Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նամակը Շառլ Միշէլին

Թարգմանաբար ներկայացնում ենք ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի բաց նամակը՝ Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլին.

Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ սովն ու առաջին անհրաժեշտութեան ապրանքներից զրկելն իննը ամիս որպէս էթնիկ զտումների գործիք օգտագործելուց յետոյ, Ադրբեջանն այժմ սկսել է ահաբեկել եւ ռմբակոծել 120.000 մարդու, այդ թւում՝ 30.000 երեխաների: Այսօր առաւօտից Ադրբեջանը ծանր հրետանիով գնդակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ալիեւի ռեժիմը բռնապետական, ֆաշիստական ռեժիմ է, որն օգտագործում է նոյն ձեռագիրը, ինչ միւս բռնապետերը: Ուստի անհրաժեշտ է դադարեցնել դա՝ օգտագործելով վճռական եւ արդիւնաւէտ միջոցներ։ Հակառակ դէպքում, միջազգային հանրութիւնը, ներառեալ ԵՄ-ն, որպէս հիմնական բանակցող, պատասխանատւութիւն է կրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան եւ դրան ոչ համարժէք արձագանգի համար:

Անկախ փորձագէտների եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների բազմաթիւ զեկոյցներ եւ յայտարարութիւններ զգուշացնում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականութեան եւ դրա ցեղասպանական էութեան մասին։ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպօն վերջերս իր զեկոյցում պնդում է, որ կայ «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանութիւն է իրականացնում Արցախի բնիկ հայ բնակչութեան դէմ։ Ցեղասպանութեան կանխարգելման «Լեմկին»-ի ինստիտուտը, Genocide Watch-ը նոյնպէս մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերեալ։

Միջազգային իրաւունքի սկզբունքները չեն ստեղծւել, որպէսզի օգտագործւեն որպէս գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչութեան դէմ վայրագութիւններ իրականացնելուն: Այնուամենայնիւ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականութեան սկզբունքը՝ որպէս պատրւակ, էթնիկ զտումներ իրականացնելու եւ բնիկ հայ բնակչութեանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրաւունքների եւ կեանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին եւ հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականութեանը։

Որպէս համաեւրոպական համայնքային կազմակերպութիւն՝ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը եւ նրա ԵՄ անդամ 14 երկրներում նրա յանձնախմբերը գնահատում են ձեր ջանքերը՝ որոնք, այս այս խիստ բարդ իրավիճակում ուղղւած են միջնորդական ջանքերին: Այնուամենայնիւ, որպէս ԵՄ քաղաքացիներ, մենք ակնկալում եւ պահանջում ենք վճռական միջոցներ՝ Ադրբեջանին զսպելու համար։ Մենք ուշադիր հետեւելու ենք իրադարձութիւնների զարգացմանը։

Յարգանքով՝
Գասպար Կարապետեան

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
19.09.2023թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button