Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային

ՄԱԿ-ի զեկուցող. «Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայութեան բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում»

Շւէյցարիայում Հայաստանի դեսպանութիւնը, որը նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակում մշտական ներկայացուցչութիւնն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրաւունքների հարցերով յատուկ զեկուցողի հաղորդագրութիւնը Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրօնական նշանակալի վայրերի վիճակի մասին,- հաղորդում է 1lurer.am-ը:

ՄԱԿ-ի մշակութային իրաւունքների հարցերով յատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղւած հաղորդագրութեան մէջ մտահոգութիւն է յայտնել «հայկական պատմական, մշակութային եւ կրօնական նշանակալի վայրերի եւ օբիեկտների ոչնչացման եւ իւրացման շարունակական գործունէութեան, հայերի ներկայութեան հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմութեան կազմակերպւած վերաիմաստաւորման, ինչպէս նաեւ տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականութեան եւ մարդու իրաւունքների ու միջազգային մարդասիրական իրաւունքի միջազգային չափանիշերի խախտմամբ իրականացւող ճնշումների վերաբերեալ:

«Ինձ յատկապէս անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, յուշարձանների եւ խորհրդանիշերի վրայ համակցւած յարձակումները, պատմութեան կեղծումը, տեղանունների ջնջումն ու հայերի մասին բացասական խօսակցութիւնները կարող են վերածւել մշակութային զտումների»,- ասել է ՄԱԿ-ի զեկուցողը:

Նա ընդգծել է, որ Միջազգային դատարանը, Եւրոխորհրդարանը եւ Եւրոխորհուրդը մտահոգութիւն են յայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախօսութեան կապակցութեամբ, որը հայկական մշակութային ժառանգութիւնը փորձում է ներկայացնել որպէս «կովկասեան ալբանացիների» ժառանգութիւն, ինչպէս նաեւ հայկական ժառանգութեան ժխտման ռեւիզիոնիստական միտման կապակցութեամբ:

«Տարածաշրջանի արւեստի, ճարտարապետութեան եւ հնագիտութեան փորձագէտների ճնշող մեծամասնութիւնը հերքել է ռեւիզիոնիստական պնդումները՝ դրանք համարելով կեղծ»,- նշւած է զեկուցողի հաղորդագրութեան մէջ: Նա ընդգծել է, որ «2022 թւականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակւել է՝ խախտելով 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին յայտարարութեամբ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնները (6-րդ կէտ): Ճանապարհների փակման հետեւանքով 120.000 մարդ մեկուսացւել եւ զրկւել է տարբեր ապրանքներից եւ ծառայութիւններից, ինչը ստեղծել է մարդասիրական ճգնաժամ ու կործանարար հետեւանքներ ունեցել մարդու բազմաթիւ իրաւունքների վրայ։ Այսպիսով, ճգնաժամը կը լինի հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական մօտեցման ուղղակի դրսեւորումը։ Հէնց որ տարածաշրջանը մաքրւի էթնիկ հայերից, կը հաստատւի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայութեան բոլոր ֆիզիկական նշանները»,- եզրափակել Է ՄԱԿ-ի յատուկ զեկուցողը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button