարճ ու կոնկրետ. դրանք երբեւէ այսքան լարւած չեն եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանում պատերազմը բացառելու մասին Իրանի ՊՆ յայտարարութեանը, ապա պէտք է նշել, որ Իրանը դիւանագիտական ինտենսիւ կապի մէջ է Հարաւկովկասեան տարածաշրջանում անմիջականօրէն ներգրաււած բոլոր կողմերի հետ։ Դրանից բացի, իր հիւսիսային սահմանների ողջ երկայնքով ռազմական ուժի կուտակումն ու տեղաշարժերը յստակ պատգամ են ուղղւած Բաքւին, որ հնարաւոր պատերազմի դէպքում Իրանը ձեռքերը ծալած չի նստելու։ Սա շատ կարեւոր զսպիչ գործօն է։ Բաքւում լաւ հասկանում են՝ եթէ Իրանը որոշի դիմել ռազմական գործողութիւնների, ինչ է սպասւում իրենց։

 

– Ի դէպ, Բաքւից ժամանակ առ ժամանակ ասում են, թէ իրանում Նիկոլ Փաշինեանին չեն հաւատում: Հայաստանը վստահելի՞ գործընկեր է Իրանի համար:

– Այս տարածաշրջանում Հայաստանը եւ Իրանը միմեանց բնական դաշնակիցներն են, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է փոխադարձ վստահութեանը, ապա դա աւանդաբար այդպէս է եղել, Իրանը Հայաստանին համարել է իր վստահելի գործընկերը։

2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ, սակայն, ՀՀ իշխանութիւնների գործողութիւնները յաճախ անհասկանալի են եղել Իրանի համար, վիճակն առաւել զգայուն է յատկապէս հիմա։ Պաշտոնական Թեհրանին չի կարող չմտահոգել ՀՀ գործող իշխանութիւնների թրքահաճոյ եւ արեւմտամէտ քաղաքականութիւնը։ Սա երկարատեւ կտրւածքով կարող է բացասական ազդել Իրան-Հայաստան յարաբերութիւնների վրայ, այն պէտք է շտկւի։

Առնչւող Յօդւածներ

Back to top button