ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւայն իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի ելոյթի ամբողջական տեքստը

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւայն իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի ելոյթը այսօր սեպտեմբերի 20-ին Իսլամական խոհրդարանի լիագումար նիստի ընթացքին:

Ելոյթի ամբողջական տեքստը ստորեւ:

«Անցած երեք տարիների զարգացումները Հարաւային կովկասի տարածաշրջանում, յատկապէս Հայաստանում եւ Ղարաբաղում, եւ երէկ Բաքւի ռեժիմի կողմից սանձանզերծւած յարձակումները Ղարաբաղի հայ ժողովրդի դէմ, այսպէս կոչւած ռուս խաղաղապահների պասիւ դիտարկմանը զուգահեռ, իմ այս խօսքերի դրդապատճառը դարձան: Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ անկասկած արտաքին քաղաքականութեան հիմքերը եւ համակարգի առանցքային մօտեցումները որոշում են նրա բարձրաստիճան պաշտօնեաները, յատկապէս ըստ սահմանադրութեան, Իսլամական յեղափոխութեան Գերագոյն Առաջնորդի դիրքորոշման, եւ ինստիտուտների կողմից, իսկ Արտաքին գործերի նախարարութիւնը այդ որոշումների իրագործողն է:

Ես որպէս իրանցի եւ Իսլամական խորհրդարանի անդամ, բնական է, որ  աշխատում եմ այդ քաղաքականութեան համապատասխան, բայց որոշ միջադէպեր անհրաժեշտ է լուսաբանել:

Ես լրջօրէն խնդրում եմ իշխանութիւններին անտարբեր չմնալ Ղարաբաղում Բաքւի ռեժիմի նողկալի պահւածքի նկատմամբ եւ գիտակցել, որ այս գլոբալ հակամարտութիւնում, նոյնիսկ միջազգային շրջանակներում, հիմա ասւում է, որ Ալիեւը, ապագայ Սադամ Հոսէյնն է։

Նկատի ունենալով ղարաբաղեան երկրորդ պատերազմը եւ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին սանձազերծւած 44-օրեայ պատերազմը, մինչ օրս առաջացած զգայունութիւնները, ուշադիր հետեւել եմ վերջին երեք տարիների զարգացումներին զրուցել եմ տասնեակ մարդկանց հետ: Ինչպէս ստուգել եմ պարզ է դարձել, որ հիմնականում Իսլամական Հանրապետութիւնը վերջին երեք տասնամեակներում կոնկրետ մօտեցում չի ցուցաբերել Կովկասի նկատմամբ եւ ամենայն հաւանականութեամբ, տարածաշրջանային կայունութիւն հաստատելու գործը փոխանցել է Ռուսաստանին, թողներով պայմանների «յոյսին» եւ վստահութեանը։ Մեր մտահոգութիւնը եղել է Պարսից Ծոցը եւ Մերձաւոր Արեւելքը, մի կողմ թողած թէ այդ ուղղութեամբ հիմա «ի՞նչ արդիւնքների ենք հասել» (չակերտները ԱԼԻՔ-ի):

Բանն այն է, որ Իրանի ժողովուրդը երբեւէ չի տեղեկացւել, որ անկախ կողմերի շահերին, խնդիրներին եւ պահանջներին մինչև 30 տարի առաջ Խորհրդային Միութեան փլուզման սկզբում եւ նախքան հիմնական հակամարտութեան մեկնարկը, հայ ժողովուրդը ապրել է  Ղարաբաղի ինքնավար մարզում եւ Խորհրդային Միութեան սահմանադրութեան համաձայն, օրինական ճանապարհով քւէարկել է Ադրբեջանի Հանրապետութիւնից անջատւելու օգտին, անցկացնելով իրաւական գործընթաց, իրացրել է իր ինքնորոշման իրաւունքի սկզբունքը։ Սակայն, հէնց Ադրբեջանի Հանրապետութիւնն է բռնել խռովութեան, հակամարտութեան եւ պատերազմական բռնութեան ճանապարհը խաղաղ յանգուցալուծման փոխարէն:

Այդուհանդերձ, այդ հանգրւանին ձեւաւորւել է փխրուն աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւն, եւ նոր վերադասաւորումները այնպիսին են դարձել, որ բացակայել է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, ուստի ունենք այսօր այն, ինչ ունենք հիմա: Վերջին երեք տարիներին Իրանը շեշտել է երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութեան սկզբունքի յարգման անհրաժեշտութիւնը եւ Ղարաբաղը համարել է Ադրբեջանի Հանրապետութեան մաս եւ խստօրէն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխութիւններ չի հանդուրժելու, յատկապէս Իրանի շահերի եւ անվտանգութեան հաշւին:

Համակարգը լաւագոյն կերպով գիտակցում է՝ երբ խօսքը վերաբերում է կարմիր գծերին ազդող զարգացումներին, ապա հնարաւոր չէ պարզապէս կենտրոնանալ հէնց այդ սահմանին կամ աւելի ճիշտ՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանային գծին: Ըստ էութեան, տարածաշրջանի աշխարհագրութիւնը, յատկապէս Հայաստանի քարտէզագրութիւնն ու տոպոգրաֆիան այնպիսին են, որ առանց Սիւնիքի մարզի Հայաստանի Հանրապետութեան տարածքային խորութիւնը դառնում է անարժէք:

Այլ կերպ ասած, անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանն իրեն հեռու է պահում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներից ու աղէտներից եւ ըստ իր շահերի նպատակայարմարութեան եւ տարածքային ամբողջականութեան, ուշադրութեան կենտրոնում պահում միայն Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը: Բայց անհրաժեշտ է գիտակցել, որ ինչպէս երէկ Էրդողանը հրապարակային յայտարարեց ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում, ներկայիս Լեռնային Ղարաբաղի յարձակումները եւ նրա վերջնական օկուպացիան, որը նաեւ իրականացւում է Ռուսաստանի հաւանութեամբ) ՆԱՏՕ-ի թուրանական եւ ասպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» բացման նախաբանն է: Այժմ, համաշխարհային վերադասաւորումների այս խառնաշփոթում երբ փոփոխութիւնները եւ վերադասաւորումները արագօրէն ընթանում են, Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է Ցեղասպանութիւն, փանթուրքիզմը եւ Թուրքիան այժմ տարածաշրջանում կարեւոր քայլեր են կատարում՝ 1915 թւականի էթնիկ զտման եւ ցեղասպանութեան քաղաքականութեան համատեքստում, այժմ շարժւում են տարածաշրջանում իրենց նպատակների իրականացման ուղղութեամբ:

Հարկաւոր է ընդգծել, որ իրանական 1399 թւականին ունեցած իր ելոյթում, Իսլամական յեղափոխութեան առաջնորդը բացատրել է Իրանի մօտեցումները տարածաշրջանի վերաբերեալ, Իսլամական յեղափոխութեան Առաջնորդը շեշտել է, որ հողերը Ադրբեջանին վերադարձնելու գործընթացում պէտք է պահպանւի այդ տարածքի հայերի անվտանգութիւնը եւ միջազգային սահմանները պաշտպանւած լինեն: Հիմա հարց է առաջանում Արտաքին գործերի նախարարութիւնն այս առումով ի՞նչ է կատարել, ի՞նչ է կարող անել հիմա եւ ինչ է ցանկանում անել, հիմնականում ինչ են կատարել եւ կատարում համակարգը։

Ես լրջօրէն խնդրում եմ համակարգի իշխանութիւններին անտարբեր չմնալ Ղարաբաղում Բաքւի ռեժիմի անխոհեմ պահւածքի նկատմամբ եւ գիտակցել, որ այս գլոբալ հակամարտութիւնում, նոյնիսկ երբ միջազգային շրջանակներում, յիշատակում են Ալիեւին որպէս ապագայ Սադամ Հուսէյնի: Այսինքն՝ մեր կողքին ձեւաւորւել է կոռուպցիայի, օրինախախտման, դաւաճանութեան, դաւադրութեան եւ յանցագործութեան դրւագ, բայց զարմանալիօրէն Իրանի հետախուզութեան յարգարժան նախարարն ասում է, որ Ադրբեջանի հետ մեր ունեցած խնդիրները լուրջ չեն: Անսպասելի է տւեալ նախարարութեան կողմից զգօնութիւն պահանջող մօտեցումը փոխարինել նման անփոյթ արտայայտութեամբ:

Ամէն դէպքում, անհրաժեշտ է գիտակցել, որ մենք լինելով ԴԱԷՇ-ի դէմ պայքարողներ մինչեւ Իրաքի եւ Սիրիայի խորքեր՝ յանուն մեր երկրի անվտանգութեան, սակայն, այսօր աչք ենք փակել Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալից անվտանգային լայնածաւալ գործունէութեան նկատմամբ։ Մենք հանդուրժել ենք թեքֆիրականների ներկայութիւնը եւ խոնարհաբար հետեւել ենք ստահոդներին։

Բայց, լաւ իմացէք, որ 44-օրեայ պատերազմի աւարտի հէնց սկզբին Ռուսաստանը երկրի բարձրագոյն պաշտօնեաներին յայտնել է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի մասին նշւած չէր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ համաձայնագրում։

Անհրաժեշտ է արձանագրել, որ ականատես ենք դարձել տարածաշրջանում պատերազմի բռնկմանը, եւ ձեզ խաբել են ու շարունակում են խաբել։ Երկրորդը՝ լաւ գիտէք Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի եւ Թուրանի միջանցքի իրավիճակը, ուստի, խորհէք եւ ձեռնարկէք անհրաժեշտ միջոցներ, թէեւ յուսով եմ, որ Հայաստանի կառավարութիւնը նոյնպէս խոհեմութիւն կը դրսեւորի եւ չի անտեսի Իրանի հնարաւորութիւնները։ Երրորդը՝ տեղի են ունենում պատմական զարգացումներ, ըմբռնելով Իրանի դիրքորոշումն ու ազգային շահերը, հարկաւոր է նշել, որ պատմութեան այս հանգրւանում աշխարհի հայերն ակնկալում են, որ Իրանը կը կատարի իր հաւասարակշռող դերակատարութիւնը եւ որպէս անվտանգութիւնն ապահովող գործօնի կը կատարի կենսական իր դերակատարութիւնը։

Իրանը ցեղասպանութիւն իրագործող կամ խրախուսող երկիր երբեւէ չի եղել, եւ այժ էլ չպէտք է լռել։ Քաղաքակիրթ եւ մշակութաստեղծ մեծ Իրանը հիմնւած է ոչ միայն անցեալի ձեռքբերումների, պատմական յուշարձանների կամ մշակութային շքեղութիւնների վրայ, այլ քաղաքակիրթ լինելը բնութագրւում է մարդկային բարձր արժէքների եւ նորմերի սահմանմամբ, արդարադատութեան եւ մարդկային արժանապատւութեան ամրապնդման ուղղութեամբ քայլերով: Սահմանադրութիւնը նոյնպէս վճռակամութիւն է ենթադրում այս հարցերում։

Հէնց հիմա մարդկութիւնն ու մարդկային արժանապատւութիւնն է ոտնահարւում Ղարաբաղում, ինչպէս դուք ասացիք, եթէ մենք չպայքարէնք ԴԱԷՇ-ի դէմ Սիրիայում եւ Իրաքում, ապա պէտք է կռւենք Թեհրանում այնպէս որ տեղեկացնենք, որ թեքֆիրականների հետեւորդ՝ Բաքւի ռեժիմի հայացքը յառնած է Թաւրիզին եւ երկրի հիւսիս արեւմտեան նահանգներին, Թեհրանին եւ Ղազւինին։ Ինձ չի հետաքրքրում համաշխարհային եւ տարածաշրջանային ճգնաժամը եւ երկրի ներքին գործերի այս իրավիճակում չեմ ցանկանում պատերազմի մէջ ներքաշւած տեսնել մեր սիրելի Իրանը, բայց երբ քննարկւում է բազմակողմ ազգային անվտանգութեան հարցը, մեր եւ հարեւանների անվտանգութիւնը միայն աշխարհագրական քարտէզներով չի սահմանափակւում ոչ էլ միայն աշխարհագրութեան գրքերում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button