ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

«Սիւնիքը պատմական ռազմավարական նշանակութեան, տնտեսական համագործակցութեան եւ ներդրումային հեռանկարի համատեքստում» միջազգային գիտաժողովը՝ Կապանում

«ԱԼԻՔ» – Թւականիս սեպտեմբերի 20-ին Սիւնիքի Կապան քաղաքում կայացաւ «Սիւնիքը պատմական ռազմավարական նշանակութեան, տնտեսական համագործակցութեան եւ ներդրումային հեռանկարի համատեքստում» միջազգային գիտաժողովը: Կապանում, Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան նախաձեռնութեամբ եւ Կապանի քաղաքապետարանի համագործակցութեամբ տեղի ունեցած այս գիտաժողովում, Իրանի եւ Հայաստանի 15 քաղաքական եւ տնտեսական փորձագէտներ ու վերլուծաբաններ ներկայացրել են իրենց կարծիքներն ու վերլուծութիւնները Սիւնիք նահանգի կարեւորութեան ու դերի վերաբերեալ, որը ունի տարածաշրջանային հաւասարումների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւններում: Գիտաժողովի բացման արարողութեանը իր ելոյթում ՀՀ Սիւնիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանը, ողջունելով Իրանի պատւիրակութեանը Հայաստանի հարաւային մայրաքաղաքում ներկայութեան համար, անդրադարձաւ Սիւնիքի ռազմավարական դիրքին եւ առանձնայատկութիւններին։ Նա գնահատեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները, որն արդիւնաւէտ է եղել տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան պահպանման գործում, ինչպէս նաեւ անդրադարձաւ պատմութեան ընթացքում եւ օսմանեան յարձակումների դիմաց Իրանի աջակցութեանը Սիւնիքի տարածքի նկատմամբ եւ այս տարածաշրջանի հայկական ինքնութեան ճանաչման գործում, ինչպէս նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութեան ժամանակ:

Գիտաժողովը մեկնարկեց Կապանի քաղաքապետ Գէորգ Փարսեանի եւ ՀՀ Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդինի ելոյթներով։ Ելոյթներով հանդէս եկան Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան անցեալ շրջանի պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը՝ «Սիւնիքի աշխարհագրական սահմաններն իսլամական աղբիւրներում» թեմայով: Իսլամական Ազատ համալսարանի դասախօս Հոսէյն Ահմադին՝ «Սիւնիքի դերի ուսումնասիրութիւնը տարածաշրջանային եւ միջազգային հաւասրակշռութիւններում (պատմական չափումների դիտարկմամբ)» թեմայով, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի պրոֆեսոր, պատմական գիտութիւնների դոցենտ Գէորգ Ստեփանեանը՝ «Սիւնիք-Արցախի ռազմավարական դերն Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումների համատեքստում», Թեհրանի համալսարանի դասախօս եւ Եւրասիայի հարցերով աւագ փորձագէտ Ահմադ Քազեմին՝ «Թուրանական միջանցքի սադրանքը նոր աշխարհակարգին անցնելու համատեքստում եւ Սիւնիքի նշանակութիւնն այդ խորապատկերում», ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Ահարոն Վարդանեանը՝ «Էթնիկ խմբերի տեղաշարժերը պատմական Սիւնիքի արեւելեան հատւածներում 1804-1813 թթ. եւ 1826-1828 թթ. ռուս-պարսկական երկու պատերազմներից յետոյ», Թեհրանի համալսարանին կից Կովկասեան հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Խաշէ Ջաֆարը՝ «Հարաւային Կովկասում գէոպոլիտիկ լարւածութիւնը, լարւածութեան եւ խառնակութեան գործընթացները», Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը՝ «Սիւնիքի դերը Իրան-Հայաստան միջանցքի ամրապնդման եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւններին ընդդիմացող առանցքի ամրակայման գործում», Թեհրանի համալսարանի Եւրասիական հետազօտութիւնների ամբիոնի վարիչ Ալի Բեման Էղբալի Զարչը՝ «Սիւնիքի դերը եւ դիրքը՝ աշխարհաքաղաքական փոփոխութիւններին դիմակայելու առանցքի ամրապնդման գործում եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դէպի Արեւելք»: Իրան-Հայաստան բարեկամութեան կազմակերպութեան Տնօրէնների խորհրդի նախագահ, Կովկասի տարածաշրջանի ուսումնասիրութիւնների աւագ փորձագէտ Ալիռեզա Նազիֆը՝ «Սեւ ծով-Պարսից ծոց միջանցքում Սիւնիք-Արեւելեան Ատրպատական ուղու կարեւորութիւնը», Ժամանակակից աշխարհի հետազօտական կենտրոնի տնօրէն Շոայբ Բահմանը՝ «Սիւնիքի մարզի տեղն ու դերը գէոստրատեգիկ փոփոխութիւններին ընդդիմացող առանցքի ամրապնդման գործում», ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Գարիկ Միսակեանը՝ «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութեան քաղաքականութիւնը Սիւնիքի եւ Արցախի բաժանման գործում (էթնոքաղաքական ասպեկտներ)», Թեհրանի համալսարանի տարածաշրջանային ուսումնասիրութիւնների հրաւիրեալ պրոֆեսոր Ջաֆար Հաղփանահը՝ «Սիւնիքի դերը Իրան-Հայաստան միջանցքի զարգացման գործում», Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան Ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Լիանա Պետրոսեանը՝ «Հայաստանի եւ Իրանի համագործակցութիւնը Սիւնիքում, որպէս հակակշիռ Ադրբեջանի եւ Թուրքիայի դասաւորւածութեանը», Կովկասի հարցերի աւագ փորձագէտ Մաջիդ Քարիմին՝ «Սիւնիքի տարածաշրջանի կարեւորութիւնը աշխարհառազմավարական փոփոխութիւններին առնչւելու առանցքի եւ դէպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման առանցքի ամրապնդման գործում»:

Կապանում Սիւնիքի գիտաժողովի անցկացումը, այդ էլ   Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումների ընթացքում փոխանցում  է Իրանի Իսլամական Հանրապետութեան համար այս տարածաշրջանի կարեւորութեան ուղերձը, ինչպէս պաշտօնական-պետական, այնպէս էլ փորձագիտական մակարդակով, եւ անտարակոյս այս գիտաժողովի պատգամը լաւապէս հասանելի էր տարածաշրջանի եւ արտատարածաշրջանային երկրների համար: Գիտաժողովի ուշագրաւ կէտերից էր Սիւնիքի քաղաքացիական հասարակութեան մտաւորականների եւ Հայաստանի հարաւային տարածքի քաղաքացիների արձագանգն այս գիտաժողովին:

Գիտաժողովի աւարտին, Սիւնիքի տեղական հրատարակութեան գլխաւոր խմբագիրը, քաղաքացիների անունից շնորհակալութիւն յայտնեց իրանցի փորձագէտներին իրենց ներկայութեան համար եւ յայտնեց, որ դա շատ արժէքաւոր է կապանցիների համար, այս քաղաքում տեսնել իրանցի փորձագէտներին, ովքեր եկել եւ կարծիք են յայտնել, նրանք տեղեկատւութիւն եւ առաջարկներ են ներկայացրել Սիւնիքի զարգացման եւ առաջընթացի վերաբերեալ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button