Հայաստան - Արցախ

Այս շարժումը կարող է վերափոխւել, բայց չի մարելու, սա ազգային վշտի եւ ցաւի ըմբոստութիւն է

Պետութիւնն ու Եկեղեցին հակադրելու, իսկ յետոյ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ արշաւ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանութեան եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վէպը: Այն հատւածաբար տպագրւում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձաւ: Դեռ այն ժամանակւանից սկսած ցանկացած յարմար առիթով ասել եմ՝ օր առաջ, ժամ առաջ ազատւէք այս տեսակից: Սա վատ, ներդրւած տեսակ է: Հարկաւոր է շուտափոյթ հզօրացնել ազգային արժէհամակարգը: Բայց, ցաւօք, պարզւեց, որ կան բաւականին շատ մարդիկ մեր հասարակութեան մէջ, որոնք այսօր քանակ են կազմում եւ որոնք ընդունեցին հակադիր, դաւաճանական կեցւածք իրենց ազգային արժէքների եւ սրբութիւնների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հաւատն է, սրբութիւնն է, ինչպէ՞ս կարելի է նրա դէմ դուրս գալ: Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել եւ ասել, որ այս անհատը չարաշահել է հոգեւոր առաջնորդի, հոգեւոր հօր լիազօրութիւնները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու եւ հաւատի դէմ, դա դաւաճանութիւն է ազգային սրբութիւններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժէքները ստեղծւել են եկեղեցու հովանու ներքոյ: Մեր պատմութիւնը դա է ցոյց տալիս»,- «Փաստի» հետ զրոյցում ասում է գրող, հրապարակախօս Դաւիթ Մկր. Սարգսեանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղւած այս հարւածները պատահական չէին, քանի որ օրւայ իշխանութիւններն ունէին այն գիտակցումը, որ ծանրագոյն պահին Եկեղեցին կը ստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարւածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանաւորւում է ազգային ինքնութիւնը: Տգէտ են, փողոցային՝ իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լաւ խորհրդատուներ, որոնք իրենց յուշում են, թէ ինչ պէտք է անել, որից յետոյ որ քայլը պէտք է անել, որովհետեւ չմարդի մտածողութեամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրութեան մէջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ՝ իսկապէս գեներալ ընկերները, ոչ թէ Գուրգէն Մելքոնեանի նման, ասում էին՝ մեր կենսագրութիւնը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հաւաքւի: Սրանցից որի կենսագրութիւնը նայէք, փուչ արարածներ են, ընդամէնը կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դեզի առաջ կանգնել, լափել այդ դեզը եւ ասել, որ երջանիկ են»,-նշում է նա:

Եկեղեցուն հարւածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակութիւնը սեւացնում են, նա ստին ճշմարտութեամբ է արձագանգում: «Եկեղեցին հոգեւոր հաւատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դէմ: Հիմա յաճախ են, չէ, ասում՝ հանգաւ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո, ցաւը, ըմբոստութիւնը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողութեան խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձեււել, վերափոխւել, առաջնորդները փոխւեն, բայց սա ազգային վշտի եւ ցաւի ըմբոստութիւնն է: Իմ կողքին ցոյցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրայ էր գնում, ոչ թէ հետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցաւվ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պէ՞տք է շարժւի: Լաւ, նրանցից որեւէ մէկի մայրն իրեն չի ասո՞ւմ՝ տղա՛ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարւածում: Այս ամէնն աններելի է նաեւ հաւատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թէ այս ամէնը հակահայ գործողութիւններ են, ասում եմ՝ հակամարդ է այս ամէնը, մարդկային չէ»,-յաւելում է հրապարախօսը:

Ասում է՝ չի կարելի հեծանիւ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառութիւնից, դաւաճանութիւնից դենն է: «Երբեմն կառավարութեան նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դէմ կա՞յ, չկայ», եւ այդպէս շարունակ: Ինչպէ՞ս կարող են դէմ լինել, երբ բոլորը նոյն սանրի կտաւն են: Բնականաբար, այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարութիւնն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտւած է ամէնը, շատ լաւ գիտեն, որ եթէ վաղն իշխանափոխութիւն եղաւ, բոլորն անխտիր դատապարտւելու են: Հետեւաբար, ամէն ինչ անելու են, որ մնան իշխանութեան: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նոյնիսկ ներքին պատերազմի: Պէտք է նրանց դէմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետեւ բարոյականութիւնը, սահմանադրականութիւնն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատւութեան, ասել՝ ամօթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթէ դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպէ՞ս կարող ես դասական հագնւած կանգնել եւ խօսել խուլիգանի հետ: Խուլիգանի հետ խօսելու միայն մէկ ձեւ կայ… Եթէ լինի ազգային միաբանութիւն, երեւի թէ հէնց իրենց տէրերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արիւն թափւի: Իրենք մարդատեաց են, մարդ չեն, սատանայ են: Լաւագոյն ելքը կը լինի այն, որ իրենց տէրերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլեւս չի կարողանում տանել այս դաւադիր խաղերը, ստախօսութիւնը, խաբկանքը, դաւաճանութիւնն ու դաւադրութիւնը: Ինչպէս իւրաքանչիւր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս՝ լաւ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանութիւնից ազատւենք, եւ գան ազգային, պետական մտածողութիւն ունեցող մարդիկ, ոչ թէ Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած եւ երկրով մէկ շրջող ու ցուցադրող, եռագոյն աւազի ժամացոյցն ի ցոյց դնող, ջուրը սեղանի վրայ լցնող մէկը: Այս ամէնը զզւելի ու անտանելի է, իսկ եթէ մի բան զզւելի ու անտանել ի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագայ կեանքի մասին»,-ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողութիւնը փոխեցին, ունեցանք այս արդիւնքը: Հնարաւոր է մարդկանց դարձի բերել եւ միաւորել ոչ թէ անհատների, այլ պետութեան եւ հաւատի շուրջ: «Միշտ ասել եմ՝ անկախ չենք կարող լինել եւ անկախ չենք: Երբ անկախութիւն կոչւած խաբկանքը դրել են մեր մէջ, այդ օրւանից սկսած մեր երկրում աշխատել են օտար գործակալներ եւ լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով եւ այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսւում եւ աւարտւում են իշխանափոխութիւնից: Որեւէ պաշտօնեայ իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամէնը, ինչ ասելու է իրենց գլխաւոր գերագոյն հրամանատարը, որովհետեւ նա էլ թոյլ է տալիս, որ ահաւոր չափերով լափեն: Այս է իրականութիւնը:

Ըստ իս, սրանցից ազատւելու համար նախ պէտք են կտրուկ գործողութիւններ, պէտք է նաեւ բաւականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել՝ տես, հարեւանդ ով է, որ քեզ ուտում է: Ադրբեջանցին ի՞նչ է տւել համաշխարհային մշակոյթին, գիտութեանը, եւ դու ի՞նչ ես տւել: Համեմատիր դա: Յաճախ ասում են, որ մշակոյթների կռիւ է, բայց ոչ, սա մշակոյթի եւ հակամշակոյթի կռիւ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու՝ իսկ աւելի լաւ չէր գիտութեամբ, գրչութեամբ, մշակոյթով չզբաղւէինք, այլ սուր սրէինք, վայրենի լինէինք, որ այս համաշխարհային խայտառակութիւններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտւում է բարբարոսութեանը, ուրեմն, դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարեւանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ յետեւեց: Դէ, Ամերիկան, Եւրոպան յաջորդ ցեղասպանութիւնից յետոյ կը գան այստեղ որբանոցներ կը կառուցեն, հումանիտար օգնութիւն կը տան:

Մարդկային արժէքների կրող են, այդ դէպքում ինչո՞ւ թոյլ տւեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնայ այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակութիւնը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պէտք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պէտք է աշխատանք տանել, ազնիւ, արդարամիտ մարդիկ են պէտք: Ու կը փոխւի ամէն ինչ: Շատ հիասթափւած եմ, բայց երբեք չեմ յուսահատւում: Քանի կամ, պատրաստ եմ զէնքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպէս եւ իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տւեցին մեր պետութեանը: Երազում անգամ չէի կարող երեւակայել, թէ փողոցային խուժանը ինչպէս կարող է երկիր ղեկավարել»,-եզրափակում է Դաւիթ Մկր. Սարգսեանը:

ԼՈՒՍԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Related Articles

Back to top button