Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ազգային կոմիտէի յայտարարութիւնն ապօրինի ձերբակալւածների վերաբերեալ

Արցախահայութեան կեանքի իրաւունքը պաշտպանելու հրամայականով դրդւած ժողովրդային լայն զանգւածներ ս. թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարութեանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողութիւններ:

Հայաստանի գործող իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետեւանքով տարբեր անհնազանդութեան ակցիաների ընթացքում 700-ից աւելի անձինք բերման են ենթարկւել ոստիկանութեան բաժիններ՝ ճնշող դէպքերում նրանց նկատմամբ կիրառւել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին եւ անգամ ակցիաների հետ առնչութիւն չունեցող բազմաթիւ քաղաքացիների պատճառւել է ֆիզիկական վնաս: Ոստիկանութեան եւ իշխանութեան սադրիչների հրահրւած բախումներով բազմաթիւ անձինք ստացել են մարմնական վնասւածքներ:

Կամակատար քննչական մարմինների եւ դատաւորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկւել են ապօրինի ձերբակալութիւնների, իսկ նրանցից մեծ մասը ապօրինաբար կալանաւորւել են կամ սահմանափակւել է նրանց ազատութիւնը՝ արգելելով կալանաւորւածներից շատերի հետ տեսակցութիւնները:

Կամաւոր հիմունքներով ձեւաւորւած փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորնները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքի հետ միասին այս օրերին մշտապէս եղել են նրանց կողքին, ցուցաբերել են եւ շարունակում են ցուցաբերել իրաւական, հաղորդակցութեան ապահովման եւ այլ աջակցութիւն՝ հայրենադաւ իշխանութեան դէմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին:

Ազգային կոմիտէն երախտագիտութիւն յայտնելով փաստաբաններին ու իրաւապաշտպանութեան մէջ ներգրաւած անձանց շարունակում է իր համակարգւած աջակցութիւնը ապօրինութիւնների ենթարկւած անձանց:

28 սեպտեմբերի 2023

Երեւան

Առնչւող Յօդւածներ

Back to top button