Հայաստան - ԱրցախՄիջազգային

Համահայկական համախմբում եւրոպական աւելի քան 50 քաղաքներում՝ ի զօրակցութիւն Արցախի

Ի աջակցութիւն Արցախի՝ Եւրոպական տասնչորս երկրների աւելի քան 50 քաղաքներում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ, մասնաւորապէս՝ Աւստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Յունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շւեդիայում, Շւէյցարիայում, Նիդեռլանդներում եւ Միացեալ Թագաւորութիւնում:

Եւրոպայի հայութիւնը, ինչպէս նաեւ տասնեակ եւրոպական կազմակերպութիւններ, յունւարի 27-28-ը հաւաքների եւ զանազան այլ գործողութիւնների միջոցով, իրենց ազգային կառավարութիւններին, ինչպէս նաեւ համաեւրոպական ղեկավար կառոյցներին յորդորել են.

1. Յստակօրէն դատապարտել Արցախի հայութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառւած էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականութիւնը։

2. Անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի եւ Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։

3. Օգտագործել առկայ բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել 2020 թւականի սեպտեմբերի 27-ից ձերբակալւած բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպէս նաեւ 2023 թւականի սեպտեմբերից ի վեր առեւանգւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին։

4. Նպաստել շօշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայութեանը հնարաւորութիւն տալով օգտւելու հայրենիք վերադառնալու անքակտելի իրաւունքից, Արցախին տրամադրել միջազգայնօրէն երաշխաւորւած ինքնակառավարման կարգավիճակ։

5. Արդիւնաւէտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ բացառելու Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը վտանգող ցանկացած գործողութիւն։

6. Հայաստանին տրամադրել համապատասխան օգնութիւն՝ Արցախից բռնի տեղահանւած բնակչութեան կարիքները պատշաճ կերպով հոգալու համար:

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button