Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տիգրան Քոչարեան. «Պուտինն ո՞ւմ հետ հարց լուծի, երբ Փաշինեանն Ալիեւի եւ Էրդողանի դաշնակիցն է»

Խնդիր է դրւած ազատւել «հայ» բառից եւ Հայաստանն անւանել Արմենիա. 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ յայտնեց մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը՝ անդրադառնալով ադրբեջանական՝ մէկը մէկին յաջորդող պահանջներին։

«Քանի դեռ ադրբեջանական կողմից պահանջում են զիջումներ, իսկ փաշինեանական տրամաբանութեամբ, այն, ինչ ուզում են, պէտք է զիջել, հասնելու ենք իմ՝ վերը նշած վիճակին։ Փաշինեանը բացել է Պանդորայի արկղը. այլեւս չկան կարմիր գծեր,- Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը պահելու մասին բրիտանական The Telegraph-ին տւած հարցազրոյցում պնդումներ արած Նիկոլ Փաշինեանին ի պատասխան՝ ասաց Տիգրան Քոչարեանը՝ նշելով,- Այլեւս 29800 չէ, եթէ կարող էք, գնացէ՛ք, ադրբեջանական զօրքի օկուպացրած դիրքերը յետ վերցրէք։ Դէ նոյն Ջերմուկում վերականգնէ՛ք ստատուս-քւօն՝ 29800-ը»։

Մեդիափորձագէտի խօսքով՝ հանրութիւնը պէտք է հասկանայ՝ Փաշինեանը հայկականութեան եւ Հայաստանի պետականութեան հետ որեւէ աղերս չունի, ուստի Արցախը յանձնելուց յետոյ հրավառութիւն արած իշխանութիւնը նոյն տրամաբանութեամբ է գործելու նաեւ Հայաստանի պարագայում։

Ինչ վերաբերում է The Telegraph-ին տւած հարցազրոյցի տարբեր դրւագներին, ապա, ըստ Քոչարեանի, դա անելիքների մասին հաշւետւութիւն էր Բրիտանիային։

«Փաշինեանն ատչոտ (հաշւետւութիւն) էր տալիս, թէ ի՞նչ է անելու»,- ասաց Քոչարեանը՝ ընդգծելով՝ Փաշինեանի յայտարարութիւններին պէտք չէ նայել, պէտք է նայել քայլերին, իսկ քայլերը վկայութիւնն են նրա, որ գործ ունենք Արեւմուտքի կողմից կառավարւող մէկի հետ՝ յստակ ծրագրով:

«Օրինակ, ասում է՝ Ուկրաինայի հարցով մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որը պատերազմ է վարում։ Հիմա՝ ի՞նչ է նշանակում նման ձեւակերպում անելը։ Եթէ Փաշինեանը նման բան է ասում եւ ասելուց 2 օր առաջ ուղարկում է 10 տոննա մարդասիրական բեռ Ուկրաինա, դա նշանակում է, ու բուժում է ուկրաինացի զինւորներին, որ գնան իր ռազմավարական դաշնակցի զինւորին սպանեն։ Ստացւում է՝ մեր դաշնակիցների հետ յարաբերութիւններում մեզ անգամ չէզոք չենք պահում, բայց սպասելիքներ ունենք դաշնակցից»,- ասաց Քոչարեանը։

Նրա դիտարկմամբ՝ եթէ Փաշինեանը մինչեւ հիմա չի հասկացել, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, որտեղից ռուսը դուրս չի գալու, դա լրջագոյն ռիսկեր է պարունակում իր մէջ, ինչի արդիւնքում հայ ժողովուրդն է բռնելու Հայաստանից գաղթի ճամբան։

Անդրադառնալով բրիտանական լրատւամիջոցին Փաշինեանի տւած հարցազրոյցի այն դրւագին, որտեղ վերջինս այդպէս էլ յստակ չպատասխանեց հարցին՝ եթէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երեւան, նրան կը ձերբակալե՞ն, Տիգրան Քոչարեանը նախ շեշտեց՝ Փաշինեանն արեց հերթական՝ ինքն իրեն հերքող յայտարարութիւնը, որովհետեւ մի դէպքում ասում էր՝ Հռոմի ստատուտն ուղղւած է Ալիեւի դէմ, հիմա ասում է՝ երկրի նախագահներն օժտւած են անձեռնմխելիութեամբ։

«Պուտինն ու Ալիեւը երկրի նախագահներ են եւ ունեն անձեռնմխելիութիւն, հետեւապէս՝ Փաշինեանն ինքն իրեն հակասում է։ Ի՞նչ է նշանակում, թէ ձերբակալելու որոշումը ես չեմ ընդունում. հիմա ի՞նչ է կատարւում դատական համակարգի հետ։ Այո՛, Ռուսաստանի հետ կապւած բազմաթիւ հարցեր կան, բայց դուք գնում՝ արջի վարկանիշն էք հարւածի տակ դնում, հակաարջային քարոզչութիւն անում պետական լրատւամիջոցներով, ու յետոյ, երբ արջը չի օգնում, նեղանո՞ւմ էք։ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը տեսնում է, որ Հայաստանը ներկայացնողը՝ Փաշինեանը, Ալիեւի եւ Էրդողանի դաշնակիցն է, հետեւապէս այդ դաշնակիցդ ո՞ւմ հետ հարց լուծի, բնականաբար, տիրոջդ հետ է հարց լուծելու, ոչ թէ քեզ հետ, (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինեանի։- Ա. Ս.), որովհետեւ Հայաստանն աշխարհին հետաքրքիր էր Արցախով եւ հակաթուրքականութեամբ, հիմա դա չկայ»,- ասաց Քոչարեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button