Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կոնստանտին Զատուլին. «Ադրբեջանը շահագրգռւած է, որ Հայաստանը ինչքան հնարաւոր է զիջումների գնայ»

Ադրբեջանի ռազմական գործողութիւնը սահմանին Հայաստանի վրայ ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա արձագանգել է հայ-ադրբեջանական վերջին սրացմանը, խօսել նաեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին, փոխանցում է Lenta.ru-ն։

Զատուլինի խօսքով՝ առճակատման նոր դրւագը հերթական անգամ մեծացնում է լարւածութիւնը։

«Ինձ համար դժւար է դատել, թէ ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկիւնից, թէ ով է առաջինը սկսել: Բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնյայտ է, որ Ադրբեջանը դա դարձրել է ուժի եւ վրէժի դրսեւորման պատրւակ եւ այսօր այս տեղեկութիւնը տարածում է որպէս հերթական յաղթանակ Հայաստանի հետ դիմակայութիւնում։ Իհարկէ, այս հռետորաբանութիւնը ակնյայտօրէն պայմանաւորւածութիւնների հասնելու նպատակ չունի, ամենայն հաւանականութեամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը շահագրգռւած է, որ Հայաստանը ինչքան հնարաւոր է զիջումների գնայ ցանկացած համաձայնագիր ստորագրելիս։

Զատուլինը նշել է, որ ըստ ամենայնի, կողմերը շատ հեռու են Անդրկովկասում իրական խաղաղութեան հաստատումից:

«Միակողմանի յաղթանակները, ինչպէս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերւած յաղթանակներն են, չեն յանգեցնում խաղաղութեան, այլ նոր հակամարտութիւնների եւ առճակատման դրւագների սերմեր են դնում»,- եզրափակել է նա։

Յիշեցնենք, որ փետրւարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով, կայ 4 զոհ եւ 1 վիրաւոր։

 Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button