Մեր Մասին
Ալիք-ը հրատարակուում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպէս շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրեայ, իսկ 1941 թ.-ից օրաթերթ, 1965 թ.-ից էլ լոյս է տեսնում 8 էջով։ Հրատարակուել է առանց դադարի, միայն 1979 թ. յունուարին Իրանի յեղափոխութեան յաղթանակի նախօրեակին մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին՝ շուրջ 40 օր դադարել է հրատարակուելուց։ Ունի Հ.Յ.Դ.-ի գաղափարա-քաղաքական ուղղուածութիւն և իր բովանդակութեան առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը։ Հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանութիւնը, իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը, զանգուածների քաղաքականացումը և Իրանի բարգաւաճմանն ու վերելքին նպաստելը իր հնարաւորութիւնների սահմաններում են։
Նախապէս ունեցել է շեշտուած հակախորհրդային դիրքորոշում՝ ի նպաստ հայ ժողովրդի անկախութեան վերականգնման։
Հայաստանի անկախացումից յետոյ պաշտպանել է օրաւոր զարգացող Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը՝ ամրագրուած փոխադարձ շահերի հիման վրայ։
Ալիք-ի արտօնատէրերն են եղել՝ դոկտ. Վարդան Յովհաննիսեանը, դոկտ. Արտաշէս Բաբայեանը, դոկտ. Ռոստոմ Ստեփանեանը և ճարտարապէտ. Ալբերտ Աճեմեանը։ Իսկ տարբեր տարիների խմբագիրներից պիտի նշել՝ Յովսէփ Թադէոսեանին, Երուանդ Հայրապետեանին, Անդրէ Տեր-Օհանեանին, Յովսէփ Յովհաննիսեանին, Տաճատ Պօղոսեանին, դոկտ. Բաղդիկ Մինասեանին, Արսէն Մամեանին (խմբ. պատասխանատու), Հրայր Խալաթեանին, Էդւարդ Երիցեանին, Էդւարդ Ղահրամանեանին, Նորայր Էլսայեանին և Սեդա Դաւթեանին։ Ներկայիս, 2004 թ. մարտից, օրաթերթը խմբագրում է Դերենիկ Մելիքեանը։
1961-63 թթ. հրատարակուել է «Ալիք» ամսագիրը, իսկ 1969-78 թթ.՝ «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթը։
Ունեցել է «Շարժում», «Հայ երիտասարդ», «Ուսանողական էջ», «Գրական», «Էջ 404» յաւելուածները։ Ներկայիս ունի երիտասարդական «Խաչմերուկ» և «Մանկական էջ» յաւելուածները։
Հրատարակել է իրանահայ դպրոցների դասագրքեր, հայերէն ու պարսկերէն գրքեր և տպագրական այլազան պատուէրներ։ Բազմիցս մասնակցել է Իրանի մամուլի ցուցահանդէսներին։
Ալիք-ի խմբագրատունը 1998 թուականին, փոխադրուեց իր նոր շէնքը, իսկ տպարանը 2006 թուականին փոխադրուեց այդ նոյն շէնքը։
Ներկայիս տպագրուում է 4350 տպաքանակով, ունի բաժանորդներ՝ Իրանի հայահոծ քաղաքներում և սփիւռքի զանազան գաղթօջախներում։ 2001 թ. յունուարի 23-ից «Ալիք»-ը տեղադրուում է համացանցի վրայ։
2007 թուականին լոյս տեսաւ «Ալիք»-ի հիմնադրման 75-ամեակի առթիւ պատրաստուած գիրքը։