Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանն ասում է, որ ընկրկելու է Ալիեւի պահանջների առաջ եւ դա արդարացնում է նրանով, որ իր նպատակը էսկալացիա թոյլ չտալն է»

Նիկոլ Փաշինեանի հոկտեմբերի 10-ի յայտարարութիւնները ցոյց տւեցին, որ Ադրբեջանը չի բաւարարւել Արցախն անեքսիայի ենթարկելով եւ նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեանը։ «Առաւօտ»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Առաջին հերթին խօսքը վերաբերում է այսպէս կոչւած անկլաւներին կամ ինչ-որ 8 գիւղերի, որոնք Ադրբեջանը յայտարարում է, թէ Հայաստանը գրաւել է։ Փաշինեանը յայտարարում է, որ ինքն ընկրկելու է Ալիեւի այս պահանջի առաջ։ Եւ դա արդարացնում է նրանով, որ կառավարութեան նպատակը էսկալացիա թոյլ չտալն է, աւելի պարզ՝ բախման չգնալն է, սեփական տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը չպաշտպանելն է։ Նա յղում է կատարում ինչ-որ 28 900 քառակուսի կմ. վրայ։ Եւ տեսէք, թէ ինչ հետաքրքիր աճպարարութիւն են անելու։ Միգուցէ ինչ-որ գիւղեր չտրւեն Ադրբեջանին, փոխարէնը Ադրբեջանը դրան համարժէք կամ աւելի մեծ տարածք պոկի ՀՀ-ից։ Փաշինեանը կը յայտարարի՝ տեսէք, ես ոչ մի անկլաւ չեմ տւել, բայց աւելի մեծ տարածքներ կը յանձնի Ադրբեջանին։ Այսինքն՝ Փաշինեանի բոլոր գործողութիւնները մէկ նպատակ ունեն՝ ոչ թէ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանութիւնը, այլ արդարացնել իր զիջումները եւ ուրիշներին մեղաւոր կարգել, ինչպէս եղաւ Արցախի վրայ Ադրբեջանի վերջին յարձակման դէպքում։ Ինքն ու իր թիմն առաջին հերթին փորձեցին մեղաւորներ կարգել՝ մոռանալով, որ երբ անցեալ ճանաչեցին Ադրբեջանի գերիշխանութիւնը Արցախի նկատմամբ, Արցախին միայնակ թողեցին Ադրբեջանի դէմ»,- ասաց Արթուր Խաչատրեանը։ Նրա խօսքով՝ ապագայում պէտք է սպասել ինչ-որ փաստաթղթի ստորագրման, որով Փաշինեանը կասի, որ Հայաստանի տարածքը 28 900 քկմ. է՝ առանց յստակ սահմանները նշելու։ Եւ դրանով, ըստ Խաչատրեանի, Փաշինեանը պատրաստակամութիւն կը յայտնի տարածքներ յանձնելու Ադրբեջանին։

Արթուր Խաչատրեանը նշեց, որ Փաշինեանն Արցախի հարցը դեռ նախորդ տարւանից է փակւած համարում, երբ Պրագայում յայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանութիւնն Արցախի նկատմամբ։ «Եւ իր համար Ադրբեջանի այս յարձակումը կարծես փրկութիւն էր, այդ հարցն էլ «լուծւեց», բեռն իր ուսերի վրայից գցեց։ Արցախի իշխանութիւնների նկատմամբ բացասական խօսում էին Փաշինեանը եւ Ալիեւը։ Այն արցախցիները, որոնք Փաշինեանի հակառակորդներն էին, «պատահականօրէն» Ադրբեջանի բանտերում են։ Եւ նաեւ Արայիկ Յարութիւնեանն է Բաքւի բանտում, նրա մասին էլ կարող ենք ասել, որ չափազանց շատ ինֆորմացիայի էր տիրապետում։ Պատահական չէ, որ հէնց այդ 8 հոգին ձերբակալւեցին»,- յաւելեց Արթուր Խաչատրեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button