Հա
11/01/2020 - 10:10

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից յետոյ Իրան-Հայաստան առեւտուրն աճում է. Եարիջանեանի հարցազրոյցը IRNA-ում

Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան ազատ առեւտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցութիւն է ունեցել Իրանի եւ Հայաստանի առեւտրային յարաբերութիւնների վրայ:

«alikonline.ir» - Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան ազատ առեւտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցութիւն է ունեցել Իրանի եւ Հայաստանի առեւտրային յարաբերութիւնների վրայ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA-ին տւած հարցազրոյցում ասել է Իրան-Հայաստան առեւտրական պալատի ղեկավար Հերւիկ Եարիջանեանը:

«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրայ առաջարկւող սակագնային նւազեցումներ, եւ այս առումով որեւէ խնդիր չի առաջացել»,- ասել է Եարիջանեանը:

Նրա խօսքով՝ համաձայնագրի գործարկումից յետոյ այս ժամանակահատւածում Իրանի՝ Հայաստանի հետ առեւտրի ծաւալը էականօրէն տարբերւում է: Եարիջանեանը նշել է, որ հիմա իրանական արտադրանքը աւելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում տալիս է մրցակցային առաւելութիւն:

Նա նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանը Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդիւնաբերական գազ եւ կաշւէ իրեր: Եաիջանեանի խօսքով՝ առեւտրականները դեռ չեն սովորել արտօնեալ առեւտրի մասին համաձայնագրի գաղափարին, նա յոյս է յայտնել, որ այս գործարքի ընդլայնմամբ աւելի շատ իրանցի առեւտրականներ են ներգրաււելու հայկական շուկայ:

Աւելի վաղ Tehran Times-ը նշել էր, որ թէեւ ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որը նպատակ ունի Իսլամական պետութիւնը քաղաքական եւ տնտեսական առումով մեկուսացնել, սակայն դա յատկապէս տնտեսական սեկտորում Իրանի ու հարեւանների հետ յարաբերութիւնների վրայ չեն ազդել:  Հիւսիսարեւմտեան հարեւան Հայաստանն այդ երկրներից մէկն է, որը պահպանում եւ ընդլայնում է իր տնտեսական յարաբերութիւնները՝ անկախ պատժամիջոցներից:

Լրատւամիջոցը յիշեցրել է, որ՝ ինչպէս աւելի վաղ յայտնել էր Երեւանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսեն Ռահիմին, 2018-ին Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծաւալը հասել է ռեկորդային 364 մլն. դոլարի:

Նախորդ տարւայ հոկտեմբերի 27-ին ուժի մէջ է մտել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ դեռ 2018 թ. ստորագրւած՝ Ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիրը, որի գործողութիւնը նախատեսւած է երեք տարով: Դրանով մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքեր զրոյացւել կամ նւազեցւել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։