Հայաստան - ԱրցախՔաղաքական

Էդւարդ Շարմազանով. «Ինչ-որ փուլում երեւի պայմանաւորւած պատերազմ կը սանձազերծւի՝ ի շահ Բաքւի»

«ԱԼԻՔ» – Չեմ բացառում, որ Ադրբեջանին ինչ-որ բան զիջելու համար ինչ-որ փուլում պայմանաւորւած պատերազմ բռնկւի։ Դրա մասին News.am -ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդւարդ Շարմազանովը։

Նա Ադրբեջանի կողմից յարձակման սպառնալիքի հաւանականութիւնը մեծ է համարում։ Շարմազանովը չի բացառել նաեւ, որ Փաշինեանը երեւի տարբեր ուժերի տարբեր բաներ կը խոստանայ՝ յանուն իր իշխանութեան պահպանման:

«Մենք գործ ունենք ոչ թէ մի գործընթացի հետ, որը պէտք է յանգեցնի Երեւանի եւ Բաքւի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը, այլ Հայաստանի թուրքացման գործընթացի հետ։

2020 թւականից յետոյ Թուրքիայի դերը տարածաշրջանում մեծացել է, այդ թւում՝ Հայաստանի իշխանութիւնների ջանքերով։ Թուրքիայի իշխանութիւնները բազմից ասել են, որ Երեւանը պէտք է ընդունի Բաքւի բոլոր պայմանները, որը խօսում է Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու, նրան միջանցք տրամադրելու եւ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու պահանջի մասին։ Միաժամանակ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանի բռնազաւթւած տարածքներից իր զօրքերը դուրս չի բերի։

Որտե՞ղ է այստեղ Ադրբեջանի փոխզիջումը։ Սա խաղաղութեան պայմանագիր չէ, այլ կապիտուլացիայի փաստաթուղթ»,- նշել է քաղաքական գործիչը։ Նա վստահութիւն է յայտնել, որ Ադրբեջանին խաղաղ պայմանագիր պէտք չէ։

«Նրա ինչի՞ն է պէտք այդ պայմանագիրը, եթէ նա երկնային մանանայ է ստացել ի դէմս Փաշինեանի, որը յանձնում է այն ամէնը, ինչ Բաքուն է ուզում։ Անգամ առանց հաշտութեան պայմանագրի նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Ադրբեջանին յանձնեց Տաւուշի 4 գիւղ ու Գորիս-Կապան ճանապարհի մի հատւածը։ Ընդորում, հայ ռազմագերիները մինչեւ օրս Ադրբեջանից չեն վերադարձւել։

2021-ի գարնանը Փաշինեանը վստահեցնում էր, թէ Գորիս-Կապան ճանապարհի մի հատւածը յանձնել է, որ միջանցքային տրամաբանութիւն չլինի: Այնուհետեւ յանձնեց Լաչինի միջանցքը, յետոյ ամբողջ Ղարաբաղը, հայերին վտարեցին այնտեղից, բայց Ադրբեջանը այսքանից յետոյ էլ չհրաժարւեց միջանցքային տրամաբանութիւնից։ Քանի դեռ ներկայիս իշխանութիւնները երկրի ղեկին են, նրանք միշտ զիջելու են»,- ասել է Շարմազանովը։ Նա ենթադրել է, որ խաղաղութեան պայմանագրի փոխարէն երեւի ինչ-որ յուշագիր կը ստորագրւի՝ Արեւմուտքի հեղինակութիւնը բարձրացնելու համար։

«Տեղեկութիւն եմ ստացել, որ Նիկոլ Փաշինեանը կրկին ուզում է անցնել Պուտինի կողմը՝ իր քաղաքական թիմի գլխին սարքելով։ Նա յանուն իր իշխանութեան պատրաստ է զոհաբերել բոլորին ու ամէն ինչ»,- եզրափակել է ՀՀԿ մամուլի քարտուղարը։

Related Articles

Back to top button