Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Խայտառակ ձախողել են, չհայեցակարգւած դիւանագիտութիւնը չի կարող երկրին յաջողութիւն բերել

«Գործընթացը ես դիտարկում եմ որպէս մեր դիւանագիտութեան խայտառակ ձախողում։ Չի կարող չհայեցակարգւած, դոկտրին չունեցող դիւանագիտութիւնը յաջողութիւն բերել երկրին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով Եւրոխորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթին։

Նրա խօսքով՝ այսօր Փաշինեանը կարող է հանդէս գալ որպէս ռուսամէտ, յաջորդ օրը՝ արեւմտամէտ։ «Այս ձեւով մենք կը կորցնենք թէ՛ մեր հնարաւոր բարեկամներին, թէ՛ կը ստեղծենք տպաւորութիւն, որ արտաքին քաղաքականութեամբ ենք զբաղւում, բայց իրականում մեր հիմնական ազգային պետական շահերը օրակարգ չեն բերւում եւ դրան համապատասխան քայլեր չեն կատարւում»,- ասաց Ռուստամեանը։

Նրա խօսքով՝ Ալիեւն Արեւմուտքում ստացաւ Արցախի հայաթափումը, հիմա ստանում է այն 5 հարցերի լուծումը, որոնք մարտահրաւէր են Հայաստանի համար։ Եւ այդ հարցերի յստակ լուծման ծրագիր այսօրւայ իշխանութիւնները չունեն։ «Առաջինը դա սահմանազատում-սահմանագծումն է, որը պէտք է կատարւի, ըստ էութեան, Ադրբեջանի պահանջներով։ Ադրբեջանը չի զիջում անգամ մէկ թիզ։ Այսինքն՝ Ադրբեջանի պայմաններում սահմանազատում-սահմանագծումը բերելու է մեր տարածքային ամբողջականութեան նկատմամբ լրջագոյն սպառնալիքի։

Անկլաւների հարց, որը բերելու է մեր ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողութեան կորստի։

Միջանցք, անունը միջանցք չեն դնում, բայց դրան է տանում ամբողջ հարցը։

Միւս հարցն այն է, որ երբ մենք յայտարարեցինք, որ Ադրբեջանը Արցախի մաս է, դրանով մենք դիտւում ենք պատասխանատուն այն ամենի, ինչ 1988 թւականից տեղի է ունեցել։ Ադրբեջանը մեզ ներկայացնելով որպէս ագրեսոր՝ մեր առաջ դնելու է յստակ փոխհատուցման՝ ռեպարացիայի պահանջ։ Այսօր արդէն Ադրբեջանը խօսում է 100 մլրդ. դոլարի մասին։ Այսինքն՝ մենք պէտք է աշխատենք, տանք մեր թշնամուն։ Եւ, վերջապէս, հինգերորդ, այսպէս կոչւած փախստականների վերադարձ։ Ալիեւն ասում է՝ մենք տանկերով չենք գալու, գալու ենք մեր մարդատար մեքենաներով։ Այո, հէնց այդպէս էլ լինելու է։ Այսինքն՝ այդքանը գալու են Հայաստան, յետոյ ձեռք են բերելու ընտրութիւններին մասնակցելու իրաւունք եւ ընտրելու են Ազգային ժողով, որի անունը փոխւելու է դառնայ Միլլի մեջլիս-2։ Այս հարցերը մենք պէտք է լուծենք, բայց մենք այսօր Արեւմուտք-Ռուսաստան բախման տարածքի մէջ ենք յայտնւել»,- ասաց Ռուստամեանը։

Նա նշեց, որ կուլիսներում ինչ-որ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերում, այս իշխանութիւնների օրօք բանաւոր պայմանաւորւածութիւններ են լինում, ինչը հակասահմանադրական է։ «Ես չգիտեմ, թէ իրենք այնտեղ ինչ են պայմանաւորւել։ Դրանցից մի քանիսը բացայայտւում է, երբ Պուտինն ասում է՝ ես ի՞նչ անեմ, երբ Ալիեւը գալիս ասում է՝ դուք տեղեա՞կ էք, որ Նիկոլ Փաշինեանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Մենք խօսում ենք նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն պայմանագրի մասին։ Այդ կապիտուլիացիոն պայմանագրի բոլոր կէտերն, ըստ էութեան, կատարւել են յօգուտ Ադրբեջանի, մնացել է 9-րդ կէտը։ Այդ  9-րդ կէտից Հայաստանի իշխանութիւններն ինչպէ՞ս են ազատւելու։ Ասելու են՝ դրել ես ստորագրութիւն, որ Ռուսաստանը պէտք է վերահսկի ճանապարհը, այսինքն՝ ստացւում է, որ արտատարածքային միջանցք չէ, բայց քո վերահսկողութիւնից դուրս է։ Այսինքն՝ մենք 9-րդ կէտի պահանջների տակից դեռ դուրս չենք եկել»,- ընդգծեց նա։

Պատգամաւորը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինեանին այնտեղ ծափ տւեցին, նրանից առաջ ծափ տւեցին Զելենսկուն։ «Այսինքն՝ իսկապէս ստացւում է, որ այս տարածաշրջանում նրանք տեսնում են նոր Զելենսկի՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով մեզ համար»,- ընդգծեց նա։

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button