Այլ

Օգտակար սննդակարգը պաշտպանում է դեմենցիայից

Հաւասարակշռւած սննդակարգը մանուկ եւ երիտասարդ տարիքում օրգանիզմին հսկայական պաշար է տալիս ամբողջ կեանքի ընթացքում առողջ լինելու, այդ թւում  ճանաչողական ունակութիւնների պահպանման համար: Գիտնականներն այս եզրակացութեանն են հանգել՝ հիմնւելով Մեծ Բրիտանիայում գրեթէ 70 տարի շարունակւող հետազօտութեան արդիւնքների վրայ:

Այս ամբողջ ընթացքում մասնագէտների ուշադրութեան կենտրոնում է եղել 3000 բրիտանացիներից բաղկացած խումբը։ Փորձի մասնակիցներին հետեւել են նրանց 4-ից մինչեւ 70 տարեկանը: Պարզւել է, որ նրանք, ովքեր աւելի շատ կերել են բանջարեղէն, մրգեր, հատիկաընդեղէն եւ ամբողջական ձաւարեղէն եւ աւելի քիչ՝  աղ, աւելացւած շաքար եւ ռաֆինացւած հացահատիկ, ծեր տարիքում աւելի լաւ ճանաչողական գործառոյթ են ունեցել:

Բացայայտւել է նաեւ հակադարձ փոխկապակցութիւնը․ ճանաչողական բարձր ունակութիւններ դրսեւորած տարեցների խմբում 8%-ն ամբողջ կեանքում սնւել է ցածրորակ, իսկ 36%-ը՝ բարձրորակ սննդակարգով։ Ծեր տարիքում ճանաչողական ցածր ունակութիւններ ունեցող մարդկանց շրջանում 58%-ը յայտնել է, որ վատ է սնւել կեանքի ընթացքում, եւ միայն 7%-ն է հետեւել սննդակարգի:

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ այն մարդիկ, որոնք սկսել են առողջ սնունդ օգտագործել վաղ, յատկապէս մանուկ եւ երիտասարդ տարիքում, աւելի լաւ են պահպանել յստակ մտածողութիւնը: «Սա վկայում է, որ վաղ տարիքում որոշակի մթերքների օգտագործումը կարող է հետագայում ազդեցութիւն ունենալ մեր սննդակարգի ընտրութեան վրայ, եւ որ ժամանակի ընթացքում մեր սննդակարգի տեսակը ազդում է ճանաչողական կարողութիւնների զարգացման եւ պահպանման վրայ»,- նշել է հետազօտութեան համահեղինակ, Թաֆթսի համալսարի գիտաշխատող Քելլի Կարան:

Կարան ուսումնասիրութեան առաջին, դեռեւս չհրապարակւած արդիւնքները ներկայացրել է Չիկագոյում անցկացւած Սննդի ամերիկեան ընկերութեան տարեկան համաժողովում: Գիտնականների համար դեռ պարզ չէ, թէ ինչպէս է առողջ սննդակարգն ազդում մտաւոր գործառոյթների վրայ։ Չի բացառւում, որ փոքր տարիքի երեխաները ճանաչողական խթան են ստանում վիտամիններով հարուստ սննդակարգից, որը պահպանւում  է նրանց մեծանալուն զուգընթաց:

Հետազօտութեան արդիւնքները նաեւ ընդգծում են «սննդակարգի երկարաժամկէտ ազդեցութիւնը, քանի որ ուղեղի փոփոխութիւնները, որոնք յանգեցնում են ճանաչողական կարողութիւնների նւազման եւ տկարամտութեան, կարող են սկսւել հիւանդութեան ախտանշանների ի յայտ գալուց տարիներ կամ տասնամեակներ առաջ»: Euronews-ին տւած հարցազրոյցում այս շեշտադրումն է արել  բելգիացի հետազօտող Բուշրա Դալիլէն, որը զբաղւում է  սննդակարգի, աղիքների առողջութեան եւ ստրեսի միջեւ կապի ուսումնասիրութեամբ:

Ճանաչողական կարողութիւնները հիմնականում բարելաււում են միջին տարիքում, բայց նւազում են 65 տարեկանից յետոյ:  Այդ ժամանակ կարող են ի յայտ գալ աւելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ դեմենցիան։ Ըստ Դալիլէի, սննդակարգի տեսակը անմիջապէս չի յանգեցնում տեսանելի արդիւնքների, ուստի չափազանց կարեւոր է երիտասարդ տարիքում հոգ տանել ափսեի պարունակութեան մասին։

Հետազօտութեան հեղինակները նշել են, որ առայժմ ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի հիմնականում սպիտակամորթ բնակչութեանը՝ խոստանալով լրացուցիչ ուսումնասիրութիւն անել՝ սննդակարգի եւ ուղեղի առողջութեան միջեւ կապը տարբեր խմբերում, այդ թւում՝ ռասայական խմբերում աւելի լաւ հասկանալու համար:

News.am

Related Articles

Back to top button