ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը բարձրացնելու է մեր ազգային հեղինակութիւնը»

«ԱԼԻՔ» – 1357 թւականի բահմանի 19-ի իրադարձութիւնների 45-րդ տարելիցին ընդառաջ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ փետրւարի 5-ին, հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի մի խումբ բարձրաստիճան հրամանատարների հետ:

Իր ելոյթում, 1357 թւականի բահմանի 19-ին Իմամ Խոմէյնիի հետ Իրանի ռազմաօդային ուժերի սպայակազմի ուխտակցութիւնը համարելով «յեղափոխութեան արագացուցիչը», Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է ընտրեալների եւ էլիտայի դերը՝ հասարակական իրադարձութիւններում, եւ ընդգծել է նրանց առանցքային եւ ծանր պարտականութիւնը յեղափոխութեան նպատակների իրականացման համար անհրաժեշտ նախադրեալներ ստեղծելու գործում։

Անդրադառնալով մարտի 1-ին կայանալիք ընտրութիւնների կարեւորութեանը, այաթ. Խամենէին նշել է, որ ընտրութիւններին ժողովրդի խուռներամ շարքերով, խանդավառ մասնակցութիւնն ապահովելու եւ երաշխաւորելու է Իրանի եւ իրանցիների ազգային հեղինակութիւնն ու անվտանգութիւնը:

Խօսելով Միացեալ Նահանգների աջակցութեամբ սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում տեղի ունեցող յանցագործութիւնների եւ մարդկային ողբերգութեան մասին, Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդը իսլամական երկրների էլիտային կոչ է արել ազդել իրենց երկրների իշխանութիւնների վրայ, որպէսզի նրանք խզեն տնտեսական կապերը Իսրայէլի հետ եւ դադարեն աջակցել նրան։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ իսլամական երկրների էլիտայի ներկայացուցիչները պէտք է մարդկանց ուշադրութիւնը հրաւիրեն Գազայում մարդկային ողբերգութիւնների եւ ԱՄՆ-ի աջակցութեան միջեւ կապի վրայ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button