Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազանը Շիրակի մարզում է

«ԱԼԻՔ» – Մարզային այցերի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 4-ին Բագրատ Սրբազանն ու Սրբազան պայքարի ակտիւիստները մեկնել են Շիրակի մարզ:

Շիրակի մարզում, նրանց առաջին կանգառը եղել է Սառնաղբիւր համայնքը: Համայնքի բնակիչները Սրբազանին եւ նրա ուղեկիցներին դիմաւորել են Կարմիր վանքում:

Համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Բագրատ Սրբազանն անդրադառնալով պայքարին՝ ասել է. «Եթէ ոմանց համար կարեւորն իրենց գլուխն ու ստամոքսն է, մեզ համար գլխաւորը մեր տղերքին հայրենիքը, պատիւն ու երազանքը վերադարձնելն է»:

Նա յաւելել է. «Ինձ իմ Տէր Աստւած ասել է՝ գնա՛ ժողովրդին ասա, ես էլ եկել եմ ասելու։

Կընդունեն՝ շատ լաւ, չեն ընդունի՝ արիւնը քեզնից չեմ պահանջելու, արիւնը թող իրենց գլխին լինի։

Ես սա ձեր միջոցով բոլորին եմ ասում, շինական լինեն, քաղաքական գործիչ, թէ պաշտօնեայ։

Իմ ձեռքերն այդ արիւնից ազատւած կը լինեն այն ժամին, երբ հանդիպելու կը լինեմ իմ Տիրոջը։ Այդ արիւնը թող լինի բոլոր նրանց գլխին, ովքեր այդ խօսքը կամ ապրումը չեն կարող ընկալել ու ընդունել»:

Խօսելով Սրբազան պայքարի նպատակների մասին, Բագրատ Սրբազանն ընդգծել է. «Ոտքի ենք կանգնել հայրենիք ու պատիւ ունենալու համար։ Այս երկու բառն էլ, երկու գաղափարն էլ այսօր խլւած է մեզանից։ Մենք այս պայքարը սկսել ենք, որպէսզի նեռին ասենք, որ դու ստախօս ես, խաբեբայ ու վախկոտ։

Եթէ կայ մարդ, որը գլուխը հանգիստ դնում է բարձին, առաւօտեան էլ իրենից գոհ արթնանում է, ուրեմն նա չմարդ է։ Այս պայքարը նիւթականացւած պայքար չէ, չակնկալիքների պայքար է։ Բոլոր այն մարդիկ, որոնք ներգրաււած են այս պայքարում, ձգտում են վերականգնել արդարութիւնը, պատիւը, հայրենիքն ու ուրախութիւնը»:

Սրբազանը եւ նրա ուղեկիցներն այցելել են Սառնաղբիւրի պանթէոն, ուր յարգանքի տուրք են մատուցել յանուն հայրենիքի ընկած հերոսների յիշատակին: «Մեր հերոսների շիրիմներին այցելելն ուխտի եւ երդումի առիթ է»,- ասել է Սրբազանը:

Նրանք եղել են նաեւ Գրիգոր Լուսաւորչի ճգնավայրում, ուր աղօթել են առ Աստւած:

Related Articles

Back to top button