Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական պատկեր է ստեղծւում. Հայաստանում կազմակերպւած ուժեր կան, որոնք հակառուսական քաղաքականութիւն են իրականացնում»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանը չի կարող երկրորդ ճակատում հանդէս գալ, այստեղ կայ նաեւ Թուրքիայի ազդեցութիւնը, որը չափազանց մեծ է Ռուսաստանի վրայ: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ պատասխանելով հարցմանը, որ հիմնաւորւա՞ծ են արդեօք Ռուսաստանի հասցէին հնչած մեղադրանքները Արցախի հարցում դրսեւորած անգործութեան ուղղութեամբ:

«Հայաստանում կազմակերպւած ուժեր կան, որոնք հակառուսական քաղաքականութիւն են իրականացնում եւ, դեռեւս, 2018  թւականից շեշտակի ակտիւացել են: 2018 թւականից յետոյ կարելի է ասել, որ հակառուսականութիւնը դարձել է ՀՀ պետական քաղաքականութիւն, հետեւելով այն մարդկանց, որոնք հրաւիրւում են հանրային հեռուստաընկերութիւն, ընդհուպ որոշ արեւմտեան հեռուստաընկերութիւններին, պարզ է դառնում, որ որոշակի կազմակերպւած քաղաքականութիւն է իրականացւում եւ ակնյայտ է, որ այստեղ գնում է աշխարհաքաղաքական պայքար: Մենք այն տեսել ենք Ուկրաինայում, եւ Վրաստանում, որտեղ արեւմտեան ուժեր եկել են իշխանութեան»,- նշեց նա:

Ստեփան Դանիէլեանը նկատեց, որ Հայաստանում, Ռուսաստանի դիրքերը ակնյայտ թուլացել են: Այստեղ խնդիրներ կան եւ նոր աշխարհաքաղաքական պատկեր է ստեղծւում:

Անդրադառնալով ձեւաւորւող նոր աշխարհաքաղաքական վերադասաւորումներին եւ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցութեան հնարաւոր թուլացմանը, Ստեփան Դանիէլեանը նշեց, որ դեռեւս այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում նւազում է, սակայն ակնյայտ է, օրինակ Վրաստանում որոշակի հաւասարակշռւած քաղաքականութիւն գոյութիւն ունի իշխանութիւնների կողմից, թէեւ Վրաստանում եւս յեղաշրջման հաւանականութիւնը մեծ է:

Դիտարկելով Իրանի դերակատարութիւնը ձեւաւորւող նոր աշխարհաքաղաքական համակարգում, քաղաքագէտը  նշեց, որ Ռուսաստանը եւ Իրանն արդէն իրենց յարաբերութիւնները գնահատում են ռազմավարական ու բարեկամական, այնուամենայնիւ, միշտ չէ, որ Իրանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են եւ Միացեալ Նահանգները Իրանին գնալով աւելի մեծ տեղ է տալիս:

Հարցմանը, որ պատերազմի աւարտից յետոյ, եւ փաստացի Արցախը Ադրբեջանի կազմում յայտնւելուց անց, ռուսական խաղաղապահ ուժերն ինչո՞ւ են շարունակում ներկայութիւն ունենալ այնտեղ, Ստեփան Դանիէլեանը պատասխանեց. «Ռուսաստանը ցանկութիւն է յայտնել մինչեւ 2025 թւականը մնալ Արցախում եւ այնտեղ իրենց անհրաժեշտ է պահել հայեր: Դժւար է ասել, որ ինչու են ցանկանում մնալ այնտեղ, գուցէ ռուս-ուկրաինական պատերազմը ինչ-որ հանգուցալուծում գտնի, եւ իրենք Ստեփանակերտը, որպէս բազա օգտագործեն, սակայն տրամաբանական առումով ես այն չեմ հասկանում, եւ անհասկանալի է»,- նշեց նա:

«Ի տարբերութիւն այս իշխանութեանը, որ մեծ օժանդակութիւններով է եկել ՀՀ ներքաղաքական իրադրութեան մէջ, անհնազանդութեան գործողութիւններում Ռուսաստանի ներգրաււածութեան վերաբերեալ հնչող մեղադրանքները այն պատճառով են, որ իրենց՝ ՀՀ կառավարող ուժերի դիրքերը թուլացել են, եւ փորձում է կատարւում հիմնաւորումներ գտնել այդ առումով: Մեղադրանքները, որ հնչում են Ռուսաստանի հասցէին՝ Հայաստանում «յեղաշրջում» կազմակերպելու, կարելի է հակառակ ուղղութեամբ հնչեցնել, որովհետեւ ընդդիմութիւնը այս իշխանութեան դէմ պայքարում Արեւմուտքից որեւէ օժանդակութիւն չի ստացել»,- նշեց նա:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button