Հայաստան - ԱրցախՔաղաքական

Զատուլին․ Փաշինեանը «գնալով աւելի լկտի» յայտարարութիւններ է անում Ռուսաստանի դէմ

Հայաստանի վարչապետը «գնալով աւելի լկտի» յայտարարութիւններ է անում Ռուսաստանի դէմ։ Այս կարծիքն է յայտնել ՌԴ խորհրդարանի Ստորին պալատի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկւան է խօսում» ռադիոկայանի եթերում:

«Փաշինեանն է՛լ աւելի շատ, է՛լ աւելի ամկեղծ ու է՛լ աւելի լկտի է խօսում Ռուսաստանի մասին։ Մեր պատւիրակութիւնների հետ պաշտօնական բանակցութիւնների ժամանակ Փաշինեանն իրեն աւելի ու աւելի անբարիացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմութիւնը բաւականաչափ ուժեղ չէ եւ բաւականաչափ վարկաբեկւած է՝ անհիմն կերպով մեղադրւելով անցեալի մեղքերի մէջ։

Փաշինեանը, յաջողութեան դէպքում, Հայաստանը կը վերածի սովորական մերձաւորարեւելեան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխաւոր իմաստն է, որտեղ անձնական բարգաւաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդէն կան մարդիկ, ովքեր բացայայտ խաղադրոյք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրայ, ինչը նախկինում կտրականապէս անհնար էր»,- ասել է Զատուլինը։

Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանութեան ղեկին ունենալ Նիկոլ Փաշինեանին ու նրա կառավարութեանը, համոզւած է Զատուլինը։ Արեւմուտքը վստահ է, որ ներկայիս վարչապետն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետութիւնից, պարզաբանել է խորհրդարանականը։

«Փաշինեանն այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենայարմար առաջնորդն է։ Հէնց Փաշինեանի օրօք Հայաստանը կրեց նւաստացուցիչ պարտութիւն՝ թէ՛ ռազմական, թէ՛ դիւանագիտական ասպարէզներում։ Այս տեսանկիւնից պատահական չէ, որ ողջ հռետորաբանութեամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանութիւնները խիստ մտահոգւած են Փաշինեանի իշխանութեան ղեկին մնալով։ Փաշինեանն, անկասկած, յոյս ունի, որ իր վերակողմնորոշումը Ռուսաստանից դէպի Արեւմուտք, բանակցութիւնները Բրիւսէլում, Վաշինգտոնում, այցերը արեւմտեան մայրաքաղաքներ, Արեւմուտքին տպաւորութիւն են ներշնչել, որ Փաշինեանն այն մարդն է, ով վաղ թէ ուշ կարող է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Դրա վկայութիւնն է Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը բոլոր մակարդակներում քարոզչութեան հետեւանք է, որը բխում է, այդ թւում՝ Փաշինեանին եւ նրա կառավարութեանը սատարող շրջանակներից։ Նա իւրովի է ներկայացնում իրավիճակը եւ կարծում է, որ Ռուսաստանն, իրօք, այսօր խրւած է Ուկրաինայում։ Դեռեւս յատուկ ռազմական գործողութեան սկզբնական փուլում նա խօսում էր Արեւմուտքում, որ Ռուսաստանի յաղթանակը ձեռնտու չէ Հայաստանին, որպէսզի Խորհրդային Միութիւնը չվերականգնւի»,- շարունակել է Զատուլինը։

Ինչպէս յայտնում է «EADaily»-ն, իտալական «La Repubblica»-ին տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը սխալ է անւանել անվտանգութեան ոլորտում Հայաստանի լիակատար կախւածութիւնը Ռուսաստանի Դաշնութիւնից։ Հանրապետութեան վարչապետի խօսքով, այսօր Ռուսաստանն ինքը զէնքի կարիք ունի, եւ «ցանկութեան դէպքում էլ չի կարողանայ ապահովել Հայաստանի պահանջները»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button