Հայաստան - Արցախ

Իրենք պատրաստ են անել աւելին, եթէ վարչապետի աթոռը իրենց վստահւի․ Փաշինեանը վախենալու բան ունի

Բորիս Մուրազի

Politik.am կայքի գլխաւոր խմբագիր

 

Հայաստանի իշխանութեան ղեկը իրենց ձեռքում պահող թիմի առաջին շարքերում հակառուսականութեան շքերթ է։ Փաշինեանի թիմի առաջին դէմքերը իրար հերթ չտալով անում են կտրուկ, գրեթէ միշտ անպատասխանատու յայտարարութիւններ հայ-ռուսական յարաբերութիւնների մասով։

Ալէն Սիմոնեան, Արարատ Միրզոյեան, Արմէն Գրիգորեան եւ իհարկէ Նիկոլ Փաշինեան։ Այս չորս գործիչներն են հիմնականում հակառուսական գործողութիւնների իշխանական շարժիչը։ Արդարութեան համար պէտք է նկատել, որ յաճախ Նիկոլ Փաշինեանն առաւել զուսպ է, քան օրինակ Ալէն Սիմոնեանն ու Արմէն Գրիգորեանը։ Յատկապէս նշւած երկու գործիչները անում են յայտարարութիւններ, որոնք արժանանում են ռուսական կողմի ամենախիստ արձագանգին։

Օրերս Արմէն Գրիգորեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, թէ Արցախը Ադրբեջանին տւել են ոչ թէ իրենք, այլ Ռուսաստանի Դաշնութիւնը։ Այս յայտարարութեանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արմէն Գրիգորեանին անւանեց քարտուղարուհի։

Ալէն Սիմոնեանն էլ Լատւիա կատարած այցի ընթացքում յայտարարել էր, թէ ցանկանում են դառնալ ԵՄ մաս․ «Մենք կիսում ենք Լատւիայի եւ ԵՄ միւս անդամ երկրների արժէքները, ուստի մեզ նրանց աջակցութիւնն է պէտք՝ ԵՄ ընտանիքի լիիրաւ անդամ դառնալու համար»,-ասել էր նա։

Իսկ ահա Արարատ Միրզոյեանը օրերս հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Հակառուսականութեան այս շքերթը շատերի համար անհասկանալի է, բայց իրականում ունի պարզ բացատրութիւն։

Իշխանութեան ներսում լաւ են հասկացել, որ իրենց իշխանութիւնը պահում է միայն Արեւմուտքը ու եթէ ցանկանում են շարունակել իրենց դիրքերի պահպանումը, ապա պէտք է ցոյց տան քեռի Սեմին, որ իրենք եւս թրենդից հետ չեն մնում եւ հակառուսականութեան ջահակիրներ են։

Այս տեսանկիւնից, երբ նայում ես՝ ամէն բան իր տեղն է ընկնում եւ յստակ ունենում է բացատրութիւն։ Հակառուսականութեամբ, Հայաստանի անվտանգութեան ու ապագայի հաշւին այս մարդիկ տուն են պահում ու լուծում են իրենց ապագայ պաշտօնավարման հարցը։ Եթէ յանուն պաշտօնի պէտք լինի, ապա իրենք կարող են հրապարակային վարքով վերադառնալ իրենց ընդդիմադիր ժամանակներ ու նորից Երեւանում վառել Ռուսաստանի դրօշներ։

Յ. Գ. – Ի դէպ ՔՊ-ականների խանդավառ հակառուսականութիւնը վտանգներ է ստեղծում նաեւ Փաշինեանի համար, քանի որ օրինակ Արմէն Գրիգորեանի կամ Ալէն Սիմոնեանի առաւել կոշտ հակառուսական դիրքը կարծես ակնարկ է Քեռի Սեմին, որ այստեղ կան նաեւ իրենք, ովքեր Փաշինեանից առաւել հակառուս են ու, եթէ իշխանութեան ղեկին գտնւողի փոփոխութեան հարց առաջանայ, ապա իրենք պատրաստ են անել աւելին, քան Փաշինեանը, եթէ իրենց վստահւի վարչապետի աթոռը։

Related Articles

Back to top button