ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Փորձագէտը՝ «Թասնիմ»-ին՝ «ՄԻ ՔԻՉ ԱՄՕԹԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ ՁԵԶ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ»

«ԱԼԻՔ» – Երէկ, Բաքւի նախագահը Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտ այցելելով իր պատմութիւն չունեցած երկրի դրօշն է ծածանել Ստեփանակերտում, ինչը նաեւ անարձագանգ չի թողնւել իրանական լրատւամիջոցների եւ փորձագիտական շրջանակների կողմից: Ուշագրաւ է, որ լուրի ձեւաւորման լեկսիկոնի եւ օգտագործւած տերմինների առումով նկատելի շրջադարձ նկատւեց որոշ ԶԼՄ-ների կողմից, ինչը նաեւ իրանցի փորձագիտական շրջանակներում  բողոքի առիթ դարձաւ:

Լուրն առաջինը հրապարակել էր «Թասնիմ»-ը, որից անմիջապէս յետոյ նոյնութեամբ վերահրապարակւել էր «Համ-միհան»-ի տելեգրամային ալիքում: Սա առիթ դարձաւ, որ տարօրինակ ձեւակերպում ունեցող լուրը տարածւելու առիթներ գտնի նաեւ սոցիալական ցանցերում աշխատող մի քանի այլ լրահոսային ալիքներում: «Թասնիմ»-ի լուրում բառացիօրէն նշւած էր. «Ալիեւը հակաահաբեկչական գործողութեան արդիւնքում մաքրագործւած «Խանքենդի» է այցելել եւ ծածանել՝ իր երկրի դրօշը»:

Լուրի ձեւակերպման տեսակն ու օգտագործւած «հակաահաբեկչական», «մաքրագործում» եւ «Խանքենդի» բառակապակցութիւններն անարձագանց չմնացին սոցիալական ցանցերում ակտիւ իրանցի լրագրողների կողմից:

«Սիրիան խաբար» տելեգրամային ալիքի վերլուծաբան եւ պատերազմական լրագրող Քարիմ Ջաֆարին պատասխան գրառում հրապարակելով, նշել է. «Ակնյայտ է պանթուրքիստական շարժման վիրուսների ներթափանցումը «Թասնիմ» լրատւական գործակալութիւն…մի քիչ ամօթը չէր խանգարի ձեզ, պարոնա՛յք… Ես իսկապէս չէի սպասում, որ Քիան Աբդօլլահին (լրատւամիջոցի խմաբագիրը) Ղարաբաղի դժբախտ ժողովրդի ոչնչացումն անւանէր «հակաահաբեկչական գործողութիւն»: Ձեր նշած այդ հակաահաբեկչական գործողութեան արդիւնքում է, որ Ալիֆ անունով անբարոյականը չոքած՝ քթով մէկ մոլեգնում է անմաքուր ու «սիոնիստոտ» այդ լաթին (Բաքւի դրօշ)… Ամօթ ունեցէք մի քիչ»:

Նոյն կապակցութեամբ «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցութեան զարգացման կենտրոն»-ի տնօրէն Փուեա Հոսէյնին գրառում հրապարակելով դիմել է ԱԳՆ-ի փորձագէտներին եւ յիշեցրել. «Վաղը, երբ Մուսադի գործակալները յիշատակի լուսանկար հրապարակեցին նոյն Ստեփանակերտից կամ Արցախի միւս վայրեր այցելելով, կարող էք պատասխանն ու պատճառները որոնել այն անձանց շրջանակում, ում այսօրւայ կատարած լրատւութիւնն է իրավիճակը հասցրել այդ կէտի կամ տարել այդ ուղղութեամբ»:

Նա յաւելել է, որ  երկրի բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական բազամթիւ պաշտօնեաներ ու այրեր, իրենց յստակ յայտարարութիւններով բազմիցս են հաստատել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Իրանի սահմանների մօտ են բերել եւ բնակեցրել թաքֆիրական ահաբեկիչներին։ Յետոյ մեր այս լրատւական գործակալութիւնը գրում է, որ դա (Արցախի դէմ յարձակումը) հակաահաբեկչական օպերացիա էր։ 120,000 մարդու մի քանի ամիս պաշարումն ու նրանց սովամահ դարձնելն ու դեղորայքից զրկելը, իսկ վերջում էլ սպառնալով նրանց իրենց  բնօրրանից տեղահանելը, ըստ պարոնանց՝ «հակաահաբեկչական օպերացիա» էր»։

Նշենք, որ պատասխան գրառումների ու հակազդեցութիւնների արդիւնքում տւեալ լրատւամիջոցն իր հրապարակումը փոխարինել է մէկ այլ լուրով, ինչը նոյնութեամբ տեղադրւած է նաեւ շատ այլ կայքերում ու լրատւական միջոցներում: Նոր ձեւակերպման մէջ նշւած է նաեւ Ստեփանակերտ անունը, շրջափակման պատմութիւնը, ժողովրդի բռնի տեղահանման մասին նշումներ, եւ աւելի քան 30-ամեայ այդ հակամարտութեան պատմութիւնը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button