ՄիջազգայինՔաղաքական

Ամերիկացի քաղաքագէտ Ջոն Վարոնի. «Հարաւային Կովկասում ԱՄՆ-ի հիմնական նպատակը Ռուսաստանի եւ Իրանի փլուզումն է»

«ԱԼԻՔ» – Անցեալ շաբաթ ռուսական ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում ամերիկացի վերլուծաբան Ջոն Վարոնի խօսքերն էին. «ԱՄՆ-ը ռազմաբազա կը տեղակայի Բաքւի մերձակայքում գտնւող եւ Իրանի սահմանին յարակից՝ Լանքերանում: Այս մասին է տղեկացնում «Ադրբեջանական ուսումնասիրութիւնների կենտրոն» տելեգրամային ալիքը:

Յիշեցնենք, որ Լանքերանը յայտնի է որպէս թալիշների մայրաքաղաք:

Վարոնին յաւելել է, որ Բաքւի եւ ԱՄՆ-ի միջեւ լարւածութիւնը պայմանաւորւած է Նեթանիահուի եւ Բայդէնի թիմերի միջեւ առկայ տարաձայնութիւններով, եւ, որ Ադրբեջանը առանձնապէս տարաձայնութիւններ չունի Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ։

Նա նշել է, որ Նեթանիահուի կառավարութիւնը Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարւածութիւնը օգտագործում է սեփական նպատակների համար՝ Վաշինգտոնին պարտադրելով արձագանգելու իր պահանջներին:

Քաղաքագէտի կարծիքով՝ Մերձաւոր Արեւելքում փոփոխութիւնների հասնելու նախագծում չկայ Արեւմուտք հասկացութիւն, այլ կայ միայն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, եւ Բրիտանիայի միջեւ մրցակցութեան ծրագիր, ինչը կեանքի է կոչւում տարածաշրջանում ազդեցութեան գօտին մեծացնելու համար, միմեանց հետ մրցակցող Իսրայէլի եւ Թուրքիայի միջոցով: Հակազդող ուժերի մասին նա չի բարձրաձայնել, սակայն դժւար չէ տողատակերում տեսնել Իրանի եւ Ռուսաստանի որոշիչ առկայութիւնը:

Թերեւս վերջիններիս թուլացնելու նպատակով էլ նա կարեւորում է Կովկասում ԱՄՆ-ի ներթափանցման ծրագիրը, որն արդէն իսկ ի յայտ է եկել Լանքարանում ռազմաբազա ունենալու հեռահար ծրագրերի տեսքով:

Նոյն ենթատեքստում է տեսնում հարցը Էհսան Մովահեդեանը, ում կարծիքով Բաքւի եւ Թուրքիայի հռետորաբանութիւնը կապւած «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման հետ, ինչպէս նաեւ Հայաստանի վրայ յարձակման ծրագիրը, որպէս անհրաժեշտութիւն համապատասխանեցւած է Արեւմուտքի շահերի հետ, որի համար պէտք էր նախ Իրանի ուշադրութիւնը շեղել իրավիճակից, նրան ներքաշելով այլ հակամարտութիւնների մէջ, ինչի համար էլ տեղի ունեցաւ Քերմանի ահաբեկչական գործողութիւնը:

Կովկասի հարցերով փորձագէտն իր վարած սոցցանցային հարթակներում գրառում տեղադրելով յաւելել է, որ «Մուսադ»-ի շարքային գործակալի դերում յայտնւած Էրդողանն ու Ալիեւը եկել էին աջակցելու իրենց վերադասին, որպէսզի Իրանի վրայ ճնշում գործադրելով անգոյն երեւայ Գազայում կրած անյաջողութիւնները, իհարկէ, նաեւ, պարտութիւնից խուսափելու համար: «Իրավիճակը նրանց համար կը մնայ նոյն սարսափ թելադրող վիճակում՝ չհասցրած պատասխան ապտակի օրինակով, քանի դեռ Իրանը համարժէք պատասխան չի տւել սիոնիստներին»:

Եւս մէկ հետաքրքիր փաստի է անդրադարձել Կովկասի հարցերով փորձագէտը: Մովահեդեանն անդրադառնալով Եմէնի վրայ ԱՄՆ-ի եւ Անգլիայի յաձակումներին, յիշեցրել է, որ Էրդողանը դժգոհել է, որ դրանք համաչափ չէին: «Այսինքն՝ եթէ համաչափ լինէր, ապա դարձեալ խնդրոյ առարկայ լինել չէր կարող իսլամական երկրների համար։ Էրդողանը յոյս էր յայտնել նաեւ, որ Իրանը միջամտելով գործին պաշտպանելու է Եմէնի հուսիներին։ Սա մի բան է նշանակում. այն, որ Թուրքիան րոպէներ է հաշւում, որ Արեւմուտքը գործողութիւն է սկսելու Իրանի դէմ, որպէսզի ՆԱՏՕ-ի եւ Իսրայէլի կամօք Անկարան ներխուժի Սիւնիք»,- գրել է փորձագէտը:

Մովահեդեանի կարծիքով՝ նոյն կոնտեքստում է տեղաւորւում Բաքւի մեդիայի հրապարակումները, որոնք ենթահող են պատրաստում Հայաստանի դէմ նոր պատերազմի համար: Բոլորը նոյն թեմային անդրադառնալով խաղաղութեան հասնելու փակուղու կամ բարդ իրավիճակի մասին վերնագրեր են հրապարակել:

Ալիեւը եւս բարձրաձանելով այդ մասին, նշել է, որ Հայաստանը 2020 թւականին պարտաւորութիւն էր ստանձնել «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, սակայն բանակցութիւնները ձախողւել են: «Բաքւին չեն բաւարարում «Խաղաղութեան խաչմերուկ»-ի պայմաններն ու ծրագիրը»,-նշել է նա:

Փորձագէտը յաւելել է, որ նման իրավիճակում, երբ Բաքւի եւ Թուրքիայի իշխանութիւններն ու մեդիան վերսկսել են Հայաստանի հարաւի օկուպացման, կամ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման ու Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը կտրելու սպառնալիքները, Բաքւում Իրանի դեսպանը շարունակում է առաջ մղել իր հին մարտավարութիւնը եւ սպառնում միայն Իսրայէլին: «Պարզ չէ՝ Աբբաս Մուսաւին Իրանի շահերի պաշտպա՞նն է Բաքւում, թէ՞ Պաղեստինի գործով պատասխանատու անձ»,- հռետորական հարց է բարձրացնում փորձագէտը։

Նոյն կապակցութեամբ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Մուսաւիի լռութեան փոխարէն համարժէք պատասխանով, փորձել է Ալիեւին հասկացնել ինչի հետ է գործ ունենալու նա, եթէ հաշւի չառնի Իրանի զգայնութիւնները:

Հետաքրքիր փաստի մասին են ակնարկում իրանական տելեգրամային օգտատէրերը, յղում տալով «Հ1»-ի յայտնի հեռուստամեկնաբանին: Փաշինեանի սիրելի հաղորդավար Պետրոս Ղազարեանը, ով յայտնի է նաեւ որպէս գործող ցանկացած իշխանութեան ջատագովի իր կեցւածքով, ՀՀ ԱԺ-ի Անվտանգութեան եւ պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանի հետ հարցազրոյցում կաշւից դուրս հարց է տւել. «Հայաստանի պաշտօնեաներն ասում են, որ մենք սկզբունքօրէն շատ մօտ ենք խաղաղութեան համաձայնագրին, սակայն Ալիեւի հետ վարած բանակցութիւնների վերջին փուլը ցոյց տւեց, որ նա պատրաստւում է պատերազմի։ Մենք իսկապէ՞ս բանակցում ենք Ալիեւի հետ»:

Անդրանիկ Քոչարեանով աւարտւող իւրաքանչիւր նիւթ կարող է որակական խիստ անկում ապրել, այդ իսկ պատճառով կը բաւարաւենք միայն ֆալշ լրագրողի տւած՝ ճիշտ հարցադրումով:

Առնչւող Յօդւածներ

Back to top button