ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան. ««3+3»-ը հակաթոյն էր քարտէզ փոխողների դէմ»

«ԱԼԻՔ» – Բաքւում Իրանի նախկին դեսպան Փաքայինը, ով նաեւ յայտնի է իր աղմկայարոյց եւ իրարամերժ յայտարարութիւններով Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման առիթով «Tweet» է հրապարակել, որտեղ նշւած է, որ «3+3» երկրորդ հանդիպման ուղերձն այն էր, որ Կովկասում պատերազմն աւարտւած է, եւ եկել է խաղաղութեան, համագործակցութեան եւ առաջընթացի ժամանակը։ «Տարածաշրջանի բոլոր երկրները պէտք է օգտւեն այս պատմական հնարաւորութիւնից»:

Նրա գրառումից ժամեր անց, երբ լրահոսի ճակատում յայտնւեց Արցախի գրաւեալ տարածքներում անցկացւող Անկարա-Բաքու համատեղ զօրավարժութիւնների մասին լուրը, նա ստիպւած անցնելով իր «պարտականութիւնների» կատարմանը հրապարակեց իր երկրորդ «Tweet»-ը պաշտպանելու «առաքելութեանը», սակայն դրանով նա աւելի շուտ կեղդալւայ արեց բանակցութիւնների էութեանը հակասող, եւ իրավիճակը լարող թուրքա-ադրբեջանական հերթական քայլը:

Փաքայինն իր երկրորդ գրառման մէջ նշել էր. «Բաքու-Անկարա համատեղ զօրավարժութիւնները պէտք է դիտարկել պաշտպանական փոխյարաբերութիւնների շրջանակում, եւ ըստ Ադրբեջանի նախագահի խորհրդականի՝ այն Հայաստանի Հանրապետութեան տարածքներին ուղղւած ռազմական գործողութիւնների նպատակով չէ արւած»:

Նա շարունակութեան մէջ գրել է, որ եթէ ​​Ֆրանսիան ու Թուրքիան (վերջինս երեւի նշել է, որ նախորդի վերաբերեալ լեզւին ազատութիւն տալն առաւել հեշտ լինի) կամ նման երկրները թոյլ տան, ապա Կովկասում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման գործընթացը արագացւելու է, եւ փոխարինելու կը գայ մրցակցութեան համագործակցութիւնը։

Նախկին դեսպանը, ով ինչպէս նշւեց յայտնի է նաեւ որպէս Բաքւի շահերի մեծ պաշտպանը Թեհրանում, եւ աւելի ուղիղ իմաստով հանդէս է գալիս Բաքւի լաբբիստի դերում, Սիւնիքի նկատմամբ Բաքւի նկրտումները, իսկ որպէս պատասխան՝ Իրանի կտրուկ արձագանգը փորձում է ներկայացնել, որպէս տարածաշրջանային մրցակցութիւն: Տողատակերում երեւացող իրականութիւնն աննկատ չի մնացել «Թւիթեր»-եան լսարանի կողմից, որոնք պատասխանելով նախկին դեսպանին նրան են յիշեցրել այն հազարաւոր դոլարների մասին, ինչը նա որպէս աշխատավարձ ստացել է ԱԳՆ-ից իր պաշտօնավարման օրօք, ինչի համար, սակայն, նրան կարծես չեն պարզաբանել, թէ նրա պաշտպանած ազգային շահերը «գետի» որ ափերին են:

Առաւել ուշագրաւ էր ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սաղայեանի արձագանգը Թեհրանի բանակցութիւնների գծով: Պրն. Սաղայեանը վերահրապարակելով բլոգեր-ակտիւիստ Ռեզա Շէյբանի Ասլի «Tweet»-ը, այն նշմարել է ՀԱԿԱԹՈՅՆ բառակապակցութեամբ եւ հասկացրել, որ գրառումով այն պարզ պատգամն է փոխանցւում, որ բոլոր կողմերին Թեհրան բերելով, յաջողւել է յօդս ցնդեցնել չարորակ ուռուցքի՝ «թուրքական աշխարհ» թիւրիմացութեան նկրտումները:

Ռեզա Շէյբանիի «Tweet»-ում նշւած է. ««3+3» երկրների ԱԳ նախարարների հանդիպումով Կովկասում վերջ տրւեց, յայտկապէս, նրանց նկրտումներին, ովքեր դեռ երկու տարի առաջ բարձրաձայնում էին այն տեսութեան մասին, որով մենք (Իրանը) պէտք է ընդունենք «Զանգեզուրի միջանցք»-ի իրականութիւնը եւ հնարաւորութիւններից օգտւելու համար պէտք է «թուրքական աշխարհի» մաս դառնանք»:

Իսկ գրառման վերջում հեղինակն առանց անուն նշելու, ակնարկելով որոշ պանթուրքիստական բջիջներին, յաւելել է. «Շատ էք աշխատել, երեւի յօգնած կը լինէք: Հանգստացէք մի քիչ։ Ձեր այդ կեղդալւան թաքցնելու համար պէտք չէ շարունակ հրապարակում անել «3+3» ձեւաչափի գծով»:

Փորձագէտների համոզմամբ՝ նոյն օրը Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մեհրդադ Բազրփաշի Հայաստան կատարած այցը եւ հրապարակաւ «Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանը» յայտարարութիւնը խօսում է համընդհանուր ծրագրի եւ դիրքորոշումների լրջութեան մասին:

Թեհրանի նիստը տարբեր փորձագիտական շրջանակների կողմից որակւել է, որպէս Թեհրանի կտրուկ պատասխանը տարածաշրջանի եւ, առհասարակ, Մերձաւոր Արեւելքի քարտէզը փոխել ցանկացողներին, որի հետ նոյնիսկ հաշւի է նստել Մոսկւան:

Չնայած Թեհրանի պատգամի յստակութեանը, թուրքական կողմը շարունակում է մեդիայի միջոցով գործադրած ճնշումներն ու հրապարակումները:

Թուրքական «Türkiye» աջակողմեան օրաթերթն իր այսօրւայ համարի առաջին էջում «Իրանը ճանապարհ է հարթում Իսրայէլի համար» վերնագրով «փախուստ դէպի առաջ» մեթոդն է որդեգրել: Այս մասին իր տելեգրամային ալիքում մեկնաբանութիւն հրապարակելով նշել է դոկտ. Էհսան Մովահեդեանը եւ յաւելել, որ թերթն իր յօդւածը նւիրել է Սոբհի Թաֆիլլիի հետ հարցազրոյցին, ով Լիբանանի «Հեզբօլլահ»-ի նախկին առաջնորդներից, իսկ Իսլամական Հանրապետութեան ներկայ հակառակորդներից մէկն է:

«Իրանը Իսլամական աշխարհի տրոյական ձին է, եւ իր կրօնական քաղաքականութեամբ հող է ստեղծել Արեւմուտքի եւ Իսրայէլի ներկայութեան համար։ Մուսուլմանները պէտք է իմանան, որ Իրանն ու Լիբանանի «Հեզբօլլահ»-ը երբեք կռւի մէջ չեն մտնելու Պաղեստինի եւ Գազայի ժողովրդին (պաշտպանելու) համար»,- նշել է Թաֆիլլին, գրում է Մովահեդեանը:

Առաւել ուշագրաւ մեկնաբանութիւն է հրապարակել ՀՈՒՍԿ-ն իր տելեգրամային ալիքում, որտեղ նշւած է, որ Էրդողանի եւ Ալիեւի միջեւ անհամաձայնութիւն կայ սիոնիստներին պաշտպանող Բաքւի դիրքորոշումների շուրջ:

Հասկանալով Իսլամական աշխարհի զգայնութիւնները, յատկապէս ներկայ պայմաններում, թուրքական մամուլը կուտակած մեծ փորձ ունի սրբագրելու նկատւող բացերն ու հակասութիւնները, ինչն այս դէպքում եւս նման տեղեկատւութեան արտահոսքի դրդապատճառներից մէկը կարելի է համարել:

ՀՈՒՍԿ-ն իր հրապարակման մէջ նշել է, որ Էրդողանը պահանջել է Բաքւից, որ դադարեցնի նաւթի մատակարարումն Իսրայէլին, սակայն Ալիեւը չի համաձայնւել:

Աղբիւրի համաձայն՝ տեղեկատւութիւնը տարածել է «Tolishmedia»-ն, յաւելելով. «Հասկանալի է, որ Ադրբեջանում պարտք են Իսրայէլին Ղարաբաղի հարցում իրենց օգնութեան համար, բայց արդեօք Ալիեւը չի՞ վախենում հակադրւել ողջ Իսլամական աշխարհին, յատկապէս, իր առանցքային դաշնակցին»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button