ՄիջազգայինՔաղաքական

Stratfor-ի կանխատեսումը. «Հայաստանը, հաւանաբար, կընդունի Ադրբեջանի պահանջները»

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի շուրջ առաջընթացը հաւանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը կը մնայ բարձր, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ, այս մասին ասւած է ամերիկեան հեղինակաւոր Stratfor ուղեղային կենտրոնի՝ 2024 թւականի կանխատեսումների մասին հրապարակած զեկոյցում։

Երեւանը, ըստ կենտրոնի վերլուծաբանների, կը շարունակի ձգտել Բաքւի հետ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը, սակայն տարածաշրջանային տարանցիկ միջանցքների պայմանների շուրջ տարաձայնութիւնները կը շարունակեն խոչընդոտել բանակցութիւններին:

«Հայաստանը կօգտագործի քաղաքական աճող կապերն Արեւմուտքի հետ եւ ռազմական աջակցութիւնը վերջինի կողմից՝ դիմակայելու Բաքւի յամառ նկրտումներին, բայց հաշւի առնելով այն, որ Երեւանը քիչ լծակներ ունի իր ձեռքում, հաւանաբար, կընդունի Հայաստանի հարաւով տարանցման եւ սահմանազատման հարցերում Բաքւի առաջ քաշած պահանջները»,- գրում է աղբիւրը։

Փետրւարի 7-ին նախագահ Իլհամ Ալիեւի վերընտրւելուց յետոյ Ադրբեջանը, ըստ Stratfor-ի կանխատեսման, կը շարունակի մեծացնել ռազմական կարողութիւնները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ հնարաւոր ներխուժմանը նախապատրաստւելու եւ բանակցութիւններում ճնշման լծակներ ձեռք բերելու նպատակով։

«Եթէ տարւայ առաջին կէսին զգալի առաջընթաց չգրանցւի, Ադրբեջանի կողմից Հայաստանի հարաւի նշանակալի տարածք զաւթելու ռիսկը կը մեծանայ ամռանը, երբ լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսելու համար պայմանները նպաստաւոր կը լինեն։ Չնայած Մոսկւայից հեռանալու Երեւանի ցանկութեան մասին աճող ազդանշաններին, Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում չի նւազի այնքան, որ այլեւս չլինի էական, քանի որ Հայաստանը կը մնայ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում, իսկ երկրի տնտեսութիւնը սերտօրէն կապւած է ռուսական տնտեսութեան հետ: Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ յարաբերութիւններն ու առեւտրային կապերը կը բարձրանան նոր մակարդակի։ Արեւելք-Արեւմուտք տարանցումը Հարաւային Կովկասում կը շարունակի իրականացւել հիմնականում Վրաստանի տարածքով, մինչդեռ Բաքուն կը նպաստի Ռուսաստանն Իրանին կապող Հիւսիս-Հարաւ ենթակառուցւածքի զարգացմանը: Եթէ Բաքուն ներխուժի Հայաստան՝ իր էքսկլաւ Նախիջեւանի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով, Ադրբեջանն ու Թուրքիան կը յայտնւեն Արեւմուտքի ճնշման տակ եւ կը սպառնան փոխել արտաքին կուրսը՝ հեռանալով Արեւմուտքից եւ աւելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ»,- եզրափակում է Stratfor-ը:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button